HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Ի պատասխան «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ «Հետք»-ի հոդվածի հերքման

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը 2024-ի հունվարի 30-ին «Հետք»-ի «Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով» հոդվածին անդրադարձել է հերքմամբ՝ բերված փաստերը համարելով խեղաթյուրված: 

Նախապատմություն

«Հետքը» ներկայացրել էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի երկու գնումները: ՀՈԱԿ-ը նույնատիպ ծիրանենին առաջին գնումից մոտ մեկ տարի անց նույն կազմակերպությունից ձեռք է բերել գնային մեծ տարբերությամբ: 2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ընկերությունը պայմանագիր են կնքել «Երևան» տեսակի (հայտնի է նաեւ շալախ անունով) 100 ծիրանենու մատակարարման վերաբերյալ։ Պայմանագրի տվյալներով՝ մեկ ծիրանենու գինը 19 500 դրամ է։ Պայմանագրի ընդհանուր գինը 1 մլն 950 հազար դրամ է։

Նմանատիպ մեկ այլ պայմանագիր նույն ընկերության հետ կնքվել էր 2022-ի ապրիլի 4-ին, ըստ որի՝ ՀՈԱԿ-ին մատակարարվել են տարբեր տեսակի ծառեր, այդ թվում՝ ծիրանենի «Երևան», մեկ հատի գինը՝ 2 400 դրամ։ Պայմանագրով գնվել է 50 հատ, ընդհանուր գինը՝ 120 000 դրամ։ «Հետք»-ը ՀՈԱԿ-ին խնդրել էր պատասխանել՝ ինչու է մեկ ծառը գնվել 19 500 դրամով, եթե դրա շուկայական արժեքը տատանվում է 1 500-2 000 դրամի սահմաններում, և ինչու՞ են այս երկու պայմանագրով գնված ծիրանենիների գներն այսչափ տարբերվում։ Մեր հարցմանը ՀՈԱԿ-ը հստակ պատասխան չի տվել, միայն նշել է, որ գնված ծառերն ունեցել են հստակ տեխնիկական բնութագիր։ Վերոնշյալ երկու պայմանագրում առկա տեխնիկական բնութագրերը տարբերվում են, և դրանց տարբերության արդյունքում գնային առաջարկը փոխվել է՝ 2 400-ից դառնալով 19 500 դրամ։ Ի՞նչ տարբերություններ կան այդ տնկիների  միջև, որ գումարը ավելացել է 17 100 դրամով։ Ամբողջական հոդվածը ստորև։

Մեր անդրադարձը ՀՈԱԿ-ի հայտարարությանը

Հոդվածի հրապարակման օրը ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում եւ կայքում հերքման տեքստ հարապարակվեց: ՀՈԱԿ-ի տեքստում նշվում է, որ երկու պայմանագրերում տեխնիկական բնութագրերը տարբերվում են և գնային նման տարբերության պատճառը դա է։ Էկրանապատկերներում կարող եք տեսնել երկու պայմանագրերում առկա ծիրանենիների տեխնիկական բնութագրերը: 

2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրի տեխնիկական բնութագիրը

2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրի տեխնիկական բնութագիրը

2 400 դրամով գնված ծառի տեխնիկական բնութագրում նշված է՝ 2․5-3․5 սմ ցողունի տրամագծով։ 19 500 դրամով գնված ծառի տեխնիկական բնութագրում նշված է՝ 10-12 սմ բնի պարագծով։ Այս հանգամանքը շփոթեցնող է: Ըստ երկրաչափական հաշվարկների՝ պարագիծը հավասար է  π * տրամագիծ, π = 3․14։ Ստացվում է, որ 2 400 դրամով գնված ծառի պարագիծը պետք է լիներ 7․85-11 սմ՝ միջինում 9․4 սմ։ Այսպիսով, տնկիների ցողունի, ըստ երկրորդ պայմանագրի՝ բնի պարագծերի տարբերությունը 1,6 սմ է։ Ծիրանենիների հիմնական տարբերությունը դրանց ճյուղերի քանակի և ճյուղերի երկարության մեջ է, քանի որ երկու դեպքում էլ պետք է լիներ փակ արմատային համակարգով, 2 մետր բարձրության սահմաններում և այլն։ Այսպիսով՝ տեխնիկական բնութագրով քիչ տարբերվող երկու ծիրանենու գնի միջեւ 17 100 դրամի տարբերություն կա։

ՀՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում երկու լուսանկար է տեղադրել եւ ցուցադրել այս երկու տեխնիկական բնութագրերով տնկիները:

Առաջին լուսանկարում 2 400 դրամով գնված ծիրանենին է, որը չի համապատասխանում պայմանագրում նշված տեխնիկական բնութագրին։ Ծառի ցողունի տրամագիծը 2․5-3․5սմ չէ կամ ցողունի պարագիծը 7․85-11սմ չէ: Մենք չափել ենք լուսանկարի ծառի տրամագիծը eleif.net/photomeasure-ի միջոցով և պարզել, որ դրանց տրամագիծը նույնիսկ 1․5սմ չէ։

Ի տարբերություն երկրորդ լուսանկարի ծառի արմատային համակարգի՝ առաջին լուսանկարի ծառի արմատային համակարգը փակ չէ, պարզապես հողագնդային է։ Ստացվում է՝ կամ այս լուսանկարի ծառը այն ծառը չէ, որը գնվել է 2022-ի ապրիլի 4-ի պայմանագրով, կամ վաճառող ընկերությունը մատակարարել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառ, եւ ՀՈԱԿ-ն այն ընդունել է։

ծիրանենի 2.jpg (263 KB) ծիրանենի 1.jpg (218 KB)

ՀՈԱԿ-ի հրապարակած լուսանկարները

ՀՈԱԿ-ի պնդումները

ՀՈԱԿ-ի հերքման մեջ տեղ են գտել նաև իրականությանը չհամապատասխանող պնդումներ։

«Տեղեկացնում ենք, որ «Հետք» լրատվականի հրապարակումը, թե կազմակերպությունը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19500 դրամով, բայց կարող էր գնել 2400 դրամով, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ։ Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ հոդվածում նման տեղեկատվություն չկա։

«Ինչ վերաբերում է «Հետք»-ի հրապարակմանը, թե դա նույն ծառն է, փաստում ենք, որ չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ։ Այս պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ հոդվածում «նույն ծառն է» արտահայտություն չկա, միայն նշվում է, որ ծառերը նմանատիպ/նույնատիպ են և դրանց տեխնիկական բնութագրերն այնքան չեն տարբերվում, որ գնային նման տարբերություն առաջացնեն։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի պարզաբանումը

Մենք հանդիպեցինք ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ և ներկայացրինք՝ ինչ տարբերություններ կան ծառերի միջև և որ դրանք, ըստ տեխնիկական բնութագրերի, քիչ են տարբերվում միմյանցից։ Այս ամենին ի պատասխան՝ նա ասաց․ «Եթե նույնիսկ ծառերը նույն չափսերի լինեին, չնայած այս դեպքում տարբերություններ կան, տեսեք՝ պայմանագրերում (19 500 դրամով կնքված) սաղարթի ճյուղերի քանակ կա, ճյուղերի երկարություն կա, որը հուշում է, որ ավելի հասուն ծառ ենք գնել։ Եթե դրանք (երկու պայմանագրերով գնված ծառերը) չափսերով հավասար էլ լինեին, մեկ դեպքում եղել է տնկի, մյուս դեպքում ծառը աճեցվել է թաղարի մեջ։ Այսինքն՝ ոչ թե այդ ծառը աճեցվել է դաշտում՝ սերմով, այլ ծառերն աճեցվել են թաղարի մեջ, դույլանման թաղարի մեջ։ Դրանք սովորաբար թանկ են արժենում, քան թե դաշտում աճեցված ծառերը։ Այո, տեխնիկական բնութագրերը առաջին հայացքից նման են, բայց նաև այն հանգամանքը, որ 7-9 ճյուղ ենք պահանջել գնման ժամանակ, խոսում է, որ մենք պահանջել ենք արդեն սաղարթ ձևավորած ծառ։ Իսկ 2-3 ճյուղը նշանակում է, որ դա շիվ է, երկար աճած, բարակ շիվ է»։

Արմեն Բեգոյանը նշեց, որ ծառերի տնկման վայրը լցված է եղել շինաղբով, և այնտեղ ռեկուլտիվացիոն աշխատանքներ են արվել, այդ պատճառով էլ անհրաժեշտություն է եղել ֆասադային հատվածում նման ծառեր տնկել։

«Այսպես ասած՝ լիցքը նստած չի եղել, և մենք բոլորս էլ հասկանում էինք, որ տարածք ջրելուց հետո, արանքներով լցված, էդ քարհանքից բերված աղբի արանքներով ջուրը հոսելու է և չի մնալու ծառի բնաբաժակում։ Իսկ տվյալ դեպքում ծառն ամբողջությամբ կպած է հողին, եթե նույնիսկ փորձես պոկել նրան կպած հողագունդը, այն չի պոկվի։ Այս նպատակով մասնագետները առաջարկել են, որ ծառերը լինեն անպայման փակ արմատային համակարգով աճեցված»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Իսկ թե ինչու 2022-ին 2 400 դրամով գնված ծառը չի եղել փակ արմատային համակարգով՝ ինչպես նշված է թե՛ 2022-ի, թե 2023-ի պայմանագրերում, Արմեն Բեգոյանն ասաց, որ 2022-ի պայմանագրով գնված ծառը եղել է պոլիէթիլենային տոպրակների մեջ, այդպես են իրեն փոխանցել, քանի որ ինքն այդ ընթացքում տնօրեն չի եղել։ 

«Ամեն սանտիմետրը, երբ որ ծառը հաստանում է, առնվազն տարիների հարց է, դեռ տարբեր ձևերով աճեցված լինելու մասին չեմ խոսում։ Նախկինում Երևանում տասնյակ հազարավոր շիվեր են տնկվել, ես չեմ տեսել՝ այդ ծառերը ուր են, որովհետև դրանք ծառ չեն դարձել։ Դրանք արժեցել են մի քանի հազար դրամ։ Այսօր Երևանը ձեռք է բերում 50-80 հազար դրամանոց ծառեր։ Գները տարբերվում են, բայց որակը նույնպես տարբերվում է։ Եթե իմ հարցազրույցները նայեք, ես միշտ ասում եմ, որ Երևանը այլևս չի գնելու ճկույթի չափի շիվեր, որոնք այդպես էլ ծառ չեն դառնում»,- ասաց Արմեն Բեգոյանը։

«Ի՞նչն է պատճառը, որ պայմանագրերում տերմինները տարբերվում են» հարցին Ա. Բեգոյանը պատասխանեց. «Մեր մասնագետները ծառերը տրամագծով էին նշում, բայց երբ ծառերը մատակարարվեցին Եվրամիությունից, վաճառողները մեզ ասացին, որ ԵՄ-ում ծառերի բնի հաստությունը չափում են ոչ թե տրամագծով, այլ պարագծով։ Հետագայում մենք ուղղեցինք և առաջնորդվեցինք միջազգային ընդունված նորմերով»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Գլխավոր լուսանկարը՝ «Հետքի»/հանդիպում Արմեն Բեգոյանի հետ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter