HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների կողմից չարաշահումների գործով 4 անձ կալանավորվել է, 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Քննչական կոմիտեն հունվարի 31-ին հաղորդագրություն տարածեց, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները առերևույթ չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Նախաձեռնված 2 վարույթների շրջանակում ձերբակալվել էր 7 անձ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հետքին» հայտնեց՝ հաղորդագրության հրապարակումից հետո վարույթներից մեկով ձերբակալվել է ևս մեկ անձ։

Այդ վարույթով անցնող 7 անձանցից 4-ը պաշտոնատար են, 3-ը՝ այլ։ Նրանց թվում են՝ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ 

3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ 

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:

Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: «Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը»,- ասված էր հաղորդագրությունում։

Անի Իսպիրյանը հունվարի 31-ի առավոտյան էր վարչապետի որոշմամբ ազատվել պաշտոնից։ Այժմ Անի Իսպիրյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք խափանման միջոցը 2 ամիս ժամկետով։ Նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել իր վստահորդին առաջադրված մեղադրանքը՝ պատճառաբանելով, որ գործը նախաքննության վաղ փուլում է, ոչինչ չի կարող ասել։ Հարցին, թե տնային կալանքի մասին դատարանի որոշումը բողոքարկելու՞ են, նշեց՝ «Քննարկման փուլում է, կորոշենք»։

Հաղորդագրությունում նշված մրցույթի մասնակից N ընկերությունը «Սիներջին» է։ Այս գործում որպես մեղադրյալ են ներգրավված ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը (դերասանուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է) և 2 աշխատակիցներ։ Աշխատակիցներից մեկը, որն այժմ ընկերությունում չի աշխատում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է՝ Անի Գևորգյանը։ Նա եղել է «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման բաժնի տնօրենը։ Մյուս աշխատակիցը բիզնեսի զարգացման բաժնից է՝ Լիլի Մկրյանը։ Ընկերության 3 աշխատակիցներն էլ մեղադրվում են պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների անցմանը և չարաշահմանը օժանդակելու մեջ, իսկ այդ օժանդակությունը դրսևորվել է խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու միջոցով։

Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը ևս 2 ամսով կալանավորվել է։ 

Ընկերության մյուս աշխատակից Լիլի Մկրյանի նկատմամբ էլ ընտրվել է կալանք խափանման միջոցը 1 ամիս ժամկետով։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշում է՝ մեղադրանքն իրավաչափ չէ։ Իսկ կալանքի որոշումը ստանալուն պես բողոքարկելու են։

«Օժանդակության մասին չի կարող խոսք գնալ, որովհետև նախ լիազորությունների անցման և չարաշահման հանցանքի հատկանիշներ չկան։ Իսկ եթե այդ հատկանիշները չկան, նշանակում է՝ անհնար է օժանդակել մի բանի, որը գոյություն չունի»,- ասաց Ալեքսանյանը։

Թե ինչու չկա լիազորությունների անցում, փաստաբանը մեկնաբանում է այսպես՝ «փոխնախարարն ունեցել է լիազորություն և գործառույթ երկրորդ փուլում մրցույթի համար անհրաժեշտ, այն էլ խստացված պայմաններ առաջադրելու, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինն ասում է՝ չուներ այդ գործառույթը»։

Ալեքսանյանն ընդգծում է, որ այս վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023թ․ մայիսի 8-ին, բայց թե ինչու հիմա սկսվեց հարկադրանքի կիրառման գործընթացը՝ կալանքներ, ձերբակալություններ, չի կարող ասել։ «Կարող է մայիսի 8-ի դրությամբ՝ ապացույցների բավարարությունը չեն ունեցել անձանց ձերբակալելու, կալանավորելու համար, իսկ հիմա իբրև այդ փաստական տվյալները կան»,- ասում է Ալեքսանյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ թե՛ հիմա, թե՛ այն ժամանակ առկա փաստական տվյալների պարագայում մեղադրանք առաջադրելու կամ կալանավորումներ կատարելու որևէ հնարավորություն այդ տվյալները չեն տալիս։

Նշենք, որ թե՛ Անի Գևորգյանը, թե՛ Լիլի Մկրյանն իրենց խնամքին ունեն անչափահաս երեխաներ։

Դեպքի առթիվ «Սիներջի» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ ««Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության ՀՀ մասնաճյուղը հերքում է ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և երկու աշխատակիցների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները, որոնք անհիմն են և արատավորում են ընկերության, նրա հիմնադրի և աշխատակիցների բարի համբավը։

Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի ընկերությունը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի մոտ ապագայում։ Հորդորում ենք հարգել մարդկանց անմեղության կանխավարկածը և զերծ մնալ չստուգված անհիմն պիտակավորումներից»։

Իսկ մյուս քրեական վարույթով հունվարի 31-ին ձերբակալվել էր Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձ։ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ նախաձեռնված երկրորդ վարույթով էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորորշիչներին։

Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238 մլն 418 հազար դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս երկու դեպքերին։ Խոսելով առաջին դեպքից՝ նշել է, որ ծրագրի ընթացքի մասին իրեն պարբերաբար զեկուցվել է, և ինքը խստիվ հանձնարարել է մնալ օրենքի շրջանակներում և ավելի քան վստահ է, որ հենց այդպես էլ եղել է։ Երկրորդ դրվագով ևս նախարարի խոսքով՝ բացակայում է կաշառքի կամ որևէ այլ կերպ շահագրգռվածություն ունենալու փաստը։

Գլխավոր լուսանկարում՝ ձախից Աշոտ Հովհաննիսյանը, Անի Գևորգյանը և Անի Իսպիրյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter