
«Ակնհայտ է, որ նա սպանվել է Պուտինի կողմից». Զելենսկին և արևմտյան մյուս առաջնորդներն անդրադարձել են Ալեքսեյ Նավալնու մահվանը
Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի N3 ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Այս լուրը համաշխարհային մամուլի առաջին էջերում է։ Նավալնու մահը մեկնաբանում են նաև համաշխարհային առաջնորդները՝ տեղի ունեցածի մեջ մեղադրելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ռուսական իշխանության մյուս ներկայացուցիչներին։
Այսպես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնին «սպանվել է Պուտինի կողմից»:
«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ռուսական բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին: Ակնհայտ է, որ նա սպանվել է Պուտինի կողմից, ինչպես հազարավոր ուրիշներ, որոնք խոշտանգվել են միայն մեկ արարածի պատճառով: Պուտինի համար միևնույն է, թե ով կմահանա, միայն թե նա պահպանի իր դիրքերը»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Արտասահմանյան առաջնորդներից Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչն առաջինն է մեկնաբանել Ալեքսեյ Նավալնու մահը։
«Ինչ էլ որ մտածեք Ալեքսեյ Նավալնիի մասին՝ որպես քաղաքական գործչի, նա պարզապես դաժանորեն սպանվեց Կրեմլի կողմից: Դա փաստ է, և դա այն է, ինչ պետք է իմանալ ներկայիս ռուսական ռեժիմի իրական բնույթի մասին: Ցավակցում եմ ընտանիքին և ընկերներին»,- հայտարարել է նա։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ Նավալնիի մահվան պատասխանատվությունն ընկնած է ՌԴ ղեկավարության վրա:
«Ալեքսեյ Նավալնին պայքարել է ազատության և ժողովրդավարության արժեքների համար։ Հանուն իր իդեալների՝ նա մեծ զոհաբերության գնաց։ ԵՄ-ն այս ողբերգական մահվան միանձնյա պատասխանատվությունը դնում է ռուսական ռեժիմի վրա։ Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին։ <...>Բայց ազատության համար պայքարը երբեք չի ավարտվում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը։
Alexei @navalny fought for the values of freedom and democracy. For his ideals, he made the ultimate sacrifice.
— Charles Michel (@CharlesMichel) February 16, 2024
The EU holds the Russian regime for sole responsible for this tragic death.
I extend my deepest condolences to his family. And to those who fight for democracy around…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Նավալնիի մահվան հետ կապված բոլոր փաստերը պետք է պարզաբանվեն, իսկ «Ռուսաստանը պետք է լուրջ հարցերի պատասխանի»: Նրա մեկնաբանությունը հրապարակել է Sky News-ը։
Սթոլթենբերգը հավելել է, որ ինքը «խորապես վշտացած և անհանգստացած է» քաղաքական գործչի մահվան կապակցությամբ: «Ալեքսեյ Նավալնին երկար տարիներ եղել է ազատության և ժողովրդավարության ուժեղ ձայն։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոչ էին անում անհապաղ ազատ արձակել նրան»,- ասել է Սթոլթենբերգը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ նշել է, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի մահը ողբերգություն է ժողովրդավարության և մարդու իրավունքների բոլոր պաշտպանների համար։ «Ցավակցում եմ նրա ընտանիքին և նրանց, ովքեր Ռուսաստանում շարունակում են պայքարը հանուն ժողովրդավարության»,- գրել է Վրաստանի նախագահը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնու մահը ցույց է տալիս, թե ինչքան է փոխվել Ռուսաստանը։
«Դեռևս վերջնական հաստատում չկա, բայց մենք ելնում ենք նրանից, որ մեծ հավանականությամբ Նավալնին մահացել է ռուսական բանտում։ Դա մեզ շատ է ճնշում։ Ես Բեռլինում հանդիպել եմ նրա հետ, երբ բուժվում էր Գերմանիայում։ Խոսել եմ նրա հետ այն քաջության մասին, որը մղում էր նրան վերադառնալ Ռուսաստան։ Հիմա նա իր կյանքով է վճարել դրա համար։ Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ ռեժիմ է։ Նա, ով քննադատում է, ով կողմ է ժողովրդավարությանը, պետք է վախենա իր կյանքի և իր անվտանգության համար: Ուստի մենք ցնցված ենք։ Մեր մտքերը նրա կնոջ, նրա երեխաների, նրա ընկերների, նրա հետևորդների հետ են։ Դա պարզապես սարսափելի է: Եվ սա նշան է, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը։ Ցավոք, այդ գործընթացը սկսվել է շատ վաղուց։ Այդ երկիրը վաղուց հեռացել է ժողովրդավարությունից, դա վաղուց ժողովրդավարություն չէ»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
This is terrible news. As the fiercest advocate for Russian democracy, Alexei Navalny demonstrated incredible courage throughout his life.
— Rishi Sunak (@RishiSunak) February 16, 2024
My thoughts are with his wife and the people of Russia, for whom this is a huge tragedy. https://t.co/AQvQQW5GBh
Թեմային անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը։
«Դա սարսափելի նորություն է։ Լինելով ռուսական ժողովրդավարության ամենավառ պաշտպանը՝ Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում ցուցադրել է անհավանական խիզախություն։ Իմ մտքերը նրա կնոջ և Ռուսաստանի ժողովրդի հետ են, որոնց համար դա ահռելի ողբերգություն է»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Սունաքը։
Սքրինշոթը՝ AFP-ի
Մեկնաբանել