HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչյա Քոչար փողոցին հարող տարածքում կառուցված բենզալցակայանն օրենքի խախտմամբ է սեփականաշնորհվել. դատախազություն

Երևան քաղաքի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցին հարող տարածքում գտնվող բենզալցակայանի փաստաթղթերը եւ պարզել, որ այն օրենքի խախտմամբ է սեփականաշնորհվել։ Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Հիշեցնենք, որ այս բենզալցակայանի մասին «Հետքը» գրել էր դեռ նախորդ տարվա հունվարին։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ բենզալցակայանի նկատմամբ 2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից գրանցվել է ՍՊ ընկերության սեփականության իրավունքը:

Ըստ սեփականության իրավունքի վկայականի՝ գրանցման հիմքում դրվել են Երևանի քաղաքապետի՝ պետական սեփականություն համարվող հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին որոշումները, ինչպես նաև հողի վարձակալության պայմանագրերն ու նախագիծը:

Նշված պայմանագրերով՝ վարձակալին թույլատրվել է վարձակալած հողամասի վրա իրականացնել շինարարություն, սակայն դրա նկատմամբ վարձակալի կողմից սեփականության իրավունք ձեռք բերելու վերաբերյալ նշում առկա չի եղել:

Գործող օրենսդրությամբ, սակայն, վարձակալված հողամասի վրա վարձակալի կողմից կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունք կարող էր գրանցվել վարձակալության պայմանագրում ուղղակիորեն նման հիմք նախատեսված լինելու պարագայում:

Արդյունքում, իրավական հիմքերի բացակայության պայմաններում, Կադաստրի կոմիտեի կողմից կատարվել է սեփականության իրավունքի գրանցում, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության շահերին:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ բենզալցակայանի զբաղեցրած հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ):

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքեր՝ Երևան քաղաքի դատախազության դատախազը 2024 թվականի հունվարի 23-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

2024 թվականի հունվարի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1‑ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 1-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը պետությանը վերադարձնելու նպատակով»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter