HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները. Ալիևն ու ընտանիքը քվեարկել են Ստեփանակերտում

Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են Երևանի ժամանակով 08:00-ին։

Ընտրությունների պաշտոնական մեկնարկը տվել է Ադրբեջանի ԿԸՀ ղեկավար Մազահիր Փանախովը, որը երկրի բոլոր հեռուստաալիքների եթերում հայտարարել է ընտրությունների մեկնարկի մասին:

«Ժամը 08:00-ից կարող եք գալ ընտրատեղամասեր։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ տեղամասերն արդեն բաց են»,- հայտարարել է նա, որից հետո հնչել է Ադրբեջանի օրհներգը։

Ադրբեջանի տարածքում գործում է 6 537 ընտրատեղամաս, որից 26-ը բացվել է Արցախում։ Դրանք կփակվեն 19:00-ին։

Թեկնածուների ազգանունները քվեաթերթիկներում դասավորված են այբբենական կարգով: Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է յոթ թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը։

Ընտրությունները կայացած կհամարվեն ցանկացած տոկոսով մասնակցության դեպքում։ Հաղթող կդառնա այն թեկնածուն, որին կողմ կքվեարկի ընտրություններին մասնակցած ընտրողների կեսից ավելին: Բոլոր փորձագետները միաձայն հայտարարում են, որ կհաղթի Ալիևը։ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարով, ժամկետների սահմանափակում այդ երկրում նախատեսված չէ:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, որի դիտորդական առաքելություններն ավանդաբար հետևում էին Ադրբեջանում ընտրությունների անցկացմանը, այս անգամ ընտրություններին հետևելու հրավեր չի ստացել: Փոխարենը ներկա է ԱՊՀ պատվիրակությունը։

Իլհամ Ալիևը ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Ստեփանակերտ։ Նրան ուղեկցում են կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ու ընտանիքի մյուս անդամները։

Ավանդաբար Ալիևը քվեարկում էր Բաքվի թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։ Սակայն այս անգամ քվեարկության համար նա ընտրել է Ստեփանակերտը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել այդ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ որպես քվեարկության օր նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ը: Պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի հոկտեմբերին։ Ընտրությունների օրվա տեղափոխության պատճառների մասին չէր հաղորդվում։

Ադրբեջանում նախագահական վերջին ընտրությունները կայացել էին 2018 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ հաղթել էր Ալիևը։ Նրա օգտին քվեարկել էր ընտրողների 86,22 %-ը։

Այն մասին, որ իշխող կուսակցությունը կառաջադրի գործող նախագահի թեկնածությունը դեռ դեկտեմբերի 12-ին հայտարարել էր «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդաղովը։ «Առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ մեր թեկնածուն կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևը»,- լրագրողներին ասել էր Բուդաղովը։ Ալիևի թեկնածությունն առաջադրվել էր դեկտեմբերի 16-ին։

Լուսանկարը՝ AP Photo/Sergei Grits

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter