Նիկոլ Փաշինյանը և Գաբրիել Ատալը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցությունը
Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ:
Փաշինյանի աշխատակազմի հաղորդմամբ, Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումն ու ընդլայնումը:
Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Ատալին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ֆրանսիայի վարչապետը հրավերը սիրով ընդունել է:
Լուսանկարը՝ վարչապետի կայքից
Մեկնաբանել