HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ն բարձր է համարում հայ-ադրբեջանական սահմանին առկա կոնֆլիկտային ներուժը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բարձր է համարում հայ-ադրբեջանական սահմանին առկա կոնֆլիկտային ներուժը, իսկ իրավիճակի կարգավորման համար խաղաղության պայմանագիր է անհրաժեշտ։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

«Արձանագրվում են Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու առանձին պետությունների փորձերը։ Դրա համար ակտիվորեն օգտագործվում է նաև հայ-ադրբեջանական սահմանին առկա բարձր կոնֆլիկտային ներուժը։ Իրավիճակի հետագա կարգավորման համար կարևոր նշանակություն կունենա խաղաղ պայմանագրի կնքումը»,- ասել է պաշտոնյան՝ դարձյալ միայն խոսելով Արևմուտքի մասին, այլ ոչ թե հայկական ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների։

ՀԱՊԿ այս պաշտոնյայի խոսքով՝ Արևմուտքը «ձգտում է ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա»՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին: «Նույնիսկ չնայած կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը` շարունակվում են հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա դրսից ազդելու փորձերը»,- ասել է Սերդյուկովը։

ՀԱՊԿ պաշտոնյաները, տարբեր ժամանակաշրջաններում խոսելով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին, մշտապես առաջ են քաշում պաշտոնական Մոսկվայի թեզերն այն մասին, որ իրականում ոչ թե հակամարտող կողմերը կամ Բաքուն են մեղավոր առկա իրավիճակի համար, այլ Արևմուտքը, որը «փորձում է լարել տարածաշրջանում առկա իրավիճակը»։

Դեռ հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է ՌԴ տարածքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անորոշ։ 

«Մեր արևմտյան գործընկերներն ուզում են, որ միայն իրենց տարածքում (Հայաստանի և Ադրբեջանի միջև-խմբ.) խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա փաստ է։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ է դա ստորագրել ռուսական տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությանը վերջ տալու և բոլոր հարցերի կարգավորման շուրջ փոխգործակցության ամբողջ համակարգի կառուցման ջանքերը, դա նույնպես փաստ է։ Թե որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ, թեև համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք»,- ասել էր Լավրովը։ 

Լավրովն այն կարծիքին էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ, որին խորհուրդներ է տալիս Արևմուտքը։ 

«Ամենայն հարգանքով հանդերձ, պատճառը տեսնում եմ Երևանի դիրքորոշման մեջ»,- շարունակել էր Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Էրդողանի ու Ալիևի առաջարկած «3+3» ձևաչափին՝ այն համարելով «հեռանկարային, քանի որ կախված չէ գլոբալ քաղաքական կոնյունկտուրայից»։

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter