HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Մասիս քաղաքի Նոր թաղամաս 27 շենքի բնակիչները բողոքում են. «Վեոլիա Ջուրը» մեղադրում է բնակիչներին

Արդեն 10 օրից ավել է` Մասիս քաղաքի Նոր թաղամաս 27 շենքի կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ ու առաջին հարկի բնակիչների տները։ 27 շենքի երկրորդ հարկի բնակիչ Հայկ Հարությունյանը, որը դիմել էր «Հետքին», նշում է, որ տարբեր ժամանակներում դիտահորի հետ կապված խնդիրներ եղել են, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները եկել, մաքրել են, բայց արդեն 10 օր դիմում ու արձագանք չեն ստանում։ Բնակիչները դիմել են նաև Մասիսի համայնքապետարան, համայնքապետարանից ասել են, որ «Վեոլիա Ջուր» ընկերությանը տեղեկացրել են։

«Կոյուղու դիտահորը լցված է, դրա պատճառով այնտեղ խցանում է առաջացել, ջուրը լցվում է շենքի նկուղ։ Կոյուղու մակարդակն այնքան է բարձրացել, որ սկսել է լցվել 1-ին հարկի բնակիչների տները: Ստեղծվել է հակահիգենիկ, հակասանիտարական վիճակ: Գարշահոտությունն արդեն գալիս է նաև մարդանց տներից, իսկ շքամուտքերում ուղղակի չի լինում 1 րոպե կանգնել»,- պատմում է Հայկ Հարությունյանը:

Մասիսի համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնից հայտնեցին, որ տեղյակ են խնդրի մասին, բայց այն համայնքապետարանի վերահսկողության տիրույթից դուրս է։ Համայնքապետարանը տեղեկացրել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Վերջիններս խոստացել են մաքրել կոյուղաջրերն ու դիտահորը։

«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կարինե Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հունվարի 24-ին տեղամասի աշխատակիցները գնացել են ահազանգով, մաքրել են դիտահորը, որից հետո 3 օր անց կրկին ահազանգ են ստացել։

Կարինե Կարապետյանի խոսքով՝ տեղամասի աշխատակիցը փոխանցել է, որ դիտահորը լցվում է բնակիչների ոչ պատշաճ շահագործելու պատճառով։

«Այս հասցեում չկա մաշվածության խնդիր, բնակիչները կոյուղին օգտագործում են որպես աղբատար։ Խցանումն առաջանում է անփույթ օգտագործումից»,- ասում է Կարինե Կարապետյանը։

Վերջինս ասաց, որ վաղը հունվարի 30-ին ընկերության աշխատակիցները կրկին գնալու են մաքրելու դիտահորը։

Լուսանկարները տրամադրել է Հայկ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter