
Կիևը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ Զելենսկին մտադիր է հեռացնել Զալուժնիին. Սպիտակ տանը չեն աջակցում այս որոշմանը
Ուկրաինայի կառավարությունը ԱՄՆ նախագահի վարչակազմին տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է զբաղեցրած պաշտոնից ազատել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջինիս տվյալներով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները չեն աջակցել այդ որոշմանը, բայց և չեն դիմադրել՝ հայտարարելով, որ դա Զելենսկիի սուվերեն ընտրությունն է։
Պարբերականը գրում է, որ սա հնարավորություն է տվել Սպիտակ տանը խնդրել Ուկրաինայի իշխանություններին վերանայել այդ որոշումը, նույնիսկ եթե Զելենսկին դա չանի:
Ուկրաինայի նախագահը դեռևս չի ստորագրել Վալերի Զալուժնիի ազատման մասին հրամանագիրը: Զելենսկին այս թեման չի բարձրացրել փետրվարի 2-ի արդյունքների վերաբերյալ իր ուղերձում։ CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Զալուժնիին կարող են զբաղեցրած պաշտոնից ազատել մինչև այս շաբաթվա վերջ, այսինքն՝ մինչև փետրվարի 4-ը:
Վալերի Զալուժնիի ազատման մասին ուկրաինական և համաշխարհային լրատվամիջոցները գրում են հունվարի 29-ից, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպեց Վալերի Զալուժնիի հետ: Այս հանդիպման ժամանակ, ըստ տարբեր հրապարակումների աղբյուրների, Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է պաշտոնանկ անել նրան։ Զրույցից հետո, ինչպես պնդում էին The Times-ի աղբյուրները, միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, «իրենց մտահոգությունն էին հայտնել»։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը և պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել են, որ Զալուժնիին պատրաստվում են ազատել աշխատանքից:
Վլադիմիր Զելենսկիի և Վալերի Զալուժնիի միջև տարաձայնությունները, ինչպես կարծում են վերլուծաբանները, առաջացել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հրապարակավ հայտարարեց, որ պատերազմը փակուղի է մտել, իսկ Ուկրաինայի նախագահը հրաժարվեց իրավիճակը համարել պատային: Ինչպես նշում է The Washington Post-ը, Զելենսկիի և Զալուժնիի միջև անվստահությունն աճել է մի քանի տարվա ընթացքում, այդ թվում նաև այն պատճառով, որ նախագահը կասկածում էր, որ Զալուժնին քաղաքական հավակնություններ ունի:
Լուսանկարը՝ Zuma/Eyevine
Մեկնաբանել