Ռաֆիկ Հարությունյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց՝ երկամարտում գրանցելով 336 կգ արդյունք։
Պոկում վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 150 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ՝ 154 կգ։ 157 կգ-ը, սակայն, հայ ծանրորդը չկարողացավ գլխավերևում պահել՝ պոկում վարժությունում նվաճելով փոքր բրոնզե մեդալ։
Հրում վարժությունում Հարությունյանը միայն առաջին մոտեցումը հաջողեց՝ հրելով 182 կգ։ Այստեղ հայ ծանրորդը մեդալ չնվաճեց։
Երկամարտի 336 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի 2024թ․ առաջնության բրոնզե մեդալակիր։ 81 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց իտալացի Օսկար Ռեյես Մարտինեսը (346 կգ), փոխչեմպիոն դարձավ Բ խմբում հանդես եկող ալբանացի Քրիստի Ռամադանին (341 կգ)։
Նախորդ տարի Երևանում ևս հայ ծանրորդը բրոնզե մեդալ էր նվաճել։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 55 կգ քաշային կանանց պայքարում։ Երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ էր նվաճել նաև 67 կգ քաշային Գոռ Սահակյանը։
Վաղը 89 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Անդրանիկ Կարապետյանը։
Լուսանկարը՝ PHOTOLURE-ի
Մեկնաբանել