HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էլեկտրոնային քաղաքացիական դատավարության համակարգը 2 օր չի աշխատել

2024թ. փետրվարի 1-ից  քաղաքացիական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը կազմվում և ներկայացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով: Սակայն գործարկումից 2 օր հետո՝ փետրվարի 3-4-ին, «տեխնիկական աշխատանքներով պայմանավորված»՝ համակարգը չի գործել, և փաստաբանները հայտնվել են անելանելի վիճակում:

Փաստաբան Գուրգեն Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը և շատ այլ փաստաբաններ, ծանրաբեռնվածությունից ելնելով, հայցադիմումներ, դատավարական այլ փաստաթղթեր կազմում են նաև շաբաթ և կիրակի օրերին, բայց այդ օրերին ընդհանրապես չի կարողացել համակարգ մտնել՝ հայցադիմում գրելու:

Գուրգեն Թորոսյանի փոխանցմամբ՝ համակարգն այնպես է ստեղծվել, որ հայցադիմումը պետք է հավաքել հենց համակարգում, այլ ոչ թղթային տարբերակը վերբեռնել: Եթե չի հաջողվում համակարգ մուտք գործել, չի ստացվում նաև հայցադիմում գրել, ուղարկել դատարան:

«Գրված էր, որ տեխնիկական պատճառներով մի քանի ժամ չի աշխատի համակարգը, սակայն 2 օր չգործեց: Գնացել եմ գրասենյակ ու չեմ կարողացել ոչինչ անել»,- ասաց Գուրգեն Թորոսյանը:

Նշենք, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ էլեկտրոնային համակարգն օգտագործող անձ է համարվում այն ֆիզիկական անձը, որը քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել համակարգից օգտվելու անհնարինության մասին: Ինչպես նաև իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները՝ անկախ համակարգի միջոցով որևէ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց:

Նշված անձինք նոր գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն, ներկայացնում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով: Բացառություն են պետական գաղտնիք կազմող տեղեկությունները, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով։

Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ միայն փետրվարի 1-ին էլեկտրոնային համակարգով արդեն դատարաններ է ուղարկվել 182 էլեկտրոնային հայցադիմում: Համակարգի ծրագրային ապահովումն իրականացնում է «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ն:

Այս ընկերությունն է իրականացնում նաև «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սպասարկումը, որտեղից հրապարակման ենթակա տվյալները հայտնվում են «Datalex» տեղեկատվական պորտալում:

«Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ պատճառով է 2 օր խափանվել էլեկտրոնային համակարգը: Արմեն Մանուկյանը նշեց, որ ծրագիրն անջատել են «Դատական դեպարտամենտից», իրենք որևէ կապ չունեն: Իսկ ծրագիրն անջատվել է, որպեսզի համակարգում աշխատանքներ կատարվեն: Նա հավաստիացրեց, թե ծրագրային խափանում չի եղել: «Մենք միայն ծրագրային ապահովմամբ ենք զբաղված, տվյալների կենտրոնը դատական դեպարտամենտն է ղեկավարում: Իրենք անջատել են աշխատանքներ տանելու համար»,- ասաց Արմեն Մանուկյանը:

Նշենք, որ «Datalex»-ը նույնպես պարբերաբար խափանվում է: Նույնիսկ դատավորները երբեմն չեն կարողանում վճիռներ հրապարակել:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանն էլ ասաց, որ դեպարտամենտն ու «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ն համատեղ են իրականացրել այդ աշխատանքները: 2 օր չի գործել, որպեսզի վերաթարմացնեն համակարգը, ինչի պատճառով հայցում են օգտագործողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար:

«Դրանք աշխատանքներ էին, որոնք պետք է իրականացվեին՝ նպատակ ունենալով էլ ավելի ուժեղացնել համակարգը»,- հավելեց Լ. Շաբոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter