HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արամ Հարությունյանի ներկայացուցիչները միջնորդեցին 32 վկայի հարցաքննել

Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 6-ին շարունակվեց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա կնոջ և փեսայի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։

Պատասխանողների ներկայացուցիչներ Արամ Օրբելյանը և Արթուր Հովհաննիսյանը ներկայացրին 7 միջնորդություն։

Դրանցից առաջինը նոր ապացույցներ ներկայացնելը թույլատրելու և դրանց ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին էր։ Արթուր Հովհաննիսյանը թվարկեց մի շարք փաստաբանական հարցումներ, փաստաթղթեր՝ տրված տարբեր կազմակերպությունների կողմից։ Պատասխանողի ներկայացուցիչների պնդմամբ՝ նշված փաստաթղթերը հիմնավորում են տվյալ կազմակերպությունների՝ Արամ Հարությունյանի հետ առնչություն ունենալու հանգամանքը։ «Մենք փորձելու ենք հաստատել, որ այս ընկերությունները փաստացի պատկանել են Արամ Հարությունյանին, և այդ ընկերությունների շահույթը 90-ական թվականներին փոխանցվել է նրան»,- ասաց փաստաբանը։

Նա հիշատակեց նաև անասնաֆերմայի վաճառքի վերաբերյալ փաստաթուղթը։ Ըստ Հովհաննիսյանի՝ այն պատկանել է Արամ Հարությունյանի եղբորը՝ Անդրանիկ Հարությունյանին, որը այն 90-ականներին օտարել է և վաճառքից ստացած 20 հազար դոլարը տրամադրել է Արամ Հարությունյանին՝ իր բիզնես գործունեությունն իրականացնելու համար։

«Ե՛վ ընկերությունների շահույթը, և՛ անասնաֆերմայի վաճառքի գումարը մենք փորձելու ենք ցույց տալ, որ հետագայում ուղղված է եղել այս գործում առկա գույքերի ձեռքբերմանը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը, ի պատասխան միջնորդության, ասաց՝ եթե անձը չի գրանցվել պետական ռեգիստրում և չի հանդիսանում որևէ ընկերության մասնակից, ապա բանավոր հաղորդումը երբևէ չի կարող անձի մասնակցությունը հիմնավորող ապացույց հանդիսանալ։

Դատախազի խոսքով՝ եթե անգամ ընդունելի լինի այն փաստը, որ Արամ Հարությունյանը եղել է այդ ընկերությունների փաստացի սեփականատերը, միևնույն է, այդ ապացույցները թույլատրելի չեն։ «Նշանակում է՝ վերջինս դարձել է պաշտոնատար անձ ու դրանից հետո անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունենալով հանդերձ՝ այլ անձի միջոցով է զբաղվել, հովանավորչություն է արել, ու դա ընդունենք որպես օրինական եկամու՞տ»,- ասում է Ամիրխանյանը։

Արամ Օրբելյանն արձագանքեց դատախազի այս մոտեցմանը՝ նշելով, թե այդ պարագայում գույքերի մի մասը, որը Դատախազությունը ցանկանում է բռնագանձել, Արամ Հարությունյանի անունով գրանցված չէ։ Նա ճշտող հարց ուղղեց, թե բոլոր դեպքերու՞մ է դատախազը կարծում, որ եթե անձը գրանցված չէ որպես բաժնետեր, ուրեմն չի կարող հանդիսանալ սեփականատեր։

Սիրո Ամիրխանյանն էլ պատասխանեց՝ այն դեպքերում, եթե չկան բավարար տվյալներ, որ այդ անձն է իրական շահառուն։

Օրբելյանը հավելեց նաև, որ Քաղաքացիական օրենսգիրքը դեռ ուժի մեջ մտած չի եղել այդ շրջանում և պետք է առաջնորդվել այդ շրջանում կիրառելի եղած օրենքներով։ Արթուր Հովհաննիսյանի կարծիքով էլ անգամ ներկայիս օրենսգիրքը չի արգելում անձին, որ հանձնարարի մեկ այլ անձի բացել ընկերություն, հանձնարարի, թե ինչպես պետք է կառավարվի այդ ընկերությունը և հանձնարարի, թե շահույթը ինչպես պետք է բաժանվի։

Դատարանը բավարարեց պատասխանողների ներկայացուցիչների միջնորդությունը՝ թույլատրելով ապացույցները և այս փուլում չանդրադառնալով այդ ապացույցների արժանահավատության գնահատմանը։ «Այս փուլում ապացույց թույլատրելը սկզբնական ֆիլտրի գործառույթ է»,- նշեց դատարանը։

Երկրորդ միջնորդությամբ պատասխանողների ներկայացուցիչները խնդրեցին դատարանին որպես վկա հրավիրել Արթուր Յաշայի Գևորգյանին։ Փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այդ անձը եղել է «Ինկոմպետրոլսերվիս» ՍՊԸ-ի և «Ինկոմպետրոլսերվիս Ույուտ» ՍՊԸ-ի տնօրենը։ Պատասխանողի ներկայացուցչի խոսքով՝ փաստաբանական հարցում է արվել Արթուր Գևորգյանին, որտեղ վերջինս ասել է՝ թեև ընկերություններն իր անունով են գրանցված եղել, փաստացի դրանք պատկանել են Արամ Հարությունյանին և ինքը կատարել է միայն տնօրենի գործառույթներ և ստացել աշխատատավարձ։ Ընկերության եկամուտները նույնպես ամբողջությամբ փոխանցել է Արամ Հարությունյանին։

Դատախազ Սիրո Ամիրխանյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ընկերության եկամուտները, որոնք փոխանցվել են Արամ Հարությունյանին, գերազանցում են նվազագույն աշխատավարձի 20-ապատիկը, ուստի վկայի ցուցմունքով այդ հանգամանքը չի կարող հաստատվել։ Նման չափի գումարի դեպքում օրենքը պահանջում է գրավոր պայմանագիր։ Դատախազը նշում է՝ պատճառը այն է, որ դատավարության ընթացքում դատարանի կողմից հաստատված փաստը լինի օբյեկտիվ իրականությանը հնարավորինս համապատասխան։ «Որ մարդիկ հանցավոր համաձայնությունների չգան և իրականում տեղի չունեցած փաստեր չհաստատեն։ Այլապես՝ ցանկացած ոք կարող է գալ դատարան, ցանկացած գումարային մեծություն այլ անձի փոխանցած լինելու վերաբերյալ տալ ցուցմունք»,- ասում է Սիրո Ամիրխանյանը։

Արամ Օրբելյանը պնդեց, որ կողմերն իրավունք ունեն ցանկացած փաստ ապացուցելու համար բերել ցանկացած ապացույց, քանի դեռ ուղղակիորեն արգելված չէ։ «Միակ սահմանափակումը վեճի դեպքում է, իսկ վեճ չկա։ Գործարքի առկայության վերաբերյալ վեճ չկա կողմերի միջև»,- ասաց Օրբելյանը։

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, թե վկայի ցուցմունքը կազմակերպությունից շահույթ ստանալը և այդ շահույթը Արամ Հարությունյանին փոխանցելը չեն կարող հաստատվել վկայի ցուցմունքով։

Երրորդ միջնորդությամբ պատասխանողների ներկայացուցիչները դատարանին խնդրեցին որպես վկա հրավիրել 32 անձի։ Այդ վկաների մեջ էին նաև Արամ Հարությունյանի եղբայր Անդրանիկ Սարգսյանը, որը պատասխանող կողմի պնդմամբ՝ հարցաքննության ժամանակ խոսելու է անասնաֆերման վաճառելու և այդ գումարը Արամ Հարությունյանին փոխանցելու մասին։ Դատախազի ուշադրությունը գրավեցին նաև վկաների ցանկում ներառված Ավետիք Սարգսյանը, Պետրոս Գևորգյանը, որոնք խոսելու են համապատասխանաբար՝ մոտ 1․5 մլն դոլարը Արամ Հարությունյանին տալու, ինչպես նաև երկու ընկերությունների՝ Արամ Հարությունյանին պատկանելու մասին։ Դատախազի կարծիքով՝ վկաների ցուցմունքները այս պարագայում ևս վկաների ցուցմունքները չեն կարող հաստատել այդ հանգամանքները։

Արամ Օրբելյանն ասում է՝ եթե գույքին փաստացի տիրապետելու հանգամանքը դատախազությունը կարող է ապացուցել այլ եղանակներով, ապա իրենք ևս պետք է հնարավորություն ունենան ապացուցելու փաստացի տիրապետման փաստը այլ եղանակներով, այդ թվում՝ վկայի ցուցմունքներով։

«Մենք ակնկալում ենք դատարանից լրիվ նույնական վերաբերմունք։ Եվ քանի չբերեն գրանցված սեփականության իրավունք, քանի չբերեն բանկային հաշիվներ, որոնց վրա կլինեն դրամական միջոցներ, քանի չբերեն արտասահմանում գտնվող գույք, որը գրանցված կլինի Արամ Հարությունյանի անունով, քննարկան ենթակա չդարձնեք»,- ասաց Օրբելյանը՝ պնդելով, որ վկայի ցուցմունքով իրենք կարող են ապացուցել, որ ընկերությունները պատկանել են Արամ Հարությունյանին։

«Եթե այլ որոշում կայացրիք, որով դատախազը կկարողանա վկայի ցուցմունքով ապացուցել նմանատիպ փաստ, ապա սա լինելու է ակնհայտ երկակի մոտեցում»,- դիմեց Օրբելյանը դատավորին։

«Սպառնու՞մ եք»,- արձագանքեց դատավոր Կարապետ Բադալյանը։ Օրբելյանն ասաց՝ չի սպառնում, այլ արձանագրում է դիրքորոշումը՝ հետագայում բողոքարկման ենթակա հարցերի վերաբերյալ։

Դատարանը ընթերցեց միջնորդությունը՝ հատ առ հատ հնչեցնելով վկաների անունները և նրանց դատարան հրավիրելու նպատակը։ Կարապետ Բադալյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ այդ փաստերը չեն կարող ապացուցվել վկաների ցուցմունքներով։ Դատարանն ընդգծեց, որ պատասխանողները զրկված չեն այդ փաստերը այլ ապացույցներով հաստատելու հնարավորությունից։ 

Չորրորդ միջնորդությունը ապացույցները թույլատրելու վերաբերյալ էին։ Այդ ապացույցները ներառում էին մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Արամ Հարությունյանի աշխատավարձի վերաբերյալ։ Նաև փաստաբանական հարցումների պատասխաններ էին ներառված նույն վկաներից ստացված, որոնց դատարան հրավիրելու միջնորդությունը մերժվեց։ Դատախազը դիրքորոշում հայտնեց, որ եթե այդ մարդկանց բանավոր կերպով ասածները հանձնել են թղթին և ձևակերպել են որպես փաստաբանական հարցման արձանագրություն, այն չի դառնում գրավոր ապացույց։ Ըստ դատախազի՝ նույն մարդկանց հարցաքննությունը եթե չթույլատրեց դատարանը, ապա այս ապացույցները ևս չպետք է թույլատրի, քանի որ ներառում են այդ մարդկանց ասածները՝ որպես փաստաբանական հարցման պատասխան։

Սակայն դատարանը համաձայն չէր դատախազի հետ՝ արձանագրելով, որ փաստաբանի կողմից հարցում կատարելը և դրա արդյունքները որպես գրավոր ապացույց ներկայացնելը օրենքով թույլատրելի են։ Միջնորդությունը դատարանը բավարարեց։

Հինգերորդ միջնորդությունը փաստաբանական հարցման արդյունքում Արխիվից  ստացված պատասխանը որպես ապացույց թույլատրելու վերաբերյալ էր, այն նույնպես բավարարեց դատարանը։

Վեցերորդ միջնորդությամբ պատասխանողների ներկայացուցիչները խնդրեցին թույլատրելի ապացույց համարել նախորդիվ իրենց հարցումներին տրված պատասխանները կրկին Արխիվի կողմից։

Իսկ յոթերորդ միջնորդությունն այն մասին էր, որ պատասխանողների ներկայացուցիչները Ֆինանսների նախարարությունից համապատասխան հաշվանցումների վերաբերյալ տեղեկատվություն են խնդրել, դիմումը նախարարությունը վերահասցեագրել է ՊԵԿ-ին, որը չի տրամադրել՝ նշելով, թե հարկային գաղտնիք պարունակող տեղեկություն են։ Պատասխանողների ներկայացուցիչները խնդրեցին դատարանի միջամտությունը, որ ստանան այդ տվյալները։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 16։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter