HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիներջի» ընկերությունը վստահեցնում է, որ կալանավորված տնօրենը և աշխատակիցները անմեղ են

ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հունվարի 31-ին կալանավորված «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի գործին։ Կալանավորվածների մեջ է նաև Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։

Քննչական կոմիտեն հունվարի 31-ին հաղորդագրություն տարածեց, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները առերևույթ չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Նախաձեռնված 2 վարույթների շրջանակում ձերբակալվել էր 7 անձ։

«Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաև ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ խափանման միջոցի կիրառում և հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են։

Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված  պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛  հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը։ Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։ Եվ այս համատեքստում ևս գործել ենք նույն սկզբունքով։

Հիշեցման կարգով նշենք, որ Աշոտ Հովհաննիսյանը ՏՏ ոլորտում հսկայական ներդրում ունի ոչ միայն իր հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս։ Նրա ստեղծած ընկերությունն ավելի քան 25 տարի ՏՏ լուծումներ է տրամադրում և գովասանքի արժանանում աշխարհի 85-ից ավելի երկներում, համագործակցում համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Անվիճելի է, որ ընկերությունը զգալի ավանդ է ունեցել և շարունակում է ունենալ նաև ՀՀ-ում ՏՏ ոլորտի կայացման և հետագա զարգացման գործում՝ հարյուրավոր նոր աշխատատեղեր ու մասնագիտացումների հնարավորություններ ստեղծելով։

Կրկին շեշտում ենք մեր գործընկերների անհասկանալի և անհիմն կալանավորման հանգամանքը։ Արդյոք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել, երբ բազմաթիվ ծանր հանցանքների դեպքեր կան, որոնցում տնային կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց։

Մենք միշտ մեծ հպարտությամբ ու պատվով ենք ներկայացրել Հայաստանը համաշխարհային տարատեսակ հարթակներում, հպարտացել մեր տեխնոլոգիական լուծումներով և բարձր գնահատականի արժանացել մեր հաճախորդների կողմից։ Սիներջի ընկերությունն այսուհետ կրկնակի եռանդով է շարունակելու բարձր պահել մեր պետության շահերը, հզորացնել ու զարգացնել այն, գործել ազնիվ ու արդար և աշխարհի առջև բացել ՏՏ  ներուժի նոր հեռանկարներ։

Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց նաև խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter