HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավիաաղետ Գութանասարի վրա. ինչպես հրամանին չենթարկվող օդաչուն կործանեց ինքնաթիռը

Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի տարածքում տեղի ունեցած, ինչպես նաեւ հայկական ավիացիային առնչվող պատահարները, որոնց ժամանակ ոչ միայն օդանավեր են շարքից դուրս եկել, այլեւ շատ դեպքերում մարդիկ են զոհվել:

1943 թ. մարտի 2-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով 2 մարդ զոհվեց: Հետագայում պարզվեց, որ այդ ամենի պատճառն օդաչուի ծայրաստիճան փնթի եւ հանցավոր վերաբերմունքն է գործի նկատմամբ:

1939-ից ԽՍՀՄ-ում սկսվել էր «ՊՍ-84» տիպի ինքնաթիռների սերիական արտադրությունը, բայց հետաքրքիրն այն է, որ սրանք ոչ թե հայրենական նախագիծ էին, այլ թողարկվում էին ամերիկյան լիցենզիայով եւ ամերիկյան «Douglas DC-3» օդանավի նմանությամբ, չնայած արտադրության մեջ օգտագործվում էին խորհրդային հումք, դետալներ եւ սարքավորումներ:

1941-ին արտադրված եւ СССР-Л3495 գրանցումը կրող «ՊՍ-84» օդանավը 1941-1942 թթ. գրանցված էր Քաղաքացիական օդանավատորմի մերձբալթյան հատուկ ավիախմբի կազմում: 1942-ին այն տեղափոխվեց Կիեւյան հատուկ ավիախմբի շարժակազմ: Եվ ահա 1942-ի հունիսի 1-ի զեկույցից տեղեկանում ենք, որ Հարավարեւմտյան ռազմաճակատին սպասարկող Կիեւյան հատուկ ավիախմբի այս ինքնաթիռը եղել է այն օդանավերի թվում, որոնք մինչեւ օրվա ավարտ չեն վերադարձել առաջադրանքի կատարումից: Նշվել է, որ «ՊՍ-84»-ի հրամանատար Կացիտաձեն Գորկի քաղաքից է (ներկայում՝ Նիժնի Նովգորոդ):

Թվում է, թե օդանավը կործանվել է, սակայն դրա մասին կրկին տեղեկություններ են հայտնվել 1942-ի օգոստոսին, երբ Կիեւյան հատուկ ավիախումբն արդեն ենթարկվում էր Ստալինգրադի ռազմաճակատին: Ավիախմբի գործունեության հաշվետվության մեջ նշվում է, որ 1942-ի օգոստոսի 13-ին կապիտան Ամբերգի Կացիտաձեի «ՊՍ-84» ինքնաթիռը, որը գտնվում էր իր բազավորման վայրում՝ Սրեդնյայա Ախտուբայի աերոդրոմում, օդից հարձակման է ենթարկվել հակառակորդի կործանիչի կողմից: Գնդակոծությունից օդանավը բավականաչափ վնասվել էր, վիրավորվել էին նաեւ բորտ-մեխանիկն ու բորտ-հրաձիգը, անձնակազմի մյուս անդամները չէին տուժել:

Փաստը, որ օդանավն ունեցել է բորտ-հրաձիգ, ինչպես նաեւ ներգրավված է եղել տարբեր ռազմաճակատների կազմերում, խոսում է այն մասին, որ այս քաղաքացիական «ՊՍ-84»-ը, ըստ էության, ռազմական օդանավ էր դարձել: Նկատենք, որ 1942-ի սեպտեմբերից շարք մտավ «ՊՍ-84»-ի ամբողջապես ռազմական տարբերակը՝ «Լի-2»-ը, որը Մեծ հայրենականից հետո ունեցավ նաեւ քաղաքացիական մոդիֆիկացիաներ:

1942-ի աշնանը Կիեւյան հատուկ ավիախումբը ձեւափոխվել էր 7-րդ հատուկ ավիագնդի, որը սկզբում ենթարկվում էր Ստալինգրադի, ապա՝ Հարավային ռազմաճակատին: 1943-ի մարտին, երբ Հայաստանի տարածքում տեղի ունեցավ պատահարը, ավիագունդը Հարավային ռազմաճակատի կազմում էր:

Մարտի 2-ի առավոտյան СССР-Л3495 գրանցումով օդանավը Թբիլիսիից Երեւան տեղափոխեց Հարավային ռազմաճակատի 51-րդ բանակի հրամանատար, գեներալ Նիկոլայ Տրուֆանովին, նրան ուղեկցող 4 հոգու, ինչպես նաեւ 300 կգ բեռ: Նշվում է, որ օդանավի հրամանատարը, լինելով Քաղաքացիական օդանավատորմի վրացական վարչության օդաչու, նախկինում ավելի քան 1 տարի թռել էր Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի երթուղով (օդաչուի անունը չի հիշատակվում), այսինքն՝ համապատասխան փորձ ուներ: Թբիլիսի-Երեւան թռիչքը կայացել է բարենպաստ եղանակային պայմաններում, եւ անձնակազմը մեկնարկից առաջ տիրապետել է եղանակի տեսության տվյալներին: Ինքնաթիռը Երեւանում վայրէջք է կատարել նախանշված ժամին:

Երեւանում հանձնելով բեռը եւ ուղեւորներին՝ СССР-Л3495-ի անձնակազմը շտապել է վերադառնալ Թբիլիսի: Ըստ հետաքննության՝ սա հուշում է այն մասին, որ Սեւանի հատվածում եղանակն արդեն սկսել էր վատանալ դեռ Թբիլիսի-Երեւան չվերթի ժամանակ, եւ անձնակազմը փորձել է հնարավորինս շուտ անցնել Երեւան-Թբիլիսի երթուղին: Երեւանում խորհրդակցելով հաջորդ օրը կանխատեսվող եղանակի վերաբերյալ՝ օդանավի հրամանատարը տեղեկացել է, որ մարտի 3-ին սպասվում է եղանակի վատացում: Այս պայմաններում, չցանկանալով երկար մնալ Երեւանում, նա գործարկել է շարժիչներն ու պատրաստվել թռիչքի՝ այդպիսով օդանավակայանում մնալով ընդամենը 20 րոպե:

Բայց քանի որ այդ ընթացքում Երեւան-Թբիլիսի երթուղու վրա եղանակային պայմանները փոխվել էին, Թբիլիսիից օդուժի օպերատիվ հերթապահը արգելել է СССР-Л3495-ի թռիչքը Երեւանից: Սրա հիման վրա Երեւանի ավիակայազորի պետն արգելել է «ՊՍ-84»-ի հրամանատարին օդ բարձրանալ: Սակայն վերջինս, չցանկանալով ենթարկվել, թռել է ինքնագլուխ: Քանի որ անձնակազմի չենթարկվելու պարագայում ավիակայազորի պետն իրավունք ունի միջոցներ կիրառել, մասնավորապես՝ կործանիչներ ուղարկել՝ տվյալ օդանավը հարկադրաբար նստեցնելու համար, ըստ հետաքննության, СССР-Л3495-ի հրամանատարը գիտակցաբար, ցանկանալով հնարավորինս արագ ծլկել, Երեւանի աերոդրոմից օդ բարձրանալուց հետո առաջին շրջադարձը կատարել է ընդամենը 30 մ բարձրության վրա՝ այդպիսով ուղղություն վերցնելով դեպի Թբիլիսի:

Թռիչքի 20 րոպեների ընթացքում հրամանատարն այդպես էլ ապահով բարձրություն չի հավաքել, չնայած որ դեպի Վրաստան ճանապարհին՝ Երեւանից հյուսիս եւ հյուսիս-արեւելք, լեռներ են սկսվում: Ընդ որում՝ Կապուտան եւ Նովոնիկոլաեւկա (ներկայում՝ Ջրաբեր) գյուղերի հատվածում, որոնց երկնքով անցնում է երթուղին, եղանակը կտրուկ վատացել էր: Հետաքննության համաձայն՝ չնայած СССР-Л3495-ի հրամանատարը հետեւել է երթուղուն եւ չի շեղվել դրանից, թռել է ցածր բարձրության վրա՝ ծովի մակարդակից 2300 մ:

Թռիչքից 20 րոպե անց՝ 12:50-ին, «ՊՍ-84»-ը բախվել է Գութանասար լեռանը (2300 մ), որը գտնվում է Երեւանի աերոդրոմից շուրջ 33 կմ հյուսիս-արեւելք: Ըստ հետաքննության՝ ձյան շերտի եւ վատ եղանակի պատճառով օդաչուն չի նկատել իր առջեւ գտնվող սարը, բացի դրանից՝ ինքնաթիռը Գութանասարի մոտ հայտնվել է օդի վարընթաց հոսանքի մեջ, ինչը եւս նպաստել է լեռան հետ բախմանը:

Պատահարի հետեւանքով օդանավը կիսվել է երկու մասի, ձախ շարժիչը պոկվել ու շպրտվել է 15 մ, աջ շարժիչը ճզմվել է, քթամասը ջախջախվել է: Հրամանատարն աջ ոտքի կոտրվածք է ստացել, որը հետո ամպուտացվել է, ցրտահարվել են վերջույթները: Երկրորդ օդաչուն ծանր սալջարդեր է ստացել, ինչպես նաեւ կծել է լեզուն: Բորտ-մեխանիկը վիրավորվել է գլխից եւ մահացել հիվանդանոցում: Բորտ-ռադիստն ու բորտ-հրաձիգը սալջարդեր են ստացել: Պարզվել է, որ անձնակազմից բացի՝ օդանավում է եղել նաեւ 8-րդ հատուկ ավիագնդի տեխնիկական աշխատողներից մեկը՝ շարժիչի մասնագետը: Նրան դեռ Թբիլիսում թույլատրել է բորտ բարձրանալ օդանավի հրամանատարը: Դժբախտաբար, Թբիլիսիի օդանավակայանի հերթապահը թռիչքից առաջ չէր ստուգել ուղեւորների թիվը, ինչի հետեւանքով տեխնիկի ներկայությունն աննկատ էր մնացել. վերջինս եւս զոհվեց:

Այսպիսով՝ Երեւան-Թբիլիսի չվերթի ժամանակ «ՊՍ-84»-ում եղել է անձնակազմի 5 անդամ, որոնցից մեկը՝ բորտ-մեխանիկը, զոհվել է: Զոհվել է նաեւ միակ ուղեւորը, որի ներկայությունն անօրինական էր:

Ավիապատահարի հետաքննության եզրակացությունն այն է, որ աղետին հանգեցրել է օդանավի հրամանատարի անկարգապահությունը. վերջինս չի ենթարկվել Երեւանի ավիակայազորի պետի հրամանին եւ ի հեճուկս դրա օդ է բարձրացել: Հրամանատարը նաեւ փնթի եւ անպատասխանատու վերաբերմունք է դրսեւորել իր պարտականությունների առումով: Այն է՝ իր փորձից իմանալով երթուղու հատվածում լեռների առկայության մասին՝ Երեւանի աերոդրոմից թռիչք կատարելիս բավականաչափ բարձրություն չի հավաքել, ինչից հետո միայն իրավունք ուներ շրջադարձ կատարել եւ ուղղություն վերցնել դեպի Թբիլիսի: Փոխարենը օդանավը վարել է ցածր բարձրության վրա՝ փորձելով դուրս մնալ տեսադաշտից, որպեսզի կործանիչների միջամտությամբ հարկադիր վայրէջք չկատարի Երեւանում: Հենց նման թռիչքն էլ բերել է պատահարի: Բացի դրանից՝ հրամանատարը Թբիլիսիում վերցրել է չգրանցված ուղեւորի, որն աղետի հետեւանքով զոհվել է:

Առաջին լուսանկարում՝ «Լի-2» ինքնաթիռը լիցքավորվում է վառելիքով, աղբյուրը՝ авиару.рф  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter