HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հաստատել է Ադրբեջանի կառավարության նոր կազմը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի կառավարության նոր կազմը։ Այդ մասին հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջում։ Վարչապետի պաշտոնը դարձյալ կզբաղեցնի Ալի Ասադովը, որի թեկնածությունը մինչ այդ հաստատվել էր նաև խորհրդարանի կողմից։

Ինչպես պարզ է դառնում փաստաթղթից, նախկին կառավարության բոլոր անդամները, բացառությամբ՝ արդարադատության նախարարի, պահպանել են իրենց պաշտոնները: Մասնավորապես, ներքին գործերի նախարար է նշանակվել Վիլայաթ Էյվազովը, արտաքին գործերի նախարար՝ Ջեյհուն Բայրամովը, պաշտպանության նախարար՝ Զաքիր Հասանովը, էներգետիկայի նախարար՝ Փյարվիզ Շահբազովը, էկոնոմիկայի նախարար՝ Միկայիլ Ջաբարովը, ֆինանսների նախարար՝ Սամիր Շարիֆովը, պաշտպանական արդյունաբերության նախարար՝ Վուգար Սուլեյմանովը, արտակարգ իրավիճակների նախարար՝ Քյամալեդդին Հեյդարովը, բնապահպանության և բնական պաշարների նախարար՝ Մուխթար Բաբաևը։

Հրամանագրի համաձայն՝ վարչապետի առաջին տեղակալի պաշտոնը կրկին կզբաղեցնեն Յաղուբ Էյուբովը, Ալի Ահմեդովը և Շահին Մուստաֆաևը:

Էմին Ամրուլաևը պահպանել է կրթության նախարարի, Սահիլ Բաբաևը՝ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի, Ֆարիդ Գայիբովը՝ երիտասարդության և սպորտի նախարարի, Մեջնուն Մամեդովը՝ գյուղատնտեսության նախարարի, Ադիլ Քերիմլին՝ մշակույթի նախարարի, Ռաշադ Նաբիևը՝ թվային զարգացման և տրանսպորտի նախարարի, Թեյմուր Մուսաևը՝ առողջապահության նախարարի պորտֆելը:

Պետական անվտանգության ծառայության պետ է նշանակվել Ալի Նագիևը, արտաքին հետախուզության ծառայության պետ՝ Օրհան Սուլթանովը, պետական սահմանապահ ծառայության պետ՝ Էլչին Գուլիևը: Ալիևի մեկ այլ կարգադրության համաձայն էլ արդարադատության նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նախարարի տեղակալ Ազեր Ջաֆարովին։

Ադրբեջանի կառավարության նախկին կազմը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին։ Դա Ադրբեջանի սահմանադրության պահանջն էր։ Գործող կառավարությունը հրաժարական է տալիս նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո։

Լուսանկարը՝ Diego Delso/Wikimedia Commnons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter