HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դատարանը որոշել է հետաձգել Կապիտոլիումի գործով Թրամփի դատավարության մեկնարկը

Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը հետաձգել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կապիտոլիումի վրա հարձակման գործով դատավարության մեկնարկը: Դատավոր Տանյա Չաթքենը չեղյալ է հայտարարել մարտի 4-ին նշանակված դատավարության մեկնարկի ամսաթիվը։ Ինչպես փոխանցում է Associated Press-ը, դատավարության մեկնարկի նոր ժամկետ դեռևս նշանակված չէ։

Ժամկետների փոփոխության պատճառը չի նշվում, բայց, ինչպես գրում է AP-ն, դա կապված է Վերաքննիչ դատարանում այն հարցի քննության հետ, թե արդյոք Թրամփը դատավարական հետապնդումից անձեռնմխելիություն ունի՝ պետության ղեկավարի պաշտոնում ձեռնարկած գործողությունների համար:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման քրեական գործի շրջանակներում։ Թրամփին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածով. պետությանը խաբելու նպատակով դավադրություն, պաշտոնական ընթացակարգին խոչընդոտելու նպատակով դավադրություն, պաշտոնական ընթացակարգին խոչընդոտելու փորձ և իրավունքների խախտման նպատակով դավադրություն:

Դոնալդ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչում։

Մեղադրող կողմի կարծիքով՝ Թրամփն իմացել էր, որ Ջո Բայդենի նկատմամբ իր հաղթանակի մասին պնդումները կեղծ են, սակայն կրկնել է դրանք, որպեսզի ամերիկյան հասարակությունում ստեղծի «անվստահության և ցասումի լարված մթնոլորտ» ու «խաթարի հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»։

2023 թվականի դեկտեմբերի սկզբին փաստաբանները բողոք էին ներկայացրել՝ պնդելով, որ Թրամփը նախագահական անձեռնմխելիություն ունի, քանի որ այդ ընթացքում զբաղեցնում էր ԱՄՆ ղեկավարի պաշտոնը։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր քրեական հետապնդումը «բացում է Պանդորայի արկղը»։ Նրա խոսքով՝ եթե դատարանը նախկին ղեկավարների համար անձեռնմխելիություն չճանաչի, ապա գործող նախագահ Ջո Բայդենը ևս պատասխանատվության կենթարկվի:

Հանրապետական Դոնալդ Թրամփը 2020 թվականի նոյեմբերին պարտվել էր դեմոկրատ Ջո Բադենին։ Թրամփը մի քանի ամիս հրաժարվում էր ընդունել իր պարտությունը՝ ընտրակեղծիքների մասին տարածելով չհաստատված պնդումներ։ 2021 թվականի հունվարի 6-ին` Կոնգրեսում արդյունքների հաստատման օրը, Թրամփի աջակիցների ամբոխը ներխուժել էր Կապիտոլիում՝ տապալելով նիստը։

Թրամփը հավակնում է մասնակցել նաև 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Նա Հանրապետական կուսակցության ամենահեղինակավոր թեկնածուն է։ Անգամ եթե նա մեղավոր ճանաչվի քրեական գործերից և որևէ մեկով ու ուղարկվի բանտ, նա ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու իրավունքը չի կորցնի։

Լուսանկարը՝ Dave Sanders/Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter