HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կոբախիձեն խոստանում է ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները

Վրաստանը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և կայունության խթանման համար, ինչպես նաև կպահպանի երկկողմ ռազմավարական հարաբերությունների բարձր դինամիկան Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այդ մասին նշվում է «Եվրոպական պետության կառուցման մասին» կառավարության ծրագրում, որը վրացական խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել «Վրացական երազանք» կուսակցությունից վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն։

«Կշարունակվեն Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և կայունության խթանմանն ուղղված ջանքերը: Այդ նպատակով անհրաժեշտ է ամրապնդել հաջող համագործակցությունը հարևան գործընկեր պետությունների հետ, զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- ասված է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնից Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն կառաջադրվի Վրաստանի վարչապետի թեկնածու։ Ընդ որում, նախկին վարչապետ Ղարիբաշվիլին էլ Կոբախիձեին կփոխարինի կուսակցության ղեկավարի պաշտոնում։

Թբիլիսիում համոզված են, որ կառավարության ու իշխող կուսակցության ղեկավարության փոփոխության մասին որոշումը կայացրել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Վարչապետի պաշտոնին առաջադրվելուց անմիջապես հետո Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իր կառավարությունում պաշտոնները կպահպանեն նախկին բոլոր նախարարները, բացի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեից, որը, ըստ Կոբախիձեի, «ինքն է ցանկացել շարունակել գործունեությունը մեկ այլ ոլորտում՝ դիվանագիտության մեջ»: Պաշտպանության նոր նախարար կդառնա պրոֆեսիոնալ դիվանագետ Իրակլի Չիկովանին։

Նոր կառավարության գլխավոր խնդիրը Կոբախիձեն անվանել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության նկատմամբ «համոզիչ հաղթանակը»։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցի կառավարության նոր ղեկավարի խորհրդարանական ընտրության նիստին։

Լուսանկարը՝ Կոբախիձեի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter