HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«ԵՄ-ն և Հայաստանը որոշել են սկսել գործընկերության հավակնոտ ընդլայնման ուղղությամբ աշխատանքները». Ժոզեպ Բորել

Եվրամիությունն ու Հայաստանը որոշել են սկսել երկկողմ համագործակցության հավակնոտ ընդլայնման ուղղությամբ աշխատանքը։ Նման հայտարարությամն հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Անցյալ տարվա հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ավելի մոտ շարժվել Եվրամիությանը։ Ի պատասխան դրան հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը, որը ԵՄ բարձրագույն ինստիտուտն է, ինձ հանձնարարեց ուսումնասիրել բոլոր հարթություններում մեր հարաբերությունների ամրապնդման ուղիները։ Եվ այս համատեքստում այսօր մենք որոշեցինք սկսել նոր գործընկերության հավակնոտ օրակարգի վրա աշխատանքը»,- ասել է նա։

Բորելը Հայաստանին կոչ է արել բարեփոխումներ իրականացնել՝ Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի հասնելու շուրջ երկխոսություն սկսելու համար: «Մենք քննարկել ենք վիզային ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու տարբերակները։ Ես ի գիտություն ընդունեցի Հայաստանի մեծ հետաքրքրությունն այս հարցում և կոչ արեցի առաջ տանել բարեփոխումների իրականացումը, որպեսզի հասնենք այդ հարցով գործընթացին»,- ասել է նա։

Եվրոպացի պաշտոնյան նաև հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները նաև անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։ «Մենք քննարկեցինք, թե ինչպես ուժեղացնել Հայաստանի կայունությունը, և ես արտահայտեցի ԵՄ լիակատար հանձնառությունը՝ խորացնելու մեր համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում»,- հավելել է Բորելը

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստը, որը գլխավորում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Քաղաքական երկու գործիչները նաև առանձնազրույց էին ունեցել։

«Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter