HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու նոթբուքը գողացել են Onex-ի պահատուփից․ ընկերությունը պատասխանատվություն չի կրում

Լևոնը (չցանկացավ ազգանունը նշել) Amazon կայքից զեղչված արժեքով՝ 150 դոլարով, նոթբուք է գնել և Onex առաքման ծառայության միջոցով կազմակերպել դրա փոխադրումը Հայաստան։ Փոխադրման համար վճարել է 13 հազար դրամ։ Հունվարի 19-ի առավոտյան ծանուցում է ստացել Onex-ից, որ իր պատվերն արդեն տեղադրվել է Երևանի Ադոնցի 6 հասցեում գտնվող պահատուփում (լոքերում)։

«Երեկոյան գործից հետո գնացի, որ վերցնեմ, պարզվեց՝ լոքերը չի բացվում։ Զանգեցի իրենց, ասացին՝ արդեն վերցրել են այդ բեռը։ Իրենց կամերայից վիդեո ուղարկեցին, որ առավոտյան 11-ի սահմաններում Yandex-ի առաքիչ է գալիս, կոդը հավաքում, նոթբուքը վերցնում և գնում է»,- պատմում է Լևոնը։

Onex-ից Լևոնին հայտնել են, որ իրենք պատասխանատվություն չեն կրում, երբ լոքերից բեռ են գողանում։ Լևոնը ցանկացել է ընկերության տնօրենից պարզաբանում, սակայն տնօրենի հետ կապ հաստատելու միակ տարբերակը եղել է գրավոր դիմումը։ Ի պատասխան Լևոնի դիմումի՝ ընկերության տնօրեն Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է․ «Բարկոդը հասանելի է միայն հաճախորդի անձնական էջում։ Բարկոդը մեկ անգամ օգտագործելուց հետո այլևս անվավեր է։ Համաձայն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների «Ընդհանուր դրույթների և պայմանների» 11․5-րդ կետի՝ առաքանիները ստանալու համար հաճախորդին տրամադրված անհատական բարկոդի գաղտնիության պատասխանատվությունը կրում է հաճախորդը»։

Պատասխանում տնօրենը մանրամասնել է դեպքի հանգամանքները, որ առաքիչը հեռախոսազրույց ունենալուց հետո լոքերի էկրանին հավաքել է կոդը, բացվել է դարակը և ստացել բեռը։ Բեռը ստացող անձը այն վերցրել է կոդի առաջին իսկ մուտքագրումից։ Ընկերությունը տրամադրել է նաև տեսանյութը, որտեղ չի երևում առաքիչի դեմքը, սակայն երևում է ուսապարկի համարը։ Լևոնը խանութի տեսախցիկներից ևս խնդրել է տեսանյութը, այնտեղ արդեն հստակ երևում է առաքիչի դեմքը։

Լևոնը չի դիմել Ոստիկանություն․ ակնկալիք չունի ո՛չ իրավապահ մարմիններից, ո՛չ Onex-ից։ Նա Onex ընկերությանը դատի տալու համար խորհրդակցել է փաստաբանի հետ, սակայն վերջինս ասել է, որ ըստ ընկերության անվտանգության դրույթների՝ նրանք պատասխանատվությունից ազատվում են։

«Ես չեմ մտածում, որ դա ինձնից են գողացել, ես չեմ ընդունում այդ փաստը, որ եթե լոքերում է, ուրեմն վերջ։ Եթե իմ մոտ լիներ, իմ մեքենայից կամ տնից գողացած լինեին, ուրիշ բան։ Բայց եթե Onex-ի լոքերից գողացել, տարել են, ընկերությունն իր լոքերի մասին չի մտածու՞մ»,- հարցնում է Լևոնը։

Նա ընկերությանը հարցրել է՝ արդյոք կայքի անվտանգության հետ կապված խնդիրներ չկա՞ն, ընկերությունը հերքել է այդ վարկածը։

Լևոնը կապ է հաստատել նաև Yandex առաքման ծառայության աջակցման կենտրոնի հետ, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղից պատասխանել են՝ երբ Ոստիկանությունը հարցում ուղարկի, անձի վերաբերյալ ինֆորմացիան կտրամադրեն։ Սակայն, միևնույն է, նա չի ցանկանում դիմել Ոստիկանություն՝ համարելով ապարդյուն և խուսափելով քաշքշոցներից ու ժամանակի վատնումից։

Onex ընկերությունից քաղաքացուն հայտնել են, որ նման դեպքեր մի քանի անգամ էլ պատահել են, բայց բացահայտվել են, եղել են սխալմունքի արդյունք, և բեռը վերցնողը վերադարձրել է։

Լևոնը չի բացառում նաև, որ իր առաքանիի գողությունը կատարված լինի հենց ընկերության աշխատակիցների կողմից։ «Ես նոթբուքը գնելիս Onex-ում գրել եմ, որ նոթբուք է, ինվոյսն եմ կցել, որ եթե մաքսազերծման հարց լինի, իրենք իմ ինվոյսով անեն, ու դրա համար իրենց վճարեմ։ Հենց իրական արժեքն էլ գրել էի, իրական ինվոյսն էլ կցել էի, որ մաքսազերծման հարցերով ես անձամբ չզբաղվեի»,- ասում է նա՝ անհավանական համարելով պատահականությունը, որ հենց այդ օրը այդքան լոքերից իրենը բացվեց, ու իր նոթբուքը վերցրին և տարան։

Մեկնաբանություններ (1)

Վահռամ
Նաև այլ պատճառ կարող է լինել, օրինակ ինձ այս տարի sms եկավ, որ ձեռ բեռը այիսնչ տեղն է և այսինչ կոդի տակ; զանգահարեցի Օնեսքս, ասեցի որ ես բեռ չեմ պատվիրել, և հավանաբար այլ մարդու է, և խնդրեցի ճշտեն, պարզվեց, որ իմ հեռախոսահամարն էր իրենց մոտ մուտքագրված, բաց այլ հաճախորդի անուն,,, փաստորեն եթե չզանգահարեյի, չճշտեյի և գնայի բեռը վերցնեյի, դրա համար որևէ պատասխանատվության ոչ մեկ չեր ենթարկվելու?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter