HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սագամարը» նոր տարածքներ չի ուսումնասիրի․ նախարարությունը բացասական եզրակացություն է տվել

Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ն նոր տարածքներ չի ուսումնասիրի։ Ընկերության հայտը՝ Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» հեռանկարային տարածքի երևակումներում 2024-2027թթ. երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ, բացասական եզրակացություն է ստացել։

«Սագամարը» 5149.7 հա տարածքի համար էր հայտ ներկայացրել։ Ինչպես պարզվել է փորձաքննության ընթացքում, այդ տարածքները խնդրահարույց են։

Մասնավորապես, փորձաքննական գործընթացում հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ երկրաբանական ուսումնասիրության նպատակով հայցվող տեղամասի զբաղեցրած տարածքի հարավ-արևելյան հատվածը համընկնում է «Գյուլագարակի» պետական արգելավայրի տարածքի արևմտյան հատվածի հետ։ Մինչդեռ հայտում հայցվող տարածքից արգելավայրի գտնվելու հեռավորության վերաբերյալ ներկայացվել է հակասական տեղեկատվություն։ Մասնավորապես, որ արգելավայրը երկրաբանահետախուզական տեղանքից գտնվում է ավելի քան 5 կմ հեռավորության վրա, կամ 14 կմ հեռավորության վրա, կամ ապահովված է 25-30 մ բուֆերային գոտի։

Բացի դրանից, երկրաբանական ուսումնասիրության նպատակով հայցվող տեղամասի հարավ-արևելյան մի հատվածը տեղակայված է Գարգառ գետի՝ արգելավայրի զբաղեցրած տարածքով հոսող վտակի ջրհավաք ավազանում։

«Հարկ է նշել, որ արգելավայրի ստեղծման հիմնական նպատակն է՝ այնտեղ աճող սոճու ռելիկտային տեսակի էկոհամակարգի պահպանությունը, ուստի ուսումնասիրության, ինչպես նաև հետագայում արդյունահանման աշխատանքների արդյունքում հնարավոր բացասական ազդեցության կենթարկվեն արգելավայրի ջրային և ցամաքային էկոհամակարգերը»,- նշել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ  Հերիքնազ Մկրտչյանը։

Հայտում երկրաձևաբանական, հողերի բնական տիպերի, լանջերի թեքության և սողանքային մարմինների տարածման սխեմատիկ քարտեզները չեն ներկայացվել բուն հայցվող տարածքի ուրվագծային արտացոլմամբ։

Հայցվող տարածքում կան ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված կենսաբազմազանության տեսակներ, սակայն նշված հանգամանքը հաշվի չի առնվել հայտի լրամշակումներում։

«Սագամար» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատներով պարփակված տարածքն ընդգրկված է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի, Փամբակ համայնքի Արջուտ բնակավայր և Ստեփանավան համայնքի՝ Ստեփանավան, Ուրասար բնակավայրերի վարչական սահմաններում, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը հավաստվում է Կադաստրի կոմիտեի կողմից ստացված կարծիքով, սակայն հայցվող տարածքում Ստեփանավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողամասի ընդգրկվածության վերաբերյալ տեղեկատվությունն ի սկզբանե չի եղել հայտում։ Իսկ հանրային քննարկումները կազմակերպվել և իրականացվել են Արմանիս բնակավայրում։

Արջուտ բնակավայրում իրականացված հանրային 2-րդ քննարկման մասնակիցների մի մասը դեմ է արտահայտվել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին, և հանրային քննարկման ընթացքում դեմ են քվեարկել, սակայն այն արտացոլված չէ Փամբակ համայնքի ղեկավարի ստորագրած արձանագրությունում։ Արձանագրության բովանդակությունից պարզ չէ նաև համայնքի ղեկավարի դրական կամ բացասական դիրքորոշումը։

Փորձաքննական գործընթացում կարևորվել է հայցվող տարածքում բնապահպանական էկոհամակարգերի պահպանությունը, անտառային հողերի բացառումը, բնապահպանական տարածքների հետ համընկնման բացառումը, ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցությունների բացառումը։ Այդ նպատակի համար փորձաքննության գործընթացում հայտը երկու անգամ վերադարձվել է ընկերությանը՝ լրամշակման, գրություններում մի շարք դիտարկումների հետ մեկտեղ պահանջվել է նաև հայցվող տարածքի հողերի պատկանելության, դրանց նպատակային և գործառնական նշանակության, սեփականության ձևերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ընկերության կողմից պատասխան պարզաբանումները կամ պահանջվող տեղեկատվությունը ներկայացվել է ոչ լիարժեք, թերություններով կամ չհիմնավորված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter