
Դավիթ Հարությունյանի ոսկե եւ արծաթե դրամները
ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանը հասարակության աչքում երեւում է «սուսիկ-փուսիկ» պատգամավոր, ով ապրում է բացառապես իր աշխատավարձով եւ կողմնակի այլ եկամուտներ, մասնավորապես` բիզնես չունի:
Դավիթ Հարությունյանի անվան հետ մի քանի բիզնես է կապվում, սակայն նրա գույքի եւ եկամուտների հայտարարագրից չի երեւում, որ նա բացի աշխատավարձից այլ եկամուտ է ստանում: 2011 թվականին Դավիթ Հարությունյանի միակ եկամուտը ԱԺ-ից ստացած 3 մլն 562 հազար 680 դրամ աշխատավարձն է: Փոխարենը ԱԺ պատգամավորն իր հաշվեհամարում ունի 5 մլն դրամ եւ 20 հազար դոլար, այն դեպքում, երբ 2011 թ.-ի սկզբին Դ. Հարությունյանն ուներ 3 մլն 500 հազար դրամ եւ 17 հազար դոլար:
Դավիթ Հարությունյանի կնոջ` Նորինե Մանուկյանի 2011 թ. եկամուտի միակ աղբյուրը դարձյալ աշխատավարձն է` 720 հազար դրամ, սակայն նրա հաշվեհամարում առկա է 50 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը սեփականության իրավունքով ունի 3 բնակարան, 2 բնակարան տիրապետում է օգտագործման, մեկը` բաժնային սեփականության իրավունքով: Ունի ամառանոց եւ 2 հողամաս, ինչպես նաեւ օգտագործման իրավունքով անհատական բնակելի տուն:
Պարզվում է՝ ԱԺ պատգամավորը սեր ունի հնաոճ իրերի եւ մետաղադրամների նկատմամբ: Դավիթ Հարությունյանն ունի 198 հատ ռուսական ոսկե եւ արծաթե դրամներ, ինչպես նաեւ գեղանկարների հավաքածու (յուղաներկ, լիտոգրաֆիա): Նշված գույքը, ըստ Դավիթ Հարությունյանի հայտարարագրի, գերազանցում է 8 միլիոն դրամը կամ համարժեք արտարժույթը, թեեւ դրանք գնահատված չեն:
Համեմատության համար նշենք, որ Դավիթ Հարությունյանը 2009 թ.-ին ունեցել է 3 մլն 416 հազար 460, իսկ 2010-ին` 3 մլն 562 հազար 680 դրամի եկամուտ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել