HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Գալակտիկա տրանսը» չի կարողանում ուղևորափոխադրումներ իրականացնել Երևան-Արտաշատ և Երևան-Արարատ ուղղություններով

Արդեն մեկ շաբաթից ավել է՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները երթուղի դուրս չեն գալիս։

Ընկերությունը միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնում է Երևան-Արտաշատ/451, Երևան-Արարատ/453 ուղղություններով, իսկ ավտոբուսով Երևան-Խոր Վիրապ-Նոյակերտ/467 ուղղությամբ՝ Երևանի Հարավային ավտոկայանից։

Երևան-Արարատ և Երևան-Արտաշատ ուղղությունների դեպքում, բացի «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունից, սպասարկում են նաև այլ ընկերությունների ավտոբուսներ։

Երևան-Խոր Վիրապ-Նոյակերտ ուղղության միակ սպասարկողը «Գալակտիկա տրանս սերվիս»-ն է։ Փաստացի, երբ ավտոբուսը երթուղի դուրս չի գալիս, այդ օրը գյուղերի բնակիչների համար Երևան հասնելը բարդանում է։ «Հետքի» խմբագրություն են դիմել երթուղուց օգտվող բնակիչները և պատմել խնդրի մասին։

«Հետքը» զրուցել է ուղևորափոխադրող ընկերության՝ «Գալակտիկա տրանս սերվիս»-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ։

Նա պատմեց, որ ամեն տարեսկզբին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուղևորափոխադրող ընկերություններին տալիս է տեղեկանք, որն այս տարի չի տրամադրել։

«Մենք ամեն տարի դիմում ենք գրում, խնդրում ենք, որ իրենք երկարացնեն ժամկետը, այսինքն թույլ տան, որ դեղին համարով մեքենաները կարողանան աշխատել։ Մեզ վերջին անգամ տեղեկանք տվել են 2022 թվականի օգոստոսի 31-ին։ Դրանից հետո ինչքան դիմել ենք, մեզ տեղեկանք չեն տրամադրել, բայց մինչև 2023 թվականի ամռանը մեզ չեն ասել, որ գիտե՞ք ինչ, մենք կոնկուրսով պիտի անենք, նոր ձեզ էդ տեղեկանքը տանք»,- ասում է Շուշանիկ Խաչատրյանը։

«Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրենի խոսքով՝ եթե տեղեկանք չտրամադրվի և ուղևորափոխադրումներն իրականացվեն առանց թույլտվության, այն կհամարվի ապօրինի, պարեկային ծառայողները կարող են մեքենաները տանել տուգանային հրապարակ, իսկ տեսչական մարմինը կտուգանի ընկերությանը։

«Նախորդ երեքշաբթի պարեկները եկել էին, ասել, որ մենք թույլտվություն չունենք, ես էլ ասում եմ՝ մենակ մենք չենք, ամբողջ հանրապետությունը չունի, ինչի՞ եք մենակ մեզ ասում, բա մնացածին ինչու՞ չեք զգուշացնում»,- ասում է նա։

Շուշանիկ Խաչատրյանը ընդգծեց նաև՝ Արտաշատ-Երևան ուղղությունը, որը ընկերությունը սպասարկում է միկրոավտոբուսներով, մինչև 2024 թվականի նոյեմբեր ունի ուղևորափոխադրումներ անելու թույլտվություն, բայց նախարարությունը այս դեպքում էլ չի թույլատրում սպասարկել երթուղին։

Շուշանիկ Խաչատրյանը նախարարությանը խնդրել է ժամանակավոր թույլտվություն տրամադրել մինչև նոր մրցույթի անցկացումը, բայց դրական արձագանք չեն ստացել։

Մենք դիմել ենք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Մեզ հայտնեցին, որ առաջիկայում կկայանա մրցույթ և ըստ դրա՝ կորոշվի նոր ուղևորափոխադրող ընկերությունը, որը կսպասարկի ուղղությունները։

«Հիմա փաստացի այդ երթուղին սպասարկող ընկերություն չկա, այս պահին քննարկվում է ժամանակավոր մրցույթ հայտարարելու հարցը, որպեսզի այս փուլում խնդիրը լուծվի, մինչև որ միասնական երթուղային ցանց ներդնելու մրցույթ կհայտարարվի, մրցույթի հաղթողը արդեն կսպասարկի երթուղին»,- հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Մրցույթի օրը դեռևս նշանակված չէ։ ՏԿԵՆ-ը  վստահեցնում է, թե հնարավորինս արագ փորձում են կարգավորել խնդիրը։

Լուսանկարը՝ արխիվային / © Հետք

Մեկնաբանություններ (1)

Օֆելյա Բաբայան
Ես՝ Օֆելյա Բաբայանս, Գետազատ գյուղի բնակիչ եմ, օգտվում եմ Երևան-Գետազատ սպասարկող փոխադրամիջոցից, ամեն առավոտ կասկածելով եմ գալիս կանգառ, մտածելով՝ ավտոբուս չի լինի, լավ չեն աշխատում, ընդամենը մեր՝ Երևան-Գետազատ գիծը պետք է սպասարկի 3-ավտոբուս (ամեն ժամին), բայց սպասարկում են 2-ը, պատճառաբանելով, որ ուղևոր չկա, այդ ժամինը, որը հանել են, նստում ենք Երևան-Դվին սպասարկող ավտոբուսը, ամբողջը Գետազատի ուղևորներն են… ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՀԱՐՑԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏՎԵՔ… ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Մ’Ի ՄԱՏՆԵՔ…. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ….

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter