HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

ՀՌՀ նախագահի և խորհրդի անդամների աշխատավարձերը կբարձրանան

Կառավարության փետրավարի 15-ի օրակարգային չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձի գործակիցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձի գործակցին հավասարեցնելուն, այլ կերպ ասած՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձերը բարձրացնելուն։

Նախագծում ներկայացվում է, որ Սահմանադրության համաձայն՝ անկախ պետական մարմիններն են Բարձրագույն դատական խորհուրդը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Հաշվեքննիչ պալատը։ Անկախ պաշտոնատար անձ է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

«Օրենքի գործող կարգավորումներով անկախ պետական մարմնի ղեկավարի և անդամի հիմնական աշխատավարձի գործակիցները վերաբերելի են միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց, իսկ անկախ պետական մարմնի ղեկավարի տեղակալի համար սահմանված գործակիցը այլևս կիրառելի չէ»,- նշված է նախագծում։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նշված պաշտոնատար անձնաց աշխատավարձերը՝ հարկերը ներառյալ, հաշվարկվում են օրենքում, ըստ պաշտոնի, նշված գործակիցը բազմապատկելով 2024թ․-ի պետբյուջեով հաստատված բազային աշխատավարձով՝ 83 200 դրամով։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի գործակիցը մինչ այս նախագծի ընդունումը 10 էր, ինչը նշանակում է՝ ամսական աշխատավարձը կազմել է 832 000 դրամ, իսկ հանձնաժողովի անդամներինը 7․5 գործակցով՝ 624 000 դրամ։ Նախագծով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի ամսական աշխատավարձի համար գործակիցը սահմանվել է 14, ինչը նշանակում է, որ հարկերը ներառյալ աշխատավարձը կբարձրանա 332 800 դրամով, իսկ անդամներինը ամսականը աշխատավարձի գործակիցը 10, հարկերը ներառյալ աշխատավարձը կբարձրանա 208 000 դրամով։

Ֆինանսների նախարարության հաշվարկի համաձայն՝ այս փոփոխության արդյունքում պետբյուջեից հատկացվող գումարը կավելանա 38 մլն դրամով։

Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անդամները ընտրվում են Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով, խորհրդի անդամները յոթն են։ Խորհուրդը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ՝ ներառյալ հանձնաժողովի նախագահ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter