HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է նաև Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետին. Շապտալային կփոխարինի Անատոլի Բարգիլևիչը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչին: Այդ մասին Զելենսկին հայտնել է իր երեկոյան տեսաուղերձում։

Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Սերգեյ Շապտալան։ Բարգիլևիչն էլ իր հերթին ղեկավարում էր Ուկրաինայի ԶՈւ տարածքային պաշտպանության ուժերը։

«Գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու առաջարկով՝ գլխավոր շտաբի նոր պետ է նշանակվել գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչը։ Փորձառու մարդ, որը հասկանում է այս պատերազմի խնդիրները և ուկրաինական նպատակները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ Սիրսկին արդեն որոշել է, թե ովքեր կլինեն իր տեղակալները։ Նրանց ազգանունները, սակայն, Ուկրաինայի նախագահը չի նշել։

«Բոլոր տղաները՝ մարտական, պրոֆեսիոնալ, յուրաքանչյուրը՝ ռազմաճակատի և ուկրաինացի զինվորների իրական կարիքների հստակ իմացությամբ»,- հավելել է Զելենսկին։

2014-2016 թվականներին Բարգիլևիչը զբաղեցրել է գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության օպերատիվ պատրաստության բաժնի պետի պաշտոնը: «РБК-Украина»-ն գրում է, որ այնուհետ նա նշանակվել է ԶՈւ ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման վարչության պետ, որտեղ պատասխանատու էր տարածքային պաշտպանության զարգացման համար։ 

2020-2022 թվականներին Բարգիլևիչը կատարել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալի պարտականությունները։ 2022-2023 թվականներին Բարգիլևիչը զբաղեցրել է «Հորտիցա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբավորման շտաբի պետի պաշտոնը, որի պատասխանատվության ոլորտում էր ռազմաճակատի արևելյան հատվածը։ Այս խմբավորման հրամանատարն էր Ալեքսանդր Սիրսկին։

Փետրվարի 8-ին Զելենսկին Վալերի Զալուժնիին ազատեց Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2021 թվականից։ Գլխավոր հրամանատարի պաշտոնը Զելենսկին վստահեց Ալեքսանդր Սիրսկիին, որը մինչ այդ գլխավորում էր Ուկրաինայի ցամաքային զորքերը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter