HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ազգային պարկի սոճիները պետք է հատվեն․ ինչ են հայտնաբերել հայ գիտնականները

Ինչ վիճակում են Սևանա լիճը շրջապատող սոճիները

«Սևան» ազգային պարկում 8269 չորացած սոճի կա, սակայն հաշվեգրման փուլում նաև չորացման գործընթացում գտնվող ծառեր են հաշվարկվել։ Ենթադրաբար ևս 3000-4000 ծառ կգումարվի այդ թվին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի  հանույթի շնորհիվ հաշվարկվել է շուրջ 400 հա վնասված տարածք Սևանում։ 

Այս տվյալները մեզ հետ զրույցում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչություն պետ Ոսկեհատ Գրիգորյանը։  

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատողները, Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, 2021-23թթ․ «Հայաստանի սոճուտների վնասատու միջատների ֆաունայի արդի վիճակը. տեսակային կազմը, վնասակարության գնահատումը և պայքարի հնարավոր եղանակները» թեմայով հետազոտություն են իրականացրել։ Այդ հետազոտությունն ընդգրկել է նաև «Սևան» ազգային պարկը։ Գիտնականներն ամփոփել են նաև «Սևան» ազգային պարկի լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները։

Ինչ է հայտնաբերվել Սևանում

 «Սևան» ազգային պարկի, ինչպես նաև հայ գիտնականների կողմից ուսումնասիրված հայաստանյան սոճուտների այլ տարածքներից (բացառությամբ Հանքավան տարածքի), սոճու ցողունային նեմատոդի (Bursaphelenchus xylophilus) առկայությունը մոլեկուլային և ձևաբանական մեթոդներով չի հաստատվել: Սակայն, «Սևան» ԱՊ տարածքում հայտնաբերվել են սոճու՝ մեծ քանակությամբ տարատեսակ վնասատու բզեզներ, որոնցից են կեղևակերները (Ips acuminatus, Trypodendron lineatum) և երկարաբեղիկները (Arhopalus rusticus, Acanthocinus aedilis, Acanthocinus griseus, Pogonocherus fasciculatus). գիտնականները պնդում են, որ այս տեսակները ցուցաբերում են վնասակարության բարձր մակարդակ և էքսպանսիա:

Ավելի փոքր քանակությամբ հայտնաբերվել են ոսկեբզեզներ (Anthaxia spp. (Buprestidae)), փայտափորիկ բզեզ (Ernobius mollis (Ptinidae)), երկարակնճիթ (Magdalis rufa (Curculionidae)) և կարանտինային սոճու սերմակեր մլուկ (Leptoglossus occidentalis (Coreidae Hemiptera)): Երկարաբեղիկներից Acanthocinus aedilis-ը և A. griseus-ը վերջին տարիներին ակտիվորեն տարածվում են «Սևան» ԱՊ-ի սոճուտներում:

«Այս տեսակների ի հայտ գալը և մեծ ինտենսիվությամբ տարածումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է «Սևան» ԱՊ-ի և հարակից տարածքներում ներկրված և վարակված սոճու բնափայտի զանազան կիրառությամբ (օրինակ՝ ռեկրեատիվ բնույթի շինություններում որպես շինանյութ կիրառմամբ)»,- արձանագրել է հայ գիտնականների խումբը։

Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Կարագյանը ղեկավարել է սոճուտների եռամյա ուսումնասիրության ծրագիրը։

Վերջինս հիշում է, որ անցյալ տարի, երբ «Սևան» ազգային պարկում աշխատել են, «Սևան Սամիթ»-ն էր ընթանալու, փայտանյութ էր բերված և տնակներ էին սարքում այդ փայտից։

«Հարցրեցինք տիրոջը, թե որտեղից է փայտանյութը բերված, ասաց՝ Դուբայից ենք բերել։ Ո՞վ է ստուգել այդ փայտը։ Այդպես բերում են և օգտագործում շինանարարության մեջ, բայց փայտը կարող է լինել վարակված։ Հասունացած միջատը դուրս է գալիս հարսնյակից, ուրախանում է՝ ինչ լավ է, կողքը ծառեր կան, գնամ մի տեղ բնակվեմ, ու այդպես տարածվում է վարակը»,- նշում է գիտնականը։

Որտեղից է ներմուծվում անտառանյութը

Պետական եկամուտների կոմիտեի ներմուծման վիճակագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Հայաստան անմշակ անտառանյութ ներմուծվում է հիմնականում երկու երկրներից։ Մասնավորապես՝ 2017-2022թթ․ անմշակ անտառանյութի մեծ ծավալները եկել են Թուրքիայից և Ռուսաստանի Դաշնությունից։

Նույն տարիներին երկայնակի սղոցած կամ ճեղքած, ռանդած անտառանյութ ներմուծվել է ՌԴ-ից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից և մի քանի այլ երկրներից։

«Սևան» ԱՊ տարածքում գրեթե բոլոր հետազոտված տեղամասերից վերցված ասեղնատերևների նմուշներում հայտնաբերվել են նաև պաթոգեն սնկատեսակներ (Lophodermium sp. և Cyclaneusma sp. Ցեղերի), որոնք առաջացնում են ասեղնատերևների տերևաթափ և հանդիսանում են «շյուտե» խմբի հիվանդությունների հարուցիչներ: Փոքր քանակով հայտնաբերվել է նաև դոտիստրոմոզ հիվանդության հարուցիչ սնկատեսակ (Dothistroma sp.):

Ինչպես է ազդել կլիմայի փոփոխությունը «Սևան» ազգային պարկի վրա

Գայանե Կարագյանն ասում է, որ անցյալ տարվա մի քանի ամիսների ընթացքում Նորատուսից Մարտունի ափն ամբողջությամբ դեղնել է։ «Սևան» ազգային պարկի ռենջերները (հսկիչները) հայ գիտնականներին պատմել են, որ 2022-2023թթ․ ձմռանը քիչ ձյուն է եկել և տաք ձմեռ է եղել, այնուհետև կտրուկ շոգեր են սկսվել։ Ծառերը չեն հասցրել ադապտացվել և հաղթահարել անցումը դեպի կտրուկ շոգեր։

«Գիտական գրականության մեջ նշված է, որ 1950-ականներին ևս սոճիների չորացում նկատվել է Հայաստանում, և դա մեր գիտնականները կապել են կլիմայի փոփոխության հետ։ Այն ժամանակ էլ տաք ձմեռ և կտրուկ տաքացում է եղել, անձրևները քիչ են եղել, և բույսի բջիջները չեն հասցրել ձմեռվանից հետո արթնանալ և ադապտացվել։ Ծառը թուլանում է այդպես, իսկ երբ ծառը թուլանում է, վնասատուները հարձակվում և իրենց լավ են զգում»,- բնութագրում է Գ․ Կարագյանը։ 

Նա շեշտում է, որ «Սևան» ԱՊ-ում, ամենայն հավանականությամբ, սոճիների չորացումն ավելի շատ կլիմայի փոփոխությամբ է պայմանավորված: «Մենք էստեղ խնդիրների կոմպլեքս ունենք՝ կլիմայի փոփոխություն, տաք ձմեռ, գարնանը՝ քիչ անձրև և շոգ ամառ, ծառերը թուլանում են, բզեզներն են ակտիվանում»,- ասում է Գ․ Կարագյանը։ 

Ինչ պետք է անել

Սոճիների չորացումը կանխարգելելու մեթոդներ հայ գիտնականները դեռևս չեն մշակել կամ հայտնաբերել, սակայն լուծումը մեկն են համարում՝ հետագա տարածումից խուսափելու համար չորացած սոճիները պետք է հատվեն, տեղափոխվեն բարձրադիր գոտիներ եւ այնտեղ օգտագործվեն:    

Շրջակա միջավայրի նախարարությունը կարճաժամկետ պլանավորման հարցում հիմնվելու է ԳԱԱ գիտնականների հետազոտության և եզրակացության վրա, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման առումով արդեն քայլեր են ձեռնարկում։

«Մենք ունենք մշակած միջոցառումների շրջանակ այս խնդրի վերլուծության համար, նաև փաստաթղթավորված և նախարարի հրամանով հաստատված, քննարկված է այս ոլորտի բոլոր մասնագետների հետ, որի համաձայնությունը ունենք, այստեղ ինչպես կարճաժամկետ, միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ միջոցառումներ են, ամբողջ պլանավորումը կա, սակայն այդ ամենը սկսելու համար ախտորոշումն էր պետք»,- մանրամասնում է ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչություն պետ Ոսկեհատ Գրիգորյանը։

Ըստ նրա՝ վնասատուների դեմ պայքարի միջոցառումների ողջ շղթան արդեն պլանավորած է։ Ոսկեհատ Գրիգորյանն ասում է, որ հաշվի առնելով սոճիների հիվանդացության խնդիրն ամբողջ աշխարհում՝ փորձ է արվել համագործակցության շերտեր ստեղծել լավագույն փորձ ունեցող երկրների հետ, մասնավորապես՝ նամակագրություն են նախաձեռնել Ճապոնիայի գործընկերների հետ և փոխհամաձայնությունների ձեռքբերման փուլում են, քանի որ Ճապոնիայում արդյունավետ պայքարի մեթոդներ են կիրառվել։ Այդ փորձը գուցե օգտակար լինի նաև Հայաստանի համար։  

«Այդ ուղղությամբ էլ են գնում պրոցեսներ, պարզապես ժամանակի ընթացքում ամբողջությունն ստանալուց հետո նոր կարող ենք քայլերի դիմել, քանի որ Սևանի ավազանն է, և ծառերի հետ կապված հարցերը կարևոր դերակատարություն ունեն»,- նշում է Ոսկեհատ Գրիգորյանը։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մեզ հետ զրույցում պատմեց երկարաժամկետ պլանավորման մանրամասները, համաձայն որի՝ իրենք դիտարկում են «Սևան» ազգային պարկը նոր ծառատեսակով ծառապատելու հնարավորությունը։

«Մենք տեսնում ենք, որ «Սևան» ազգային պարկը շրջապատում է հիմնականում մեկ տեսակի ծառով` մոնոկուլտուր սոճու անտառով, որը և՛ կլիմայի փոփոխությանն են ազդեցության ենթարկվում, և՛ կեղևակերների և՛ այլ վնասատուների, բայց մենք ինչ փորձ ունենք, որ ծառը ենթարկվում է վնասատուների ակտիվ հարձակման, երբ որ թուլանում է։ Ինքն իր կլիմայական գոտուն համապատասխան վայրում տնկված չէ, հետո՝ շատ խիտ է տնկված, ժամանակին՝ դեռ խորհրդային տարիներից, նոսրացում չի կատարվել, և մենք տեսնում ենք, որ 50 տարեկան ծառը իրեն ոչ հատուկ տրամագիծ և չափեր ունի։ Եվ շատ դժվար է որոշել՝ ծառերն ապրել են իրենց տարիքը և թուլացե՞լ, դրա հետևանքով են վնասատուները հարձակվե՞լ, թե՞ ոչ։ Այսպես կոմպլեքս խնդիր է, դրա համար մենք նաև ինչ ենք դիտարկում, որ պետք է ամբողջ գոտևորող անտառը փոխել, ծառերի տեսակները պետք է փոխվեն և նոր ծառեր տնկվեն»,- ասում է Արամ Մեյմարյանը։

Ըստ փոխնախարարի, դրա շուրջ նաև միջազգային գործընկերների հետ են աշխատանքներ իրականացնում։ Եվ ռազմավարությունն այնպիսին պետք է լինի, որ Հայաստանի անտառներում ավելի կայուն և դիմացկուն տեսակներ տնկվեն։

Մեր հարցին, թե ինչ ծառերով պետք է փոխարինվեն սոճիները, որպեսզի ավելի դիմացկուն լինեն, Ոսկեհատ Գրիգորյանը մանրամասնում է՝ օրինակ՝ Կովկասյան սոճին ավելի դիմակայուն է, հիմնականում չի չորանում, մյուս տնկված տեսակներն ավելի խոցելի են, և վերջին հետազոտական արձանագրումները ցույց են տվել, որ այդ ծառատեսակը շատ ավելի կայուն է կլիմայի փոխոխությունների նկատմամբ։

«Սակայն մենք նպատակ ունենք մասնագիտական գնահատման արդյունքում որոշել ծառատեսակների շրջանակը, որոնք բնակլիմայական պայմաններին և միջավայրին տիպիկ կլինեն, և այդ աշխատանքներն էլ արդյունավետություն կունենան, նոր իրականացնել բուն տրանսֆորմացիան»,- նշում է Ոսկեհատ Գրիգորյանը։

Արամ Մեյմարյանը մանրամասնում է, որ շվեյցարացի գործընկերների հետ աշխատում են այդ ուղղությամբ։ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկում է 10 մլն շվեյցարական ֆրանկ բյուջեով 10-ամյա ծրագիր։ Գործընկերների հետ քննարկումներում որոշել են ներառել «Սևան» ազգային պարկի ողջ անտառակազմի վերլուծությունը, ծառակազմի ընտրությունը և ծառատնկման աշխատանքների իրականացումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter