HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին պլանավորում է պաշտոնից ազատել նաև Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություններ է անցկացնում ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, այլև գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այդ մասին գրում է «Украинская правда»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմում և ռազմական գերատեսչությունում իր աղբյուրներին։

«Գլխավոր շտաբից կհեռանա նաև Շապտալան։ Մնացած բոլորի մասով դեռ որոշում չկա»,- պարբերականին հայտարարել է բարձրաստիճան աղբյուրներից մեկը՝ պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում Ուկրաինայի ԳՇ-ում ինչ փոփոխություններ են նախատեսվում։ 

Ուկրաինական պարբերականի մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ «այս բոլոր իրադարձությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթվա կեսին»:

Փետրվարի 5-ին Վալերի Զալուժնին ֆեյսբուքյան իր էջում Սերգեյ Շապտալայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ:

«Մեզ համար դեռ շատ դժվար կլինի, բայց հաստատ երբեք չենք ամաչի։ Երջանիկ եմ, որ այս կյանքում և պատերազմի ժամանակ իմ կողքին եք եղել, մարդ, ում համար Ուկրաինան իրականում ամեն ինչից վեր է»,- գրել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը։

Վալերի Զալուժնիի ազատման մասին ուկրաինական և համաշխարհային լրատվամիջոցները գրում են հունվարի 29-ից, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպեց Վալերի Զալուժնիի հետ: Այս հանդիպման ժամանակ, ըստ տարբեր հրապարակումների աղբյուրների, Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է պաշտոնանկ անել նրան։ Զրույցից հետո, ինչպես պնդում էին The Times-ի աղբյուրները, միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, «իրենց մտահոգությունն էին հայտնել»։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը և պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել են, որ Զալուժնիին պատրաստվում են ազատել աշխատանքից: Այդուհանդերձ, ավելի ուշ, իտալական Rai News 24-ին տված հարցազրույցում Զելենսկին խոստովանել է, որ մտածում է Զալուժնիին ազատելու մասին։ Ըստ առկա տվյալների՝ վերջինս համաձայնվել է զբաղեցնել Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը։

Վլադիմիր Զելենսկիի և Վալերի Զալուժնիի միջև տարաձայնությունները, ինչպես կարծում են վերլուծաբանները, առաջացել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հրապարակավ հայտարարեց, որ պատերազմը փակուղի է մտել, իսկ Ուկրաինայի նախագահը հրաժարվեց իրավիճակը համարել պատային: Ինչպես նշում է The Washington Post-ը, Զելենսկիի և Զալուժնիի միջև անվստահությունն աճել է մի քանի տարվա ընթացքում, այդ թվում նաև այն պատճառով, որ նախագահը կասկածում էր, որ Զալուժնին քաղաքական հավակնություններ ունի:

Լուսանկարը՝ ukrinform.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter