
Ապօրինի գործող բենզալցակայանը չփակելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել
Արաբկիր վարչական շրջանում ապօրինի գործող «Տիտան» բենզալցակայանը պաշտոնատար անձանց կողմից չփակելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ փաստաբան Մերի Գևորգյանից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է պաշտոնեական անփութության համար, որի նախաքննությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 441 հոդվածի 1-ին և 446 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Երևանի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող բենզալցակայանը փակելու մասին 2022 թ․ նոյեմբերին կարգադրագիր էր ստորագրել վարչապետի ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։ Պատճառն այն էր, որ «Տիտան» բենզալցակայանի պահեստային տարաները վերգետնյա են, որոնց վրայով հոսանքի մալուխներ են անցնում։ Տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրի պայմաններում բենզալցակայանը շարունակել է աշխատել, աշխատում է նաև այսօր։
«Տիտան օիլ» ՍՊԸ-ի կողմից վարչական դատարանում վիճարկվում է տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրի իրավաչափությունը։ Դատարանը մինչ վերջնական ակտ կայացնելը՝ որոշել էր բավարարել բենզալցակայանը շահագործող ընկերության ներկայացուցչի միջնորդությունը և կասեցրել էր բենզալցակայանը փակելու մասին կարգադրագիրը։ Հունվարի 13-ին վարչական դատարանը, քննության առնելով արդեն տեսչական մարմնի միջնորդությունը որոշել է վերացնել իր նախորդ որոշումը, որով կասեցրել էր տեսչական մարմնի կարգադրագիրը։ Այսպիսով, տեսչական մարմնի կարգադրագիրը ուժի մեջ է, որում նշված է, որ պետք է անհապաղ դադարեցվի բենզալցակայանի շահագործումը։
Հրաչյա Քոչար փողոցում գտնվող բենզալցակայանը սեփականության իրավունքով պատկանում է «Սիվաս» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունից է տարածքը վարձակալել «Տիտան օիլ» ՍՊԸ-ն։ «Սիվաս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող բենզալցակայանը կառուցված է մայթի տեղում։ Թե ինչպես է «Սիվաս» ՍՊԸ-ին հաջողվել մայթի տեղում բենզալցակայան կառուցել և սեփականաշնորհել այն, իրավապահները կարող են պարզել։ Նշենք միայն, որ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Սիվաս» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի։ Ընկերության բաժնետոմսերը հավասարապես (50/50) պատկանում են Տիգրան Դարբինյանին ու Առաքել Հարությունյանին։ Տիգրան Դարբինյանը ՀՀ նախկին վարչապետ, ներկայում հայ–ռուսական համալսարանի (Սլավոնական) ռեկտոր Արմեն Դարբինյանի եղբայրն է։
Մեկնաբանել