HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Գիտական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերից տարիներ շարունակ պահումներ են արվում

Կարինե Սառիկյանը 1990 թվականից աշխատում է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։  Վերջին 4 տարին, գիտնականի խոսքով, իրենք աշխատավարձ ստացել են ոչ ամբողջական։ Ամեն տարի որոշ ամիսների նախատեսված աշխատավարձից պակաս են ստացել։ Դիմել են տնօրենին՝ Գայանե Սարգսյանին, վերջինս երբեք հստակ պատասխաններ չի տվել վճարումները կատարելու վերաբերյալ։

Կարինե Սառիկյանը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի մորմազգի մշակաբույսերի սելեկցիայի և մշակության տեխնոլոգիայի բաժնի վարիչն է։ Կենտրոնը գտնվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղում։

Սառիկյանը թվարկում է աշխատակիցների անունները, որոնք տեւական ժամանակ չվճարվելուց հետո ազատվել են աշխատանքից։

Դարակերտ գյուղի շատ բնակիչներ կենտրոնում երկար տարիներ աշխատել են որպես բանվորներ, տրակտորիստներ:  Կենտրոնը նրանց հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, նրանք էլ ամբողջությամբ չեն ստացել  աշխատավարձերը։  

«Հետքը» զրուցել է նախկին աշխատակիցներից մի քանիսի հետ։ Նրանց մի մասը ցանկացել է անանուն մնալ։ Բանվորներից մեկը պատմեց, որ Գայանե  Սարգսյանը տարիներ շարունակ չի վճարել իր աշխատավարձն ամբողջությամբ, ինքն էլորոշել է դուրս գալ աշխատանքից, քանի որ այլեւս չի կարողացել ընտանիքի կարիքները հոգալ։

Բաժինը փակվում է, երբ բաժնի վարիչը բողոքում է

Գոհար Կիրակոսյանը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի Ծածկած գրունտի մշակաբույսերի սելեկցիայի և մշակության տեխնոլոգիաների բաժնի վարիչն էր։ Վերջինս կենտրոնի երիտասարդ գիտնականներից է։ Աշխատավարձի ոչ լիարժեք վճարման համար բողոքելուց հետո տնօրենի  վերաբերմունքը Գոհարի նկատմամբ փոխվել է, երիտասարդ գիտնականի խոսքով՝ իր վրա ճնշումներն այնքան են շատացել, որ չի ուզում աշխատանքի գնալ։ Գոհարը նաև ամբողջությամբ չի ստացել ֆիզարձակուրդի գումարը։

«Հունվարի 10-ին գիտխորհրդի նիստում, որոշվել է՝ քանի որ բաժնում աշխատող չկա, այն պետք է լուծարել, չնայած երկու աշխատող էինք, մյուս աշխատողը ֆիզարձակուրդում էր։ Բաժինը լուծարվեց, բայց մինչև լուծարվելու որոշում կայացնելը՝ հունվարի 10-ի նիստը, ես հունվարի 3-ին ստացա ոչ թե բաժնի վարիչի, այլ ավագ գիտաշխատողի աշխատավարձ, այսինքն մինչև գիտխորհրդի նիստը՝ մինչև տնօրենների խորհրդի եզրակացությունը, արդեն որոշված էր, որ բաժինը փակվելու է։ Նման տրամաբանությամբ եթե առաջ շարժվենք, ապա լաբորատորիան եւս պետք է փակվի, քանի որ աշխատող չկա։ Շատ վատ է, երբ անարդար են վերաբերվում, և երիտասարդ գիտնականներն էլ հիասթափվում են ու չեն ուզում աշխատել»,- ասում է Գոհար Կիրակոսյանը։ Նա այժմ համարվում է կենտրոնի ավագ գիտաշխատող։ 

Աշխատակիցները որոշել են բարձրաձայնել կատարվածի մասին

Կարինե Սառիկյանը տնօրենից բավարար պատասխաններ չստանալուց հետո որոշել է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի և էկոնոմիկայի նախարարություններ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ընկերության դրամական միջոցների վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից դրվել է արգելանք՝ նախորդ վեգետացիոն շրջանում սպառված գազի դիմաց չկատարված վճարների համար, որով պայմանավորված՝ հնարավոր չի եղել նոյեմբեր ամսվա աշխատավարձի վճարումներն  իրականացնել։ Նախարարության պատասխանում նշված է նաեւ, որ ընկերության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ աշխատավարձի վճարման հնարավորությունը ապահովելու ուղղությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացու դիմումը վերահասցեավորել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ։ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում 2024 թվականի հունվարի 8-ից 12-ը  իրականացվել են ստուգումներ։ Հունվարի  15-ին անցկացվել են լսումներ։ Տեսչական մարմինը դեռևս չի հայտնել լսումների արդյունքները։

Ոստիկանության աշխատակիցները զրուցել են աշխատակիցների հետ

2024 թվականի հունվարի 24-ին Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազոր Արթուր Բաղդասարյանը այցելել է գիտական կենտրոն և տնօրենի աշխատասենյակում առանձնազրույցներ ունեցել կենտրոնի բոլոր աշխատակիցների հետ։

Աշխատակիցների հետ զրուցելուց հետո Ոստիկանության աշխատակիցը կանչել է բոլորին ու տվել  իրենց հետ ունեցած առանձնազրույցների տպագիր տարբերակները ու ասել, որ պետք է ստորագրեն։ Կարինե Սառիկյանը կարծում է, որ արձանագրությունը նախապես կազմված է եղել, ու փոփոխվել են միայն որոշակի անձնական տվյալներ։

Ինչու է Ոստիկանության օպերլիազորն  այցելել հիմնարկ: Մեր հեռախոսազրույցի ժամանակ նա ասել է, որ կենտրոն է այցելել անանուն բողոք-նամակի հիման վրա։

«Զրուցելուց հետո միանգամից տվեցին թղթերը ու ասացին, որ ստորագրենք։ Ես, իհարկե, ծանոթացա բովանդակությանը։ Տուն գալուց հետո, երբ աղջկաս հետ խոսում էի, մտաբերեցի բովանդակությունն ու հասկացա, որ անհամապատասխանություններ կան իմ պատմածի և Ոստիկանության աշխատակցի հետ ունեցած զրույցի արձանագրությունում։ Գնացի բաժին, որպեսզի փոխեմ թուղթը ու գրեմ այն, ինչ իրականում պատմել եմ»,- ասում է Սառիկյանը։

Ոստիկանության Մասիսի բաժնում Կարինե Սառիկյանը Արթուր Բաղդասարյանին խնդրել է հնարավորություն տալ փոփոխություններ անել ու նոր գրություն կազմել։ Սառիկյանի խոսքով՝ Արթուր Բաղդասարյանն ասել է, թե չեն կարող և աշխատակիցների հետ ունեցած զրույցների արձանագրություններն արդեն ուղարկվել են Դատախազություն։ Սառիկյանը պնդել է, որ կգնա Դատախազություն ինչին ի պատասխան Բաղդասարյանն ասել է, որ Ոստիկանության մեկ այլ աշխատակից կլսի Սառիկյանին և նոր արձանագրություն կկազմի։ Փոփոխված արձանագրությունը կազմել է Ոստիկանության օպերլիազոր Արման Սևոյանը։

«Ոչ մի գրություն Դատախազություն ուղարկված չէր, բոլորի արձանագրությունները դրված էր ոստիկանության աշխատակցի սեղանին։ Իմ նախորդ արձանագրության մեջ նշված էր միայն երկու ամսվա չվճարված աշխատավարձերի մասին, բայց նոր արձանագրությունում պահանջեցի, որ նշեն ամբողջ չվճարված ժամանակահատվածի մասին»,- ասում է Սառիկյանը։

Մեր հեռախոսազրույցի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ասաց, որ չի ցանկանում իր անունը հրապարակվի հոդվածում։

Նա հաստատեց, որ անանուն բողոքի հիման վրա են գնացել կենտրոն, և քանի դեռ գործը նախաքննության փուլում է ոչինչ հայտնել չեն կարող։

Արձանագրության փոփոխության մասին խոսելիս Բաղդասարյանը նշեց, թե Սառիկյանը սկզբում չի պատմել նախորդ չստացած աշխատավարձերի մասին և իր պատմածով է  կազմվել  արձանագրությունը։

Կենտրոնի տնօրենն ու էկոնոմիկայի նախարարությունը նույն պատասխանն են տալիս

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից հայտնել են, որ 2019 թվականի ապրիլի 4-ի որոշման համաձայն՝ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի փաթեթի կառավարման ամբողջ լիազորությունը վերապահել է էկոնոմիկայի նախարարությանը։

Ընկերության աշխատողների աշխատավարձերի 60 %-ը ապահովվում է Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեի կողմից բազային ֆինանսավորմամբ, իսկ 40 %-ը՝  արտաբյուջեի հաշվին, որը գոյանում է ընկերության կանոնադրությամբ վերապահված գործառույթների իրականացման միջոցով։ Արդյունքում կնքված պայմանագրային պարտավորությունների ուշացումը կարող է հանգեցնել արտաբյուջեի հաշվին վճարվող աշխատավարձերի ուշացմանը։

Նախարարությունն անդրադարձել է 2023 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձերի չվճարմանն ու հայտնել, որ այն պայմանավորված է եղել վեգետացիոն շրջանում ընկերությունում սպառված գազի դիմաց չկատարված վճարների համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք դնելու հանգամանքով։

Նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 5-ից սկսվել է վճարման գործընթացը։

Գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը մեր հեռախոսազրույցի ընթացքում նույնպես նշեց նույն պատճառները՝ ունեցել են չվճարած գազի պարտք, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կալանք է դրել ընկերության հաշիվների վրա։ Վերջինս հավաստիացրեց, որ աշխատողների չվճարած աշխատավարձերը սկսել են վճարել:

Չնայած Ոստիկանության աշխատակից Արթուր Բաղդասարյանը  Կարինե Սառիկյանին հայտնել է, որ գործը ուղարկվել է Դատախազություն, սակայն Գլխավոր դատախազությունից մեր հարցմանը պատասխանել են, որ   Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի մասին տեղեկատվություն առկա չէ։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Կարինե Սառիկյանի լուսանկարը՝ անձնական արխիվից

Գայանե Սարգսյանի լուսանկարը՝ գիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter