HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պարզաբանումներ՝ Արցախից տեղահանվածների նպաստների եւ կենսաթոշակների վերաբերյալ

Նարինե Դանիելյանը Արցախից է։ 2023 թվականի սեպտեմբերին տեղահանվելուց հետո՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանում ծնվել է նրա առաջնեկը։ Նարինեն այդ ժամանակ դեռ հաշվառված չէր Հայաստանում, հաշվառվել է հունվարի 3-ին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝վարձով բնակարանում։ Նա դեռևս չի ստացել երեխայի ծննդյան նպաստը։

2020 թվականի հունվարի 9-ին որոշմամբ առաջին և երկրորդ երեխայի համար նպաստը 300 000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի համար 1 մլն դրամ աջակցություն է տրամադրվում։ Հայաստանում հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու պարագայում 1․5 մլն դրամ է տրամադրվում ընտանիքին:

2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած որոշումը տարածվում է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների վրա։

Նարինեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում բացատրել են, որ քանի դեռ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում, չի կարողանա օգտվել երեխայի ծննդյան նպաստից։

Նարինեն 2023-ի դեկտեմբերի 26-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում դիմում է գրել երեխայի ծննդյան նպաստը ստանալու համար, բայց դեռևս արձագանք կամ պատասխան գրություն չի ստացել։

Նարինեն չի ստացել նաև երեխային միանվագ տրամադրվող 100 000 դրամ օգնությունը։ Այս դեպքում նրան բանավոր ասել են՝ քանի որ երեխան ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, միանվագ 100 000 դրամ աջակցության շահառու չի դառնում։ Նարինեն դեռևս սպասում է իր դիմումի պատասխանին։

Նորա Ավագյանը նույնպես դեռ չի ստացել երեխայի ծննդյան նպաստը։ Նորան դեկտեմբերի 13-ին է ծննդաբերել։ Նրան ասել են, որ մինչև 2 տարեկանը պետության կողմից երեխայի խնամքի համար տրամադրվող ամենամսյա օգնության շահառու դառնալու համար պետք է դիմում ներկայացնել երեխայի ծննդից 70 օր հետո։

«Հղիության նպաստ դեռ չեմ ստացել, աշխատում էի, հոկտեմբերի 10-ին հղիության 30 շաբաթականս լրացավ, ու քանի որ արդեն հոկտեմբերի 1-ից նախարարությունները լուծարվեցին, հղիության նպաստ աշխատավայրից չտվեցին։ Հետո դիմեցի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Միասնական սոցիալական ծառայություն, ոչ ոք հստակ ոչ մի բան չգիտեր, այդպես էլ թուղթը մնաց ձեռքիս։ Հետո ասացին՝ պիտի հաշվառվենք, որ մայրության նպաստից օգտվենք։ Երեխայի ծնունդից հետո դեռ հղիության նպաստի թուղթն  եմ հանձնել դեկտեմբերի վերջին, ասել են, որ դեռ փետրվարի կեսից հետո պարզ կլինի՝ կտա՞ն, թե ոչ։ Ի՞նչ ասել է՝ նոյեմբերի 29-ին ծնված արցախցի երեխաները և ստանում են 100 հազար միանվագ աջակցությունը և 40+10 աջակցությունը, իսկ դեկտեմբերի 2-ին ծնվածները չեն ստանում, սրանք հարցեր են, որոնց պատասխանները ոչ ոք հստակ չի տալիս»,-պատմում է Նորան։

Վերջին շրջանում «Հետքի» արցախցի ընթերցողները աջակցության տարբեր ծրագրերի հետ կապված բարդությունների առնչությամբ դիմում են խմբագրություն։ Ամենահաճախ տրվող հարցերի վերաբերյալ «Հետքը» պարզաբանում է խնդրել շխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Եթե Արցախի քաղաքացին տեղահանվելուց հետո Հայաստանում երեխա է ունեցել, կարո՞ղ է ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստ Հայաստանի Հանրապետությունից։

Ըստ նախարարության,  եթե նոր ծնված երեխան հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով, ապա հայտը դիտարկելուց հետո, ամենայն հավանականությամբ, կդառնա ծրագրի շահառու, եթե Արցախում չի օգտվել ծննդյան նպաստից (երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում)։

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմելիս ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի տվյալները նույնականացվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալներով։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կարող է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար, եթե դիմող ծնողը եւ երեխան հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, Լեռնային Ղարաբաղում այդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել»,-ասվում է նախարարության պատասխանում։

Ստացվում է, որ Արցախից բռնի տեղահանվածները, որոնք տեղահանվելուց հետո Հայաստանի Հանրապետությունում երեխա են ունեցել, կարող են դիմել երեխայի ծննդյան նպաստ ստանալու համար, եթե հաշվառվել են ՀՀ֊ում, և նրանց տվյալները նույնականացվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալներով։

Նախարարությանը հարցրել էինք նաեւ Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում մահացած քաղաքացիների մասին։ Արդյոք նրանց հարազատները կարող են թաղման նպաստ ստանալ։ 

Նախարարությունից հայտնել են, որ Արցախից  բռնի տեղահանված անձի մահվան դեպքում Հայաստանի Հանրապետությունում կնշանակվի թաղման նպաստ միայն այն դեպքում, եթե նա Հայաստանի Հանարապետությունում դիմել էր կենսաթոշակի (ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի) նշանակման համար եւնշանակվել էր կենսաթոշակ կամ նպաստ։ 

Քանի որ Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների և նպաստների դիմումների հայտերի ժամկետը մեկնարկել էր նախորդ տարվա դեկտեմբերի 11-ից, հետևաբար մինչև դեկտեմբերի 11-ը մահացած քաղաքացիների հարազատները չեն կարողանա դառնալ թաղման նպաստի շահառու։

Արցախից բռնի տեղահանված ու մինչև դեկտեմբեր ամիսը Հայաստանի Հանրապետությունում մահացած քաղաքացիների կենսաթոշակների առնչությամբ նախարարությունը պարզաբանել է, որ եթե բռնի տեղահանված անձը մահացել է հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին, ապա նա չէր կարող հանդիսանալ կենսաթոշակառու, քանի որ կենսաթոշակների և հաշմանդամության թոշակների դիմումների հայտերի ընդունումը մեկնարկել է 2023 թվականի  դեկտեմբերի 11-ին։ Ուստի, նրա մահվան դեպքում չէր կարող առաջանալ չվճարված կենսաթոշակի գումար: 

«Եթե հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում նշանակված եւ Լեռնային Ղարաբաղի իրավասու կենսաթոշակային մարմնի կողմից չվճարված կենսաթոշակի գումարին, ապա վերոնշյալ իրավական հիմքով այն ենթակա չէ հաշվարկման եւ  վճարման»,-ասված է նախարության պատասխանում։

Լուսանկարը՝ Անյա Սարկիսովայի/Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter