HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ջրագծերի փոփոխումից հետո Երևանի Ջեյմս Բրայսի փողոցի ջրամատակարարումը խախտվել է

Երևանի Ջեյմս Բրայսի փողոցի (նախկին Բաղրամյան 2-րդ նրբանցք) բնակիչներն արդեն 10 ամիս է՝ կանոնավոր ջրամատակարարում չունեն։

Նախորդ տարվա 2023-ի մայիսին երբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը փոխել է փողոցի ջրագծերը, ջրամատակարարումը փողոցում խափանվել է։

Բնակիչները բազմիցս դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գիծ, որտեղից իրարամերժ պատասխաններ են ստացել։ Նրանց աասել են, որ «Վեոլիա Ջուրը» պատշաճ ջրամատակարարում է իրականացնում։

Կարապետ Օղլուկյանը փողոցի հնաբնակներից է։ Ասում է՝ չի հիշում, որ մինչև նախորդ տարին փողոցը ջրի խնդիր ունենար։

«50 տարի մենք ջրի խնդիր չենք ունեցել, ջրագծերը փոխեցին, ու խնդիրն առաջացավ։ Եթե ինժեներական սխալ է, կամ իրենց անփույթ աշխատանքի հետևանքն է, թող գան, շտկեն, մեր հին ջրագծերը կան, թող դա նորից բերեն, միացնեն։ Անհնար է էդպես։ Ոչ մի օր նորմալ ճնշումով ջուր չի լինում, եղածն էլ բարակ շիթով է, առանց ճնշման»,- ասում է Կարապետ Օղլուկյանը։

Մեկ այլ բնակիչ՝ Մանե Սիմոնյանը, պատմում է, որ ջրի ճնշումն այնքան ցածր է եղել, որ իր 8-ամյա դուստրը նախորդ ամռանը լոգանք ընդունելիս տաք ջրով վառել է ճակատն ու ուսերը։ Շտապօգնություն են կանչել, բժիշկն արձանագրել է այրվածքը։

«Եթե ճնշումը կտրուկ փոփոխվում է, ջուրը շատ տաք է հոսում, այրելու աստիճան, կարող է լողանալիս մեկ էլ կտվի, կամ այրելու աստիճան տաք գա։ Երբ աղջիկս այրվածք ստացավ նաև Ոստիկանություն կանչեցինք, չեկան, ասացին՝ ջրի մասով մենք ինչ անենք, գործառույթ չունենք։ Մեզ առաջարկում էին դատարան դիմել, բայց հասկացանք, որ դատական քաշքշուկներ են սկսվելու, որը տևելու է շատ երկար, բացի այդ մեծ ծախսերի հետ է կապված»,- պատմում է Մանեն։

Ջեյմս Բրայսի փողոցի բնակիչները նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք նամակին կցել են իրենց ստորագրությունները, տարբեր բնակիչների տների ծորակներից արված նկարներ, որտեղ երևում է, որ հոսող ջուրը բարակ շիթով է՝ ճնշում չունի։ Կառավարության ղեկավարին ուղղված նամակն անարձագանք է մնացել։

Նույն փողոցի բնակիչ Քրիստինե Կարապետյանը ցույց է տալիս «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ունեցած իր երկար նամակագրությունը, նշում է, որ երբ բոլոր բնակիչները հերթով զանգահարում են «Վեոլիա Ջուր» կամ գնում են գրասենյակ, բողոքում են, 1-2 օրով խնդիրը կարգավորվում է, բայց նորից կրկնվում է։

Ջրագծեր փոխելուց հոտո, երբ ջրի ճնշումն իջել է, բնակիչները ծորակից եկող ջուրը չեն խմում, գնում են խանութից, ժամանակ առ ժամանակ ջուրը նաև պղտորվում է։

Բնակիչները դիմել են նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որտեղից եկել ու չափել են ջրի ճնշումը։

«Բայց դե գիտեին, տեղյակ էին, որ դիմելու ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, էդ մի օրը նորմալ ճնշումով ջուր ունեինք, Նոր տարուն էլ կար նորմալ, քաղաքապետի ընտրությունների նախորդող օրերին էլ, մեզ թվում է, որ իրենց ձեռքում է, երբ ուզեն, նորմալ ջուր կտան, երբ չէ՝ ջուր չենք ունենա»,- ասում է Քրիստինեն։

Բնակիչներն ամեն օր զանգահարում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ։ Հեռախոսազանգերին պատասխանող օպերատորները հիմնականում ասում են, որ ընկերության կողմից ոչ մի թերացում չկա։ Ջուրը նորմալ ճնշումով դուրս է գալիս։ Պլանային ջրանջատումներ նախատեսված չեն, իսկ վթարային ջրանջատումներ չեն եղել։

«Մեզ ասում են՝ ջուրն էն կարգի ճնշում ունի, որ հնարավոր է մի ամբողջ 30-հարկանի շենքի ջուր հասցնել, բա էդ դեպքում ինչո՞ւմն է խնդիրը։ Հետաքրքիրն այն է, որ մեր հարակից փողոցները, դիմացի շենքերը, բոլորը նորմալ ջուր ունեն»,- նշում է Քրիստինե Կարապետյանը։

Ջեյմս Բրայսի փողոցի բնակիչները ցանկանում են հանդիպել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ղեկավարության հետ, ներկայացնել խնդիրը։  Նարինե Մելքոնյանն ասում է՝ ընկերության թեժ գծի հեռախոսին պատասխանող օպերատորները խնդիրը ղեկավարությանը չեն փոխանցում, բազմիցս խնդրել են, որ ուզում են հանդիպել, խոսել տնօրինության հետ, բայց ընկերության աշխատակիցներն ասել են, որ ոչինչ անել չեն կարող։

«Հետքը» դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն։ Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կարինե Կարապետյանը հայտնեց, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը փողոց մատակարարում է բավարար ճնշմամբ ջուր, որը կարող է բոլոր տներին նորմալ ճնշում ապահովել։

Կարինե Կարապետյանի խոսքով՝ նախքան ջրագծերի փոփոխումը ջուր մատակարարվում էր նորմայից բարձր ճնշմամբ և, հավանաբար, բնակիչները դրա համար են դժգոհ, քանի որ ջրի նորմայից բարձր ճնշումն իջեցվել և հավասարեցվել է նորմային։

Այսպիսով, չնայած «Վեոլիա Ջուր» ընկերությունը վստահեցնում է, թե Ջեյմս Բրայսի փողոց մատակարարվում է նորմալ ճնշմամբ ջուր, բնակիչները դժգոհում են։ Ցույց են տալիս լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում է, որ ծորակից հոսող ջուրը բարակ շիթով է գալիս ու չունի ճնշում։ Ցածր ճնշման պայմաններում հնարավոր չէ նաև տաք ջուր, լվացքի մեքենա կամ ջուր օգտագործող ցանկացած այլ կենցաղային տեխնիկա օգտագործել։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն լուծման տարբերակներ չի առաջարկում։

Գլխավոր լուսանկարում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Մարիաննա Շահինյանը

Գլխավոր լուսանկարի ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter