HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը 5-րդ անգամ ընտրվել է Ադրբեջանի նախագահ

Իլհամ Ալիևը հերթական՝ հինգերորդ ժամկետով վերընտրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում: Ալիևի հաղթանակը պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը։

Ադրբեջանի ԿԸՀ տվյլաներով՝ փետրվարի 8-ի դրությամբ, ընտրատեղամասերի ավելի քան 93 %-ում ամփոփվել է հաշվարկը, ինչի հետևանքով Ալիևը ստացել է ձայների 92,05 %-ը։ Երկրորդ հորիզոնականում պատգամավոր Զահիդ Օրուջն է։ Նա ստացել է ձայների 2,19 %-ը։

Ալիևի հաղթանակը պաշտոնապես հայտարարել է նաև պետական Azertag գործակալությունը։ Նրան շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և այլն։ Ընդ որում՝ Լուկաշենկոն և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ալիևին շնորհավորել էին անգամ, երբ էքզիթ փոլի արդյունքները չէին հրապարակվել։

Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականի հոկտեմբերից: Այդ պաշտոնում նա փոխարինել է հորը՝ Հեյդար Ալիևին։ 2008, 2013 և 2018 թվականներին Ալիևը վերընտրվել էր նախագահի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել այդ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ որպես քվեարկության օր նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ը: Պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի հոկտեմբերին։ Ընտրությունների օրվա տեղափոխության պատճառների մասին չէր հաղորդվում։

Այն մասին, որ իշխող կուսակցությունը կառաջադրի գործող նախագահի թեկնածությունը, դեռ դեկտեմբերի 12-ին հայտարարել էր «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդաղովը։ «Առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ մեր թեկնածուն կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևը»,- լրագրողներին ասել էր Բուդաղովը։ Ալիևի թեկնածությունն առաջադրվել էր դեկտեմբերի 16-ին։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter