
Մոսկվան Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում իրավիճակի ներկայիս սրման վերաբերյալ և հույս ունի, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը կշարունակվի։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, դրանք տագնապալի լուրեր են, որոնք գալիս են Ադրբեջանի և Հայաստանի շփման գծից, երկու կողմերին էլ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի ամեն կերպ խուսափեն ցանկացած գործողությունից, որը մյուս կողմը կարող է համարել սադրիչ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական կողմը շատ ուշադիր կհետևի դեպքերի զարգացմանը և կշարունակի շփումները երկու կողմերի հետ։
Պեսկովի գնահատմամբ՝ «նման միջադեպերն առնվազն չեն նպաստում այդ գործընթացի առաջխաղացմանը (նկատի ունի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ խմբ.) և խաղաղության պայմանագրի ստորագրման պահին մոտենալուն»։ «Բայց մենք հույս ունենք, որ այդ գործընթացը կունենա իր շարունակությունը»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում իրավիճակը լարվել էր նախորդ երեկոյից։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ադրբեջանցի մեկ զինծառայող էր վիրավորվել։ Ինչպես պնդում է Բաքուն, ադրբեջանական զինուժը պատասխան գործողություններ է ձեռնարկել։ Այդ լուրը հաստատել է նաև ՀՀ ՊՆ-ն։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ հայկական կողմն ունի 4 զոհ։
Լուսանկարը՝ msmap.ru-ից
Մեկնաբանել