
Պուտինն ու Էրդողանը կքննարկեն ուկրաինական հիմնախնդիրը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Թայիփ Էրդողան բանակցությունների ժամանակ կքննարկվի ուկրաինական հիմնախնդիրը: Սակայն, ըստ նրա, առաջին հերթին քննարկվելու է երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը:
«Իհարկե, տարածաշրջանային խնդիրները միշտ քննարկվում են։ Եվ, իհարկե, նաև Ուկրաինան»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին, հղում անելով Reuters գործակալությանը, գրել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա ակնկալվում է փետրվարի 12-ին։ Արդյոք հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կլինի օրակարգում, դեռևս հայտնի չէ։
Դեռ հունվարի 23-ին Türkiye թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ևս հայտնել էր, որ Պուտինին Թուրքիայում սպասում են փետրվարի 12-ին: Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Պուտինը նախատեսում է այցելել Թուրքիա, իսկ այցի ժամկետների մասին Կրեմլը կհայտնի իր ճիշտ ժամանակին։
«РИА Новости»-ն էլ գրում է, որ Կրեմլը դիտարկում է նաև այլ ժամկետներ։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Թուրքիա Պուտինի այցն ամեն դեպքում կկայանա փետրվարին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել