HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում ավարտվել են նախագահական ընտրությունները. Էքզիթ փոլի տվյալներով Ալիևը ստացել է ձայների 93,3 %-ը

Ադրբեջանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ժամը 19:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը։

Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆարիդ Օրուջևի խոսքով՝ ժամը 17:00-ի (նույնը, ինչ Երևանի ժամանակով՝ խմբ.) դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 70,85 %-ը կամ  4 590 075 մարդ մասնակցել է ընտրություններին:

Ընդհանուր առմամբ, ցուցակներում ընդգրկված է 6 478 840 ընտրող: Ադրբեջանում նախագահական նախորդ ընտրություններին, որոնք տեղի էին ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին, նույն ժամանակահատվածում մասնակցել էր ընտրողների 69,93 %-ը:

Հրապարակվել են էքզիթ փոլի տվյալները։ Դրանց համաձայն` Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ առաջատարն է՝ ստանալով ձայների 93,9 %-ը։ Երկրորդ տեղում է խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջն է՝ 1,8 %: Հարցումներն արվել են Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգայի կողմից՝ ամերիկյան Oracle Advisory Group ընկերության հետ համատեղ։

Հարցազրուցավարները հարցումներն անցկացրել են Ադրբեջանի ավելի քան 5 000 ընտրատեղամասերում՝ մոտ 63 հազար քաղաքացիների հետ։

Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու, այդ թվում՝ Ալիևը, որն այդ պաշտոնում առաջադրվում է արդեն հինգերորդ անգամ: 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա ստացել էր ձայների 86,22% -ը։

Նա այս ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել էր Ստեփանակերտ։ Ալիևին ուղեկցում էին կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ու ընտանիքի մյուս անդամները։

Ավանդաբար Ալիևը քվեարկում էր Բաքվի թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։ Սակայն այս անգամ քվեարկության համար նա ընտրել է Ստեփանակերտը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել այդ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ որպես քվեարկության օր նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ը: Պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի հոկտեմբերին։ Ընտրությունների օրվա տեղափոխության պատճառների մասին չէր հաղորդվում։

Այն մասին, որ իշխող կուսակցությունը կառաջադրի գործող նախագահի թեկնածությունը, դեռ դեկտեմբերի 12-ին հայտարարել էր «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդաղովը։ «Առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ մեր թեկնածուն կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևը»,- լրագրողներին ասել էր Բուդաղովը։ Ալիևի թեկնածությունն առաջադրվել էր դեկտեմբերի 16-ին։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter