HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող գույքերի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու միջնորդություն է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 14-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։

Պատասխանողների ներկայացուցիչները նախորդ դատական նիստին միջնորդել էին Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի անվամբ գրանցված անշարժ գույքերի և ընկերություններում ունեցած բաժնետոմսերի նկատմամբ կիրառված արգելադրումները վերացնել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը դիրքորոշում հայտնեց միջնորդության մասին։ Նրա խոսքով՝ գույքերի իրական շահառուն Հովիկ Աբրահամյանն է։ 

Պատասխանողները միջնորդության մեջ շեշտել էին այն փաստը, որ արգելանքի տակ են դրված նաև օրինական համարվող գույքեր։ Այս փաստը դատախազը չհերքեց՝ բացատրելով, որ հետագայում կարող են ներկայացվել ապացույցներ, որոնց հիման վրա գույքերի օրինական մասերի հարաբերակցությունը կարող է փոփոխվել։ Բացի այդ՝ Դատախազությունը Հովիկ Աբրահամյանից բռնագանձելու պահանջ է ներկայացրել շուրջ 18 լրդ 750 մլն դրամի չափով, և վճռի կայացումից հետո այդչափ գումարը չհայտնաբերվելու դեպքում, ըստ դատախազի, գումարային պահանջը կարող է բավարարվել նույնիսկ օրինական համարվող գույքի կամ դրա մի մասի հաշվին։ 

Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը արձագանքեց դատախազի դիրքորոշմանը՝ նշելով, թե ապագայում դատական ակտի բավարարումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունն է, ոչ թե Դատախազության։ Ուստի, ըստ փաստաբանի, եթե Դատախազությունը օրինական գույքերի վրա արգելանքը ցանկանում է պահպանել այն պատճառով, որ հետագայում հնարավորություն լինի գումարային պահանջը բավարարել դրանց հաշվին, այդ լիազորությունը Դատախազությունը չունի։

Դատարանը հայտնեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի առանձին ակտի ձևով։

Հաջորդիվ ներկայացվեցին 3 միջնորդություններ պատասխանողների ներկայացուցիչների կողմից, որոնք գործից մաս առանձնացնելու և արագացված կարգով դատավարություն իրականացնելու մասին էին։ 

Առաջին միջնորդությունը ներկայացրեց Վարազդատ Ասատրյանը։ Նա դատարանին խնդրեց երկու դրվագով հայացապահանջից մաս առանձնացնել և արագացված դատաքննություն իրականացնել հայցերի անհիմն լինելու հիմքով։ Երկու պահանջներից առաջինը 52 մլն 690 հազար դրամն էր, որը Դատախազությունը ցանկանում է բռնագանձել՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման կամ օտարման արդյունքում առաջացած գումար։ Իսկ մյուս պահանջը 18 լրդ 697 մլն 377 հազար դրամի մասով է, որը իրավասու մարմնի կողմից դիտարկվել է, որ փոխանցվել է անբարեխիղճ ձեռքբերողի և առկա է նույնականացման անհնարինություն։

Նա հիշեցրեց՝ դատարանն այս գործով կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ ապօրինի ծագում ունեցող բռնագանձման հայցն ուղղված է հիմքի դեմ, այն in rem, այսինքն՝ գույքային վարույթ է։ Եվ ոչ միայն հայցապահանջում, այլ նաև դրա քննության արդյունքում կայացվելիք վճռի նկատմամբ օրենսդիրի ակնկալիքն այն է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է՝ հօգուտ ՀՀ-ի։ 

Վարազդատ Ասատրյանի խոսքով՝ դատախազության հայցապահանջի իր կողմից նշված երկու դրվագները չեն բխում in rem վարույթի տրամաբանությունից։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, in rem պահանջ կարող է ներկայացվել որոշակիացված գույքի կամ որոշակիացված գույքից ստացված եկամուտների նկատմամբ։ Ըստ նրա՝ եթե քաղաքացիական դատավարության կարգով իրականացվող բռնագանձման վարույթի շրջանակում հնարավոր չէ որոշակիացնել բռնագանձման ենթակա գույքը, ապա in rem պահանջ ներկայացնելը դառնում է առարկայազուրկ, իսկ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի փոխարեն դրան համարժեք միջոցների բռնագանձման պահանջը նույնպես չի կարող դիտարկվել in rem, այսինքն՝ գույքային պահանջ։

Փաստաբանն ասաց, որ վկաներին, փորձագետներին և մասնագետներին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու և դատական այլ գործողություններ կատարելու անհրաժեշտություն եթե չկա, դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է։ 

Դատախազ Տիգրան Ենոքյանի կարծիքով՝ Վարազդատ Ասատրյանի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։ Նա նշեց՝ հայցապահանջով պաշտպանության ենթակա պետական շահը կրում է ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային բնույթ։ Ենոքյանի խոսքով՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջը կարելի է բնութագրել in rem հայց` զուգակցված in personae-ով, այսինքն՝ անձի դեմ հայց ներկայացնելու որոշակի հատկանիշներով։ «Ինչպես գույքի, այնպես էլ դրա իրական շահառուի դեմ ներկայացված հայցը պետք է դիտարկել պատշաճ»,- նշեց դատախազը։ Նա հավելեց, որ գույք են հանդիսանում նաև դրամական միջոցները։ 

«Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ այն անհնար է նույնականացնել, պատասխանողից կարելի է բռնագանձել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը»,- ասաց Ենոքյանը։

Դատարանը մերժեց Վարազդատ Ասատրյանի միջնորդությունը՝ ընդգծելով, որ «ակնհայտ անհիմն» չի կարող որակել հայցապահանջը, այն մանրամասն ուսումնասիրելու և քննելու անհրաժեշտություն ունի։

Հայցապահանջն անհիմն լինելու հիմքով էին նաև ներկայացվելիք 2 միջնորդությունները։ Թեև դատարանի դիրքորոշումն այդ առումով պարզ էր և ակնհայտ էր, որ մերժվելու էին դրանք, այնուամենայնիվ Լուսնթագ Բեժանյանը, որը Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի և պատասխանողներից Աննա Հայրապետյանի ներկայացուցիչն է, և Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանի ներկայացուցիչ Նարեկ Քոչարյանը ներկայացրին իրենց միջնորդությունները։ 

Լուսնթագ Բեժանյանի միջնորդությունը վերաբերում էր մի շարք գույքերի, որոնք պատկանում են իր վստահորդներին։ Նա հարց բարձրացրեց՝ եթե Դատախազությունը չի վիճարկում սեփականության վկայականի իսկությունը, ապա անհիմն է այդ գույքերը դիտարկել Հովիկ Աբրահամյանինը։

Դատախազ Տիգրան Ենոքյանը հակադարձեց՝ նշելով, որ թեև սեփականության վկայականը կարող է կողմերի կամքով կնքված լինել, սակայն մի շարք փաստերի հաշվարկմամբ՝ հայցվորը պնդում է, որ գույքի իրական շահառուն հանդիսացել է Հովիկ Աբրահամյանը։ Ենոքյանը նշեց, որ հաշվի են առել այնպիսի փաստեր, ինչպիսիսք են՝ Բագրատունի Բարսեղյանի՝ բավարար դրամական միջոցներ չունենալը, երկար տարիներ Հովիկ Աբրահամյանի անվտանգության աշխատակիցը հանդիսանալը, հաճախակի նրա հետ արտերկիր մեկնելը և ՀՀ ժամանելը, մի շարք գործարքներում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամների կողմից լիազորված անձ հանդիսանալը։

Դատարանը կրկին մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ «ակնհայտ անհիմն» չի կարող որակել հայցադիմումը, քանի որ այն մանրամասն քննության առնելու անհրաժեշտություն կա։ 

Իսկ փաստաբան Նարեկ Քոչարյանի միջնորդությունը վերաբերում էր մի շարք գույքերի, որոնք գրանցված են Գագիկ Պողոսյանի անվամբ, սակայն Դատախազությունը այն դիտարկել է Հովիկ Աբրահամյանին պատկանող։ Ըստ Քոչարյանի՝ օրենքը սահմանում է, որ բռնագանձման պահանջ կարող է ներկայացվել 50 մլն դրամը գերազանցող գույքերի նկատմամբ, սակայն իր նշած գույքերը առանձին վերցված չեն գերազանցում այդ շեմը, ուստի հայցապահանջն այդ մասով անհիմն է։ Նա միջնորդեց գործից առանձնացնել այդ մասը՝ իրականացնելով արագացված դատաքննություն։ Մյուս պատասխանողների ներկայացուցիչները ևս կարծիք հայտնեցին, որ գույք ասելով՝ պետք է նկատի ունենալ մեկ միավոր գույքը, ոչ թե մի քանիսը։

Դատախազ Տիգրան Ենոքյանն այս առնչությամբ ասաց, որ օրենքը այդ 50 մլն դրամի շեմը սահմանելիս նկատի է ունեցել մի քանի միավոր գույքերի հանրագումարը։ Դատավոր Կարապետ Բադալյանն այս միջնորդությունը ևս մերժեց նախորդ երկու միջնորդությունների մերժման պատճառաբանությամբ։

Շուրջ 3 ժամ տևած դատական նիստն այսքանով ավարտվեց։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 6-ին՝ 10։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter