HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու են չորանում սոճիները․ Հանքավանում պատճառը հայտնի է

Հանքավանում սոճիների չորացման պատճառը նեմատոդն է (կլոր որդ)։ Հանքավանի մերձակայքի չորացող սոճու թեփից անջատված նեմատոդների մորֆոլոգիական ախտորոշման արդյունքները հաստատել են, որ այնտեղ առկա է սոճու ցողունային նեմատոդ (Bursaphelenchus xylophilus), որը համարվում է կարանտինային խիստ վտանգավոր տեսակ։ Այն առաջին անգամ է հայտնաբերվել Հայաստանում։ 

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատողները, Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, 2021-23թթ․ «Հայաստանի սոճուտների վնասատու միջատների ֆաունայի արդի վիճակը. տեսակային կազմը, վնասակարության գնահատումը և պայքարի հնարավոր եղանակները» թեմայով հետազոտություն են իրականացրել։ Հանքավանի հատվածում կատարած հետազոտություններից արդեն իսկ ունեն արդյունքներ։ Մոլեկուլային հետազոտությունները հաստատել են, որ Հանքավանում հայտնաբերված  նեմատոդի միտոքոնդրիալ ԴՆԹ-ի COI գենի նուկլեոտիդային հաջորդականությունը 100% -ով համընկել է GenBank NCBI շտեմարանում առկա այս տեսակի COI գենի հաջորդականությունների հետ։

Bursaphelenchus xylophilus տեսակի նեմատոդը տեսանելի չէ անզեն աչքով։ Այն հնարավոր է ուսումնասիրել մանրադիտակով։ «Այս փոքր նեմատոդների մեծ քանակությունը կարող է բերել սոճիների ոչնչացման,- ասում է Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Կարագյանը և ցույց տալիս մանրադիտակի տակ դրված առարկայական ապակին։ Նա ղեկավարել է սոճուտների եռամյա ուսումնասիրության ծրագիրը։

«Մանրադիտակով հեշտ է որոշել, որ նեմատոդը պատկանում է Bursaphelenchus ցեղին, բայց xylophilus տեսակի է, թե ոչ՝ կարող է որոշվել միայն ԴՆԹ հետազոտությամբ, քանի որ Bursaphelenchus ցեղի 100-ից ավելի տեսակ է հայտնի»,- շարունակում է Գ․ Կարագյանը։

Գայանե Կարագյանը պատմում է, որ Հայաստանում սոճիների չորացման առաջին ահազանգերը ստացել են դեռևս 2016-17թթ․, երբ իրենց են դիմել Շրջակա միջավայրի նախարարությունից հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի անտառներում սոճիների չորացումն ուսումնասիրելու հարցով։ Գիտնականները հասկացել են, որ խնդիրը լուրջ և խորն է, դիմել են Գիտության կոմիտեին, որպեսզի ֆինանսական աջակցություն ստանան ուսումնասիրություն իրականացնելու համար։ Ի վերջո, 2020թ․ նրանց գրանտային եռամյա ծրագիրը ֆինանսավորում է ստացել։ Ստանալով տարեկան 12 մլն դրամ ֆինանսավորում ՝ գիտնականները սկսել են ուսումնասիրությունները Հայաստանի հյուսիսից։ Ծրագրում ներգրավված էր նաև խորհրդատու Գերմանիայից՝ դոկտոր Յորգ Մյուլլերը (Dr. Jörg Müller) Վյուրցբուրգի համալսարանի Կենսաբանական կենտրոնից։ Վերջինս խորհուրդ է տվել միջատների, այդ թվում՝ վնասատու բզեզների հավաքագրման համար կիրառել ֆերոմոնային պատուհանային թակարդների մեթոդը։ Ամիսը մեկ գիտնականների խումբը գնացել և հավաքել է թակարդներում հայտնված միջատների նմուշները և իրականացրել լաբորատոր հետազոտություններ։ Ֆերոմոնները բավականին թանկարժեք են՝ մոտ 2000 եվրո, և նրանց գնումը նախատեսված չէր գրանտային ծրագրի բյուջեում, գերմանացի խորհրդատուն նվիրել է դրանք հայ գիտնականներին։

Առաջին տարվա աշխատանքներից հետո 5-հոգանոց հայ գիտնականների խումբը հասկացել է, որ իրենց հարկավոր է նաև միջազգային փորձ ունեցող լրացուցիչ նեղ մասնագետների աջակցությունը։ Եռամյա ծրագրին ներգրավվել են նաև ՌԴ գործընկերները՝ «Բույսերի կարանտինի համառուսաստանյան կենտրոնի» գիտաշխատողներ` նեմատոդների մասնագետ Ելենա Արբուզովան եւ ֆիտոպաթոգեն սնկերի մասնագետ Անաստասիա Շուկովսկայան: Նրանց աջակցությամբ էլ նմուշների մի մասը տեղափոխվել է ՌԴ և լաբորատոր փորձաքննության ենթարկվել։ 

«Շաղափով ծառի բնում փորանքներ ենք բացում, հավաքում ենք բնափայտի թեփը՝ վնասված և համեմատության համար` նաև առողջ ծառերից։ Գիտարշավի ընթացքում թեփի նմուշները պահում ենք մեքենայի սառնարանում, հետո հասցնում լաբորատորիա և դրանց մի մասն ուղարկում ենք մեր ռուս գործընկերներին` մոլեկուլային հետազոտության համար։ Բերմանի մեթոդով թեփերից անջատվում են նեմատոդները` հետագա մանրադիտակային ձևաբանական և մոլեկուլային ուսումնասիրությունների համար»,- պատմում է Գայանե Կարագյանը։

Գիտնականը նշում է, որ չնայած գենետիկորեն հաստատվել է, որ Հանքավանում սոճիների չորացման հիմնական պատճառը նեմատոդն է, Հայաստանում սոճուտների զանգվածային չորացումը նաև այլ գործոններով է պայմանավորված, և չորացման երևույթների պատճառները համախմբային են:

 Ով է տարածում նեմատոդը

Հայաստանի տարածքում «ԵԱՏՄ կարանտինային օբյեկտների ցանկ»-ից հայ գիտնականները հայտնաբերել են կարանտինային միջատների 3 տեսակ՝ սոճու սև երկարաբեղիկը (Monochamus galloprovincialis), սոճու սերմերի մլուկը (Leptoglossus occidentalis) և շագանակագույն մարմարյա մլուկը (Halyomorpha halys)

Համարվում է, որ նեմատոդների հիմնական տարածողներ են հանդիսանում Monochamus ցեղի երկարաբեղիկ բզեզները։ Այդ բզեզները ձվադրում են ծառերի կեղևի տակ, դուրս եկած թրթուրները սնվում են բնափայտով, հետագայում հարսնյակավորվում են և վերածվում հասուն առանձնյակի, որը, կրծելով բնափայտը, առաջացնում է յուրահատուկ ելքային անցքեր: Նեմատոդները ներթափանցում են բզեզի օրգանիզմ վերջինիս հարսնյակից դուրս գալուց անմիջապես հետո և բզեզի միջոցով տեղափոխվում են այլ ծառերի վրա:

1950-60-ականներին, ըստ Միրզոյանի գրքերի, Monochamus-ի եզակի առանձնյակներ են գրանցվել Երևանում և Գյումրիում, իսկ անցյալ տարի գիտնականները հայտնաբերել են դրանից նաև «Զիկատար» պետական արգելոցի ֆերոմոնային թակարդներում։ Իսկ «Սևան ազգային պարկում» բազմաթիվ են այլ վնաստու՝ Մոխրագույն երկարաբեղ փայտահատները` Acanthocinus aedilis, Acanthocinus griseus-ը։ 

«Ծառերի վրայի անցքերով հասկանում էինք, որ այս տեսակները առկա են, իսկ ֆերոմոնային թակարդներում հայտնաբերեցինք և հաստատվեց, որ դրանք իսկապես կան»,- ասում է Գայանե Կարագյանը։

Հայաստանի սոճուտներում առաջին անգամ հայտնաբերվել է ինվազիվ վնասատու միջատների 2 տեսակ` սոճու սերմակեր մլուկը, որը հայտնաբերվել է առաջին անգամ Լեռնահովտի անտառտնտեսությունում, իսկ այժմ լայնորեն տարածվել է հանրապետության սոճուտներում, և կողավոր ռագիումը, որը գտնվել է նույն Լեռնահովտի անտառատնտեսությունում և «Դիլիջան» ազգային պարկում։

«Ո՞նց են եկել, եկել են տնկիներով, շինանյութով։ Սոճու փայտանյութ են բերում և վաճառում, օրինակ՝ Ծովագյուղի մոտակայքի սոճուտների կողքը։ Հայաստան ներմուծվում է փայտանյութ, տնկիներ, մեր կարանտինային ծառայությունները պատշաճ կերպով չեն աշխատում, մասնագետ չունեն։ Ներմուծված նյութը, ըստ էության, չի ստուգվում»,- ասում է Գայանե Կարագյանը։

Սոճիների չորացման պատճառներն այսքանով, սակայն, չեն ավարտվում։ Զանգվածային չորացմանը նպաստում են նաև ֆիտոպաթոգեն սնկերը։ Թեփից անջատված ԴՆԹ հետազոտություններով հայտնաբերվել են մի քանի տեսակի սնկեր, որոնք առաջացնում են կեղևի սև նեկրոզ` ճյուղերի և բների վրա առաջացնելով խոշոր շրջանաձև սև խոցեր:

Սոճիների չորացմանը նպաստող մյուս կարևոր գործոնը կլիմայի փոփոխությունն է։ Տաք ձմեռներն ու արագ վրա հասնող ամառները թուլացնում են ծառերը, իսկ թուլացած ծառերի վրա հարձակվում են տարատեսակ վնասատուները, սկսում են տարածվել նեմատոդները, կեղևակերներն իրենց հերթին նպաստում են դրանց տարածմանը։

Չորացման գործընթացն անշեղորեն ինտենսիվանում է

Հայ գիտնականների եռամյա հետազոտությունն արձանագրել է, որ Հայաստանի սոճուտների չորացումը հատկապես ինտենսիվ է «Սևան» ազգային պարկի և Մարմարիկի հովտի տարածքում: Տեղային բնույթի ինտենսիվ չորացում առկա է նաև «Ջրվեժ» անտառապարկի, «Դիլիջան» ԱՊ-ի տարածքում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկայնքով, «Զիկատար» արգելավայրի, Լեռնահովտի անտառտնտեսությունում և Կապանի տարածաշրջանում (Գեղիի ջրամբարի շրջակայք): Չորացման պրոցեսը անշեղորեն ինտենսիվանում է:

Ասեղնատերևավորներից եղևնիների չորացում դեռևս չեն նկատել, սակայն Գայանե Կարագյանը ասում է, որ արդեն իսկ կան չորացող գիհիներ։ 

ԳԱԱ գիտնականները նաև ուսումնասիրել են «Սևան» ազգային պարկում սոճիների չորացումը։ Հավաքված նեմատոդների ԴՆԹ հետազոտության պատասխանները դեռևս չեն ստացվել, բայց առաջիկա ամսում դա էլ է պատրաստ լինելու։

 

Շրջակա միջավայրի նախարարությունը դեռևս տեղյակ չէ

Հունվարի 15-ին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2024թ․-ի ամփոփիչ ասուլիս էր կազմակերպել։ Նախարարին չորացող սոճիների մասին հարց ուղղեցինք։ Պատասխանեց, որ հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են։ Կոնկրետ ի՞նչ հետազոտություններ են, որտե՞ղ են կատարվում, նախարարը տեղյակ չէր։

«Հիմա ինչ է տեղի ունենում․ մենք գիտական հիմնարկից սպասում ենք վերջնական պատասխան, թե որ վնասատուի հետ գործ ունենք, որպեսզի կարողանանք պայքարը համապատասխան կազմակերպել, քանի որ մի վնասատուի դեպքում ուղղակի հատումը լուծում է խնդիրը և հետագա ծառատունկ և այլն, մյուս վնասատուի դեպքում միայն ծառահատումը բավարար չէ։ Մենք սպասում ենք այդ պատասխանին»,- նախարարի ասուլիսից հետո մեզ պատմեց ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Չնայած փոխնախարար Մեյմարյանն ասում է, որ դեռ սպասում են ԳԱԱ եզրակացությանը, Գայանե Կարագյանը մեզ ցույց է տալիս դեռևս 2023թ. նոյեմբերի 8-ին իրենց ուղարկած գրությունը նախարարությանը, որտեղ նաև եզրակացություններ և առաջարկներ են ներառել, հետևաբար, նախարարությունը վաղուց տեղյակ է, թե ինչ վիճակում են Հայաստանի սոճուտները։ Սակայն քայլեր ձեռնարկել դեռ հապաղում են։ 

Ինչ է պետք անել

ԳԱԱ գիտնականները նաև առաջարկներ են պատրաստել, թե ինչ պետք է անել չորացած սոճուտների հետ։ Մասնավորապես, նրանք առաջարկում են վարակված տարածքների օջախներում իրականացնել վնասատու միջատների հավաք և ոչնչացում, այդ թվում՝ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ:

Վարակված ծառերը պետք է անհապաղ հատվեն, իսկ բնափայտի շրջանառության մեխանիզմները պետք է խստացվեն և խիստ վերահսկողություն սահմանվի։

Գայանե Կարագյանը նկատում է, որ Հանքավանում արդեն հատում են չորացած սոճիները, բայց այդ փայտը տեղում օգտագործել են՝ պարիսպ են սարքել, ինչն ուղղակի անթույլատրելի է։

Ստացված բնափայտը պետք է ենթարկել հետազոտության և վարակվածության պարագայում կամ ոչնչացնել այրելու միջոցով, կամ կիրառել որպես տեխնիկական փայտ այն վայրերում, որտեղ չկան սոճու տնկարկներ՝ օրինակ բարձրլեռնային գոտում պաշտպանական բնագծերի կառուցապատման աշխատանքներում։ Հատումներից հետո իրականացնել վերատնկարկ՝ հաշվի առնելով ՀՀ պայմաններին առավել հարմար և վնասատուների նկատմամբ հնարավորինս կայուն ծառատեսակները:

Անհրաժեշտ է նաև վերլուծել վնասատուների, հատկապես կարանտինային Bursaphelenchus xylophilus նեմատոդի դեմ պայքարի միջազգային փորձը, գնահատել դրա կիրառելիությունը ՀՀ պայմաններում:

Ֆիտոսանիտարական իրավիճակի համար պատասխանատու մարմինների հետ պետք է մշակել ներկրվող և արտահանվող սոճու, եղևնու և այլ ասեղնատերև տեսակների բնափայտի և տնկանյութի խիստ վերահսկողության մեխանիզմներ:

«Թեփը նույնպես վարակի աղբյուր է, չի կարելի թողնել գետնին, որովհետև ապացուցվել է, որ նեմատոդը հողի միջոցով անցնում ու վարակում է ջահել տնկիները, որովհետև ջահել տնկիների արմատները զգայուն են, կարող են վարակվել»,- ասում է Գայանե Կարագյանը։ 

Նա նշում է, որ այս 4-5 տարվա ընթացքում այնքան նախարար ու փոխնախարար է փոխվել, որ խնդիրը չեն հասցրել ընկալել և հունի մեջ գցել, այդ պատճառով սոճիների չորացումը նման ծավալների է հասել Հայաստանում։

Ավիացիոն միջամտությամբ դեղամիջոցներ տարածելով խնդիրը կարգավորելը գիտնականն իրատեսական չի համարում, քանի որ հիմնական վնասատուների թրթուռները կեղևի տակ կամ փայտում են ապրում, իսկ ավիացիոն միջամտության պարագայում ծառերի միայն վերնամասը ազդեցություն կկրի, ցածր հատվածում կամ կեղևի տակ ապրող վնասատուներին ավիացիոն միջամտությունը որևէ կերպ չի ազդի։ 

Շարունակելի

Կարդացեք նաև՝ Հայաստանում 44 հա սոճի է չորանում 

Ծրագրի ընթացքում արված լուսանկարները տրամադրել է Գայանե Կարագյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter