
Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել
Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել Ալիևի երդմնակալության արարողությունից և Ադրբեջանի նախագահի պաշտոնը վերստանձնելուց հետո: Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայք էջում։
Այս ընթացակարգն ամրագրված է այդ երկրի սահմանադրության մեջ, որի 116-րդ հոդվածն ասում է. «Ադրբեջանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնն ստանձնելու և իր լիազորությունների կատարումն սկսելու օրը Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետը հրաժարական է տալիս»:
Ալիևի հրամանագրում նաև ասվում է, որ մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը հին կառավարության անդամները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները։
Այսօր ավելի վաղ կայացել էր Ադրբեջանի 5-րդ անգամ վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը: Այդ երկրի սահմանադրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահն իր լիազորությունների կատարմանը ձեռնամուխ է լինում երդմնակալության օրվանից:
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել էին փետրվարի 7-ին: Դրա արդյուքնում հաղթել էր Իլհամ Ալիևը՝ ստանալով ընտրողների ձայների 92,12%-ը։ Նա Ադրբեջանը կնախագահի առաջիկա յոթ տարիներին։
Լուսանկարը՝ Diego Delso/Wikimedia Commnons
Մեկնաբանել