HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ո՞վ է «ՄՏՍ-Հայաստանի» նոր սեփականատեր ներկայացող Կոնստանտին Սոկոլովը

սկիզբը

Այս պատմության առաջին մասում անդրադարձել էինք հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ընկերության օտարման որոշ մանրամասների: Գրել էինք ռուսական «ՄՏՍ»-ից հայկական ընկերությունը ձեռք բերած կիպրական «Fedilco Group Limited»-ի իրական շահառու սեփականատեր ներկայացող չինացի Ժե Ժանգի գործունեության մասին: Երկրորդ սեփականատեր է ներկայանում Կոնստանտին Սոկոլովը:

Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն հայտարարել է, թե իր այս նոր տերերը «պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի եւ ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով»։ Այդուհանդերձ, մեր ստացած տեղեկությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք հետեւության, որ Ժանգն ու Սոկոլովը, ինչպես բազմաթիվ այլ գործարքներում եւ ընկերություններում, այս դեպքում էլ զուտ կառավարիչներ են, որոնց թիկունքում կանգնած իրական սեփականատերերը կամ ներդրողները չեն երեւում եւ, ըստ էության, ինչ-ինչ պատճառներով ցանկանում են գաղտնի մնալ:

49-ամյա Կոնստանտին Անատոլեւիչ Սոկոլովը, ըստ marketscreener.com-ի տվյալների, ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (ըստ ամենայնի, նա պետերբուրգցի է), ապա բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Չիկագոյի համալսարանում: Նույն աղբյուրի համաձայն՝ Սոկոլովի անունը կապվում է ամերիկյան ու բրիտանական ընկերությունների հետ, որոնցում նա գլխավորապես տնօրեն է (եղել): Դրանցից երկուսում նա եւ Ժե Ժանգը գործընկերներ են (եղել) որպես տնօրենների խորհրդի անդամներ:

Սոկոլովի ընկերությունը՝ ներդրումային վեճի ու դատական պատմության մեջ

Կ. Սոկոլովի անունն առնչվում է մի պատմության, որում կանադացի ներդրողը, ըստ կիպրական մամուլի, ավելի քան 2,5 մլն դոլարի խարդախության զոհ է դարձել:

Այսպես՝ 2018-ին կիպրական 24h.com.cy-ը գրել էր, որ Կիպրոսի դատարանում քննվում է մի գործ, ըստ որի՝ կանադացի ներդրողը դատարանին խնդրել է լուծարել տեղական «Posparon Investments Limited» ընկերությունը, որպեսզի հստակեցվի իր նկատմամբ կատարված խարդախության չափը:

Հրապարակման համաձայն՝ «Posparon»-ի երկու տնօրենները՝ Օլգա Իգորեւնա Կատորայչիկն ու Իլյա Վյաչեսլավովիչ Սոկոլովը (ՌԴ քաղաքացիներ են), կանադացուն համոզել էին Լիխտենշտայնում գործող ֆոնդի միջոցով 2,5 մլն դոլար ներդնել ռուսական «Компрессорный комплекс» («КК») բաժնետիրական ընկերությունում, որը մասնագիտացած էր պոմպերի ու կոմպրեսորների արտադրության մեջ: Սա առաջատար մեքենաշինական ձեռնարկություն էր Սանկտ Պետերբուրգում:

24h.com.cy-ի տեղեկացմամբ՝ ներդրումային գործարքի շրջանակներում ստորագրվել էր համաձայնագիր, որում նշվում էր, որ «Posparon Investments Limited»-ը տիրապետում է «КК»-ի 80 %-ին, սակայն դատական հայցում ընդգծվել է, որ «Posparon»-ը բաժնետեր է ոչ թե ռուսական ընկերությունում, այլ կիպրական «Wellinom Holdings Limited»-ում, որի տնօրենները նույն Օլգա Կատորայչիկն ու Իլյա Սոկոլովն էին: Իսկ իրականում, ինչպես ցույց են տալիս Կիպրոսի եւ Ռուսաստանի ռեգիստրների տվյալները, «Posparon»-ը ուղիղ կապ չի ունեցել ո՛չ «КК»-ի, ո՛չ «Wellinom Holdings»-ի հետ: Այդուհանդերձ, «Posparon»-ը եղել է բուրգի գագաթին (մյուսները ներկայացվել են որպես սրա դուստր ընկերություններ), կանադացին այստեղ է փայատեր դարձել եւ հետագայում հենց «Posparon»-ին է դատի տվել:

Պաշտոնապես «КК»-ի շուրջ 80 %-ը 2012-ից պատկանում էր ռուսական մեկ այլ ընկերության՝ «Арго» ՍՊԸ-ին, որն իր հերթին մինչեւ 2016 թ. պատկանում էր «Wellinom Holdings Limited»-ին: «Թղթի վրա» «Wellinom»-ի սեփականատերերը ներդրումային ոլորտում ծառայություններ մատուցող կիպրական ընկերություններ են, որոնք պատկանում են նույն անձին: Սա իրական շահառուին թաքցնելու շատ հարմար եւ տարածված ձեւ է: Նույնը վերաբերում է «Posparon»-ին, որի շուրջ 70 %-ը, ինչպես կարելի է տեսնել ներքեւի սխեմատիկ պատկերում, պատկանել է բիզնեսի կառավարման եւ խորհրդատվության ոլորտում ծառայություններ մատուցող կիպրական երկու ընկերությունների, ինչը կրկին ոչինչ չի ասում իրական տերերի մասին:

Ընկերությունների շղթան ունեցել է հետեւյալ տեսքը:

KK.jpg (102 KB)    

«Компрессорный комплекс»-ի սեփականատերերի սխեման 2016 թ. դրությամբ, երբ այն դեռ չէր անցել «СБК Премьер»-ին.
նկարում գույներով նշված են հետեւյալ երկրները՝
կանաչ, կապույտ – Ռուսաստան
մանուշակագույն – Կիպրոս
շագանակագույն – Մալթա

Ինչպես տեսնում ենք պատկերում, «КК»-ի տնօրենների խորհրդի անդամ են եղել Իլյա Սոկոլովը (2011-2017 թթ., վերջինիս «LinkedIn» էջից տեղեկանում ենք, որ եղել է նաեւ խորհրդի նախագահ) եւ Կոնստանտին Սոկոլովը (2011-2014 թթ.): Ավելին՝ Կ. Սոկոլովը նաեւ 0,0042 % մասնակցություն է ունեցել «КК»-ում:   

Վերադառնանք «Posparon»-ի դատական գործին: Ըստ դրա՝ տնօրեններ Օ. Կատորայչիկն ու Ի. Սոկոլովը 2,5 մլն դոլար ներդրած կանադացուն ավելի ուշ հայտնել էին, որ կատարվել է ներդրման ողջամիտ արժեքի ճշգրտում 8 մլն դոլարի չափով, սակայն այդպես էլ ցույց չեն տվել «Posparon»-ի վերոնշյալ դուստր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները՝ հիմնավորելու համար, որ պետք է ավելացնել ներդրման չափը: Փոխարենը կանադացուն ներկայացվել է կիպրական աուդիտորական կազմակերպության եզրակացությունն առ այն, որ ներդրման ծավալի ճշգրտումը պատճառաբանված է, քանի որ իբր «Posparon»-ի դուստր ընկերության (ենթադրաբար, խոսքը «КК»-ի մասին է) զուտ ակտիվների արժեքն աճել է:

Ամեն դեպքում, 2014-ին Ի. Սոկոլովը ֆինանսական փաստաթղթերն ուղարկել է կանադացի ներդրողին ու նրա փաստաբաններին, սակայն ներդրման չափն ավելացնելու փաստարկներն այդպես էլ չեն բավարարել կանադացուն: Ընդ որում՝ տնօրենները հայտնել են, որ ռուսական ընկերությունը շուրջ 35 մլն դոլար վարկ է վերցրել տեղական բանկից, ինչի արդյունքում էլ աճել է կիպրական մայր ընկերության արժեքը: Ի վերջո, կանադացին հանդիպում է պահանջել ոչ միայն Օլգա Կատորայչիկի եւ Իլյա Սոկոլովի, այլեւ «Posparon»-ի (բնականաբար, նաեւ դրան ենթակա «КК»-ի) վերջնական շահառու սեփականատեր ներկայացող Կոնստանտին Սոկոլովի հետ: Վերջինս կանադացուն հավաստիացրել է, որ այդուհետ նա ներդրումների վերաբերյալ ամենաթարմ ինֆորմացիան կստանա անձամբ իրենից:

Այդուհանդերձ, 24h.com.cy-ի փոխանցմամբ, մինչեւ 2017 թ. կանադացի ներդրողն այդպես էլ որեւէ նշանակալի տեղեկություն չի ստացել, եւ չնայած նրա փաստաբանները պարբերաբար փորձել են պարզել իրականությունը, «Posparon»-ի տնօրեններ Կատորայչիկն ու Սոկոլովը ընկերության ընդհանուր ժողով են հրավիրել՝ վերահաստատելու աուդիտ անցած, 2013-2014 թթ. վերաբերող ֆինանսական հաշվետվությունները՝ առանց պարզաբանելու, թե ինչու էր պետք վերահաստատել դրանք:

2018-ի հունվարին «Posparon Investments Limited»-ը լուծարելու պահանջով դատական հայց է ներկայացրել դրա 6,3 %-ի բաժնետեր «Wastendo» ընկերությունը, որը պատկանում է կանադացի ներդրողին: Այսինքն՝ այս ընկերությունն էր ապահովում կանադացու մասնակցությունը ընդհանուր բիզնես սխեմայում: Ըստ Կիպրոսի պետռեգիստրի՝ «Wastendo»-ի միակ սեփականատերը Գլեն Սմիթն է (Glenn Smith), որը Կանադայի Կալգարի քաղաքից է: Ըստ էության, Սմիթը հենց 24h.com.cy-ի նշած ներդրողն է կամ էլ նրա ներկայացուցիչը:

Բացի «Posparon»-ի լուծարման պահանջից՝ «Wastendo»-ն դատարանին խնդրել է, որ նա պարտավորեցնի մյուս բաժնետերերին («Norfin Management Limited», «Norfin Holdings Limited» եւ «Yarton Investments B.V.») 2,5 մլն դոլարով ձեռք բերել իր 6,3 % բաժնեմասը: Փաստորեն, կանադացին ցանկացել է հետ ստանալ իր փողը «Posparon»-ի մյուս մասնակիցներից, որոնք, ըստ էության, գործել են Կ. Սոկոլովի վերահսկողության տակ: Դատական հայցում նշվել է, որ կանադացի ներդրողի դիտարկմամբ՝ առկա են տնօրենների խորհրդի կողմից ընկերության վատ վարչարարության եւ ոչ բարեխիղճ կառավարման լուրջ նշաններ, եւ ընկերության գործունեությունն իրականացվել է խաբեությամբ, ինչին օգնել է կիպրական աուդիտորական կազմակերպությունը: Բայց պատասխանող կողմը ներկայացրել է հակընդդեմ հայց եւ խնդրել մերժել «Wastendo»-ի պահանջները, ինչն էլ Նիկոսիայի դատարանը 2018-ի դեկտեմբերին բավարարել է: Ստացվում է, որ կանադացի ներդրողը ձախողվել է ոչ միայն «Posparon»-ի հետ գործ բռնելիս, այլեւ իր շահերը դատարանում պաշտպանելիս:

Այդուհանդերձ, 2008-ին հիմնադրված «Posparon»-ը 2022 թ. հուլիսին ջնջվել է (strike off) Կիպրոսի պետռեգիստրից:

Ինչ վերաբերում է ներդրումային վեճի կենտրոնում հայտնված «Компрессорный комплекс»-ին, ապա 2016 թ. սրա մոտ 80 %-ի բաժնետեր «Арго»-ի նոր տեր է դարձել «СБК Премьер»-ը, որը «Սբերբանկի» խմբի ընկերություններից է (ենթադրաբար, մեքենաշինական ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը բանկին է անցել վարկային պարտավորության դիմաց): Այսինքն՝ «КК»-ն այլեւս չի վերահսկվել կիպրական «Posparon»-ի կողմից: Իսկ 2017-ին «Арго»-ն անցել է ռուսական մեկ այլ ընկերության՝ «Гроссманн Рус»-ին, որը նավթագազային խոշոր ընկերությունների հետ աշխատող ինժեներական «Grossmann Group»-ի կազմում էր: Բայց 2020-ին «КК»-ն սնանկ է ճանաչվել, 2022-ին էլ նույն բախտին արժանացել է «Гроссманн Рус»-ը:

Վերեւում ասվեց, որ «Posparon»-ի տնօրեններ Օ. Կատորայչիկն ու Ի. Սոկոլովը կանադացի ներդրողին համոզել էին «Компрессорный комплекс»-ում 2,5 մլն դոլար ներդնել Լիխտենշտայնում գործող ֆոնդի միջոցով: Թե կոնկրետ ինչպես է արտահայտվել կապը այս ֆոնդի եւ «Posparon»-ի ու նրա դուստր ընկերությունների միջեւ, դժվար է ասել: 

Բայց հատկանշական է, որ Իլյա Սոկոլովը, իր «LinkedIn» էջի համաձայն, 2011-2020 թթ. արտաքին խորհրդական է աշխատել Լիխտենշտայնում գրանցված «Gotthard Umbrella Fund»-ում, որը ներդրումներ էր կատարում գլխավորապես Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում: Ավելին՝ ռուսական «Կոմերսանտը» գրել էր, որ «Gotthard Umbrella Fund»-ի 2018 թ. տարեկան հաշվետվության մեջ «Компрессорный комплекс» ձեռնարկությունը ներառված էր ֆոնդի պորտֆոլիոյում: 2019-ի տարեվերջին ֆոնդը լուծարվել է:

Պետերբուրգի հուշարձան շենքի ներդրումային նախագծի ձախողումը

Կ. Սոկոլովն ու նրա գործընկերները ներգրավված են եղել եւս մի նախագծում, որը ձախողվել է: 2010 թ. մայիսին Սանկտ Պետերբուրգի կառավարությունը փակ նիստում որոշել էր դաշնային նշանակության հուշարձան հանդիսացող 3 շենք օտարել մասնավոր ներդրողներին, որպեսզի նրանք այդ շենքերը դարձնեն 5-աստղանի կամ «լյուքս» դասի հյուրանոցներ: Ընդ որում՝ շենքերի ձեռքբերման համար աճուրդ չէր հայտարարվել, դրանք օտարվել են ուղղակի վաճառքով եւ մեկ փաթեթի շրջանակներում:

Ռուսական մամուլի տեղեկացմամբ՝ շենքերից երկուսը ձեռք էին բերել միլիարդատեր երկվորյակ եղբայրներ Բորիս եւ Միխայիլ Զինգարեւիչներին առնչվող երկու ընկերություններ՝ վճարելով համապատասխանաբար 30 եւ 20 մլն ռուբլի: Սակայն այս գումարներից զատ՝ գնորդները պարտավորվել էին կոնկրետ չափով ներդրումներ անել: Նույնը վերաբերում էր երրորդ շենքին՝ Ռուսական կայսրության օրոք հայտնի բանկիր Միխայիլ Վավելբերգի տանը, որը 111 մլն ռուբլով ձեռք էր բերել պետերբուրգյան «ИФГ-Базис-Проект» ընկերությունը: Վերջինիս գլխավոր տնօրենը ռուսական մամուլին հայտնել էր, թե իրենք կապ չունեն Զինգարեւիչների հետ:

Զինգարեւիչ եղբայրներն առավել հայտնի են փայտամշակման բիզնեսով (նրանց երբեմն անվանում են «անտառային եղբայրներ»), եւ 1990-ականներին վերջիններիս գործընկերն է եղել հետագայում ՌԴ նախագահ դարձած Դմիտրի Մեդվեդեւը, որը պետերբուրգցի է: Փոխարենը մինչ օրս Զինգարեւիչների գործընկերն է մեկ այլ միլիարդատեր՝ պետերբուրգցի Զախար Սմուշկինը, որի մասին գրելու առիթ ունեցել ենք:

2010-ին ռուսական մամուլը գրել էր, որ «ИФГ-Базис-Проект»-ը պատկանում է կիպրական «Applerson Holdings Limited»-ին, բայց հայտնի չեն դրա շահառու սեփականատերերը: «ИФГ-Базис-Проект»-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Դանատ Բուլավկոն ասել էր, որ խոսքը միջազգային ներդրումային ֆոնդի մասին է: Այն մասին, որ «Applerson»-ը ներդրումներ է անելու Ս. Պետերբուրգի հյուրանոցային բիզնեսում, հաղորդվել էր դեռ 2009-ին, եւ նշվել էր, որ այս ընկերությունը կիպրական «IFG-Basis» ներդրումային ֆոնդի ստորաբաժանում է: Ռուսական մամուլի տեղեկացմամբ՝ ֆոնդը ստեղծվել էր՝ Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Պարսից ծոցի երկրների անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարելու համար, ընդ որում՝ 2009 թ. դրությամբ ֆոնդը ներառել է շուրջ 100 օբյեկտ, իսկ նրա ֆինանսական գործընկերներն են եղել ավստրիական «Erste Bank»-ը, իտալական «Generali Group»-ը եւ շվեյցարական «Bank Julius Baer & Co.»-ն:

Բայց հարկ է նկատել, որ Կիպրոսի պետռեգիստրի տվյալներով՝ այդ երկրում «IFG-Basis» անունով ներդրումային ֆոնդ գրանցված չի եղել: Մյուս կողմից՝ ըստ կիպրական ռեգիստրի՝ 2009-2014 թթ. գոյություն ունեցած «Applerson Holdings Limited»-ի տերերի մեջ երբեք նման կազմակերպություն չի եղել: Ըստ այդմ՝ «Applerson»-ի վերջին սեփականատերը եղել է ԲՎԿ-ում գրանցված «Crest Wave Investments Limited»-ը, իսկ Կոնստանտին Սոկոլովը եղել է «Applerson»-ի տնօրենների խորհրդի անդամ:   

Այսպիսով՝ 2010-ին, երբ ռուսական «ИФГ-Базис-Проект»-ը հյուրանոց դարձնելու նպատակով ձեռք է բերել Վավելբերգի տունը, ընկերության սեփականատերը եղել է «Applerson Holdings Limited»-ը, որի հետ անմիջական կապ է ունեցել Կ. Սոկոլովը: Փաստ է նաեւ, որ 2013-2016 թթ. ռուսական ձեռնարկությունը պատկանել է Մոսկվայում գրանցված «Компания инновационного развития» ՍՊԸ-ին, որի տերերը 50-50 հարաբերակցությամբ Կիպրոսի «Wellinom Investments Limited»-ը եւ ԲՎԿ-ում գրանցված «Wellinom Properties Limited»-ն էին: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Wellinom» անունով տարբեր ընկերությունների թիկունքում կրկին եղել է Կ. Սոկոլովը. այլ հարց է՝ նա իրակա՞ն սեփականատերն էր, թե՞ այդպես ներկայանում էր: 

IFG.jpg (61 KB)

«ИФГ-Базис-Проект»-ի սեփականատերերի սխեման 2016 թ. դրությամբ, երբ այն դեռ չէր անցել «СБК Премьер»-ին.
նկարում գույներով նշված են հետեւյալ երկրները՝
կանաչ, կապույտ – Ռուսաստան
մանուշակագույն – Կիպրոս
շագանակագույն – օֆշորային գոտիներ (ԲՎԿ, Անգիլիա)

2010-2017 թթ. «ИФГ-Базис-Проект»-ի գլխավոր տնօրենը Կ. Սոկոլովի գործընկեր Իլյա Սոկոլովն էր: Վերջինս 2013-ին համաձայնագիր էր ստորագրել արաբական «Jumeirah Group»-ի հետ, որը պետք է կառավարեր Վավելբերգի տան հիմքի վրա ձեւավորվող հյուրանոցը: Բայց այդ ծրագիրը չիրականացավ:

Ռուսական «Կոմերսանտը» 2019-ին, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ «ИФГ-Базис-Проект»-ի հյուրանոցային նախագծի հետ կապ են ունեցել Կոնստանտին Սոկոլովը, գործարար Եվգենի Տոնկաչեեւը, որը հերքել է իր մասնակցությունը նախագծին, ինչպես նաեւ Լիխտենշտայնում գրանցված «Gotthard Umbrella Fund»-ը: Ըստ լրատվամիջոցի՝ 2018-ին Վավելբերգի տունը «Компрессорный комплекс» ձեռնարկության պես ներառված էր այս ֆոնդի ակտիվների ցանկում, սակայն 2019-ին ֆոնդն ավարտին է հասցրել պատմական շենքի օտարման գործընթացը: Ինչպես վերեւում նշեցինք, 2019-ի տարեվերջին «Gotthard Umbrella Fund»-ը լուծարվել է:

Փաստորեն, ինչպես մեքենաշինական «Компрессорный комплекс»-ն էր մինչեւ 2016 թ. վերահսկվում կիպրական «Posparon Investments Limited»-ի կողմից, որի շահառու տերն առերեւույթ Կոնստանտին Սոկոլովն էր, այնպես էլ «ИФГ-Базис-Проект»-ն էր մինչեւ 2016 թ. գտնվում Սոկոլովին առնչվող ընկերությունների վերահսկողության տակ:

Սոկոլովն ու գործընկերներն այդպես էլ չկարողացան իրականացնել Մ. Վավելբերգի տունը հյուրանոց դարձնելու նախագիծը, չնայած նախատեսվում էր, որ հյուրանոցը պետք է բացվի 2015-ին՝ պատմական շենքի վաճառքից 5 տարի անց:

2016-ին «ИФГ-Базис-Проект»-ի միակ սեփականատեր դարձավ «Սբերբանկի» դուստր «СБК Премьер»-ը: 2017-ին վերջինիս փոխարինեց «Проект 5-7» ռուսական ընկերությունը, որն իր հերթին «Սբերբանկի» եւ գործարար, միլիարդատեր Նիկոլայ Բույնովի համատեղ սեփականությունն էր: 2019-ին «Սբերբանկը» դուրս եկավ այստեղից, ինչից հետո «Проект 5-7» ու դրան պատկանող «ИФГ-Базис-Проект» ընկերություններն ամբողջությամբ անցան Բույնովի տրամադրության տակ: Հենց նրա օրոք էլ՝ 2021-ին, ավարտին հասցվեց Վավելբերգի տան ավելի քան 10 տարի տեւած ձեւափոխումը: 2021-ի ապրիլին այստեղ բացվեց «Wawelberg» 5-աստղանի հյուրանոցը:

Սոկոլովի մայրը նմանատիպ ընկերություն է հիմնել Կիպրոսում

2023 թ. դեկտեմբերին Կիպրոսում հիմնադրվել է «IFG Basis Capital (CY) Limited» անունով ընկերություն, որի միակ մասնակիցն ու տնօրենը Բրոնիսլավա Գորելիկն է: Նա, «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ, Կոնստանտին Սոկոլովի մայրն է: Վերջինս ներգրավված է նաեւ կիպրական այլ ընկերություններում: Կիպրոսի պետռեգիստրի տվյալներով՝ Գորելիկը գրանցված է Մալթայում, բայց Իսրայելի քաղաքացի է: Կարելի է ենթադրել, որ մոր անունով գրանցված ընկերությունների թիկունքում իրականում կանգնած է Կ. Սոկոլովը:  

«Հետքը» շարունակում է «ՄՏՍ-Հայաստանի» իրական շահառու սեփականատերերի վերաբերյալ ուսումնասիրությունը: Մենք երկու տարբեր աղբյուրներից նույնատիպ ինֆորմացիա ենք ստացել հեռահաղորդակցության այս օպերատորի իրական գնորդների մասին, սակայն այդ մասին կպատմենք հաջորդ հոդվածում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter