
Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Այս մասին որոշումը հրապարակեց դատավոր Սարգիս Դադոյանը։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը տեղեկացրել էր, որ Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել:
«Նա հարցաքննվել է նույն գործով, որին ծանոթ եք՝ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մրցութային պատմության վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել նաև պարոն Քերոբյանին։ Մեղադրանքը պարոն Քերոբյանը չի ընդունում։ Մենք գտնում ենք, որ այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ, և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են։ Այն հետևությունները և եզրահանգումները, որոնք բերված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում։ Մեր գնահատմամբ՝ դրանք հիմնականում ենթադրությունների մակարդակում են»,- մանրամասնել էր Եգորյանը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների կողմից չարաշահումների գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 8 անձի նկատմամբ:
Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնել էր, որ հրաժարական է տվել: Նախագահի հրամանագրով նույն օրը Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Լուսանկարը` Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել