HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

2024թ․-ին Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի 257 տոննայի չափով․ Ջրային պարեկային ծառայությունը նոր տեխնիկայով կհամալրվի

Կառավարության փետրվարի 8-ի նիստի զեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր Սևանա լճում որսի թույլտվության և ձկնորսության վերահսկողությանը։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախագծի զեկուցման ընթացքում ասաց, որ Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել և սահմանվել է Սևանա լճում արդյունաբերական որսի չափաքանակը։

«Մենք չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությանների վրա․ 2023-ի դեկտեմբերին ստացել ենք տվյալները, ըստ որի՝ միջև 2024-ի սեպտեմբերի 1-ը, ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար, տեղեկացնեմ, որ 2020 թվականից ենք սկսել քվոտայի տրամադրումը, 2020-2021 թվականներին եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-2023-ին եղել է 600 տոննայի շրջանակում։ 2024-ի հուլիս ամսին ԳԱԱ-ն նոր ուսումնասիրություն կանի, հասկանալու համար նոր քվոտայի հնարավորություն ունենք, թե ոչ և, ըստ էության,  որոշման ընդունումից հետո, ձկնորսները կարող են դիմել օրինական որսի քվոտա ստանալու համար»,- ասաց Հակոբ Սիմիդյանը։

Վարաչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք Չեխիայի գործընկերները պարզել են՝ ինչ պաշար կա Սևանա լճում։ Հարցին ի պատասխան Հակոբ Սիմիդյանն ասաց, որ պայմանագրով փետրվարի 29-ն է վերջնաժամկետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ձկնորսության վերահսկողությանը և նշեց, որ երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ որ արգելքը գործադրվում է՝ նշելով, որ արգելքը իրականացվեց Ջրային պարեկային ծառայության օգնությամբ։ Նա այս առիթով ասաց՝ սա այն դեպքերից է, որ քաղաքական կամքը բավարար չէ, և 2024 թվականի ընթացքում Ջրային պարեկային ծառայությունը կհամալրվի նոր տեխնիկայով՝ երկու մոտորանավակով, որոնք արդեն գնված են։

«Գուցե ձևակերպումս տարօրինակ հնչի, բայց առաջին անգամն է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, և սա շատ կարևոր արձանագրում է, բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել՝ ինչի և ում համար ենք անում այս ամենը։ Առաջին հերթին այն մարդկանց համար, որոնք իրենց ընտանիքի կարիքները հոգում են Սևանա լճում ձկնորսություն իրականացնելով, այսինքն այս ամենն, ինչը արվում է Սևանում ձկնապաշարի վերարտադրությունը և բազմացումը ապահովելու համար։ Իհարկե, դա ազգային հարստություն է, պետական հարստություն է, բայց մեծ հաշվով Սևանում ձկնապաշարի նորմալ արտադրության և բազմացման առաջին շահառուները հենց Սևանի ավազանում ապրողներն են, որոնք փորձում են ընդդիմանալ կամ բողոքում են այդ սահմանափակումների կապակցությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսվեց նաև ձկնորսության թույլտվությունների շեմը սահմանելու և սահմանվածի չափով ձկնորսությունն ապահովելու մասին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանված չափով ձկնորսության թույլտվությունն ամբողջությամբ չի բաշխվում ձկնորսներին, բայց ձկնորսության իրական պատկերը այլ է, մարդիկ ավելի շատ են որսում սահմանված չափից։

«2022-2023թթ․-ին սահմանել ենք 600 տոննա քվոտա։ Մարդիկ դիմում են և մեկ կիլոգրամի դիմաց 65 դրամ վճարում է արվում պետբյուջե։ Հասկանալի է, որ սիգի շուկայական արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է։ Մենք 2022-ին իրացրել ենք 566․1 տոննա, բայց բոլորս գիտենք, որ իրական որսը կրկնակի ավել է, բայց նույնիսկ այս քվոտան, որի դիմաց պետք է վճարում ապահովվեր, մենք գոնե այդ 600 տոննայի վճարումը չենք կարողացել ապահովել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անընդունելի համարեց այս հանգամանքը՝ նշելով՝ ավելի մեծ խնդիր է այն, որ 2023-ին այդ ցուցանիշը նվազել է՝ դառնալով 390 տոննա։ Անընդունելի համարեց նաև 65 դրամ սահմանված գինը։ Հակոբ Սիմիդյանը նշեց, որ վիճակագրությունն առանձնացրել են, և քննության առարկա է, թե ինչ է տեղի ունենում, ինչու ձկնորսները սահմանված չափաքանակի համար դիմումներ չեն ներկայացնում։ Հավելելով՝ ենթադրություններ կան, բայց գնահատումը անպայման կունենան։

«Ենթադրությունը ո՞րն է, առանց թույլտվության ձկնորսություն են անում, ոչ մեկ իրենց չի վերահսկում։ Ի՞նչ ենթադրություն, շատ ուղիղ փաստ է, բոլորս գիտենք, որ այնտեղ արվել է 600 տոննան գերազանցող որս։ Այսինքն՝ այդ 65 դրամի հետևից էլ չենք գնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց՝ մինչև վճարի վերանայումը, պետք է սահմանված քվոտան ամբողջությամբ իրացվի։ Նա նաև ասաց, որ եթե կարող է հիմնավորվել, որ ոչ թե 600 տոննա, այլ 390 տոննա ձուկ է բռնվել, այդ դեպքում ոչ ոք չի պարտադրում սահմանված քվոտան ամբողջությամբ իրացնել։ Հակոբ Սիմիդյանը հավելեց, որ Էկոպարեկային ծառայության հիմնման արդյունքում հսկողությունն ավելի կուժեղանա, և վերահսկողությունը ավելի լավ կլինի։

 

Լուսանկարը՝ ՇՄ նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter