Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանուն մարդկության չաշխատելու համար
Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI տեխնոլոգիական ընկերության և նրա ղեկավարների դեմ։ Ըստ միլիարդատիրոջ՝ ChatGPT-ն ստեղծողները հրաժարվել են ստարտափի սկզբնական առաքելությունից՝ զարգացնել արհեստական բանականությունը՝ ի շահ մարդկության և ոչ թե շահի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ ներկայացնելով գործի մանրամասները։
SpaceX-ի ղեկավարը 2015-ին ստեղծված OpenAI-ի համահիմնադիրերից և առաջին խոշոր ներդրողներից է։ 2018-ին Մասկը հայտարարել էր ընկերությունից հեռանալու մասին՝ ասելով, որ ցանկանում է կենտրոնանալ Tesla-ի արհեստական բանականության նախագծերի վրա։ Այս շաբաթ միլիարդատերը դատի է տվել ընկերության մյուս համահիմնադիրներին՝ գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին և տնօրենների խորհրդի նախագահ Գրեգ Բրոքմանին։
Մասկի հայցում նշվում է, որ պայմանագրի կետերը խախտվել են․ Ալթմանը և Բրոքմանն ի սկզբանե դիմել են նրան՝ բաց կոդով, ոչ առևտրային ընկերություն ստեղծելու համար, սակայն, ըստ Մասկի, ստարտափն այժմ կենտրոնացած է գումար վաստակելու վրա:
Հեռանալուց հետո Իլոն Մասկը OpenAI-ին կոչ էր արել բարձրացնել զարգացման արագությունը։ Վերջին տարիներին, սակայն, նա պարբերաբար խոսում է արհեստական բանականության զարգացումը սահմանափակելու մասին։ Փետրվարի 29-ին Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի Գերագույն դատարան ներկայացված փաստաթղթում նշվում է՝ Մասկը վաղուց հասկացել է, որ արհեստական ընդհանուր բանականությունը (AGI) լուրջ վտանգ է մարդկության համար։ Ըստ նրա՝ սա գլխավոր սպառալիքն է, որին այսօր բախվում ենք։
«Մեր տնտեսության հիմքում մարդիկ են, որոնք աշխատում են միասին ու առաջարկում բարդ խնդիրների լավագույն լուծումները։ Եթե մեքենան կարող է ցանկացած խնդիր ավելի լավ լուծել, քան մենք, ապա այն տնտեսապես ավելի օգտակար է»,- ասել է Մասկը՝ շեշտելով, որ արհեստական ընդհանուր բանականության հզորացման դեպքում «ապագան մեր կարիքը չի ունենա»։
Փաստաթղթում ասվում է․
«Այն, ինչ Մասկն ու շատերը գոյության լուրջ սպառնալիք են համարում, որոշ մարդիկ տեսնում են որպես շահույթի և իշխանության աղբյուր»։
Մասկը պահանջել է OpenAI-ին պարտադրել իր հետազոտություններն ու տեխնոլոգիաները հասանելի դարձնել հանրությանը և թույլ չտալ, որ ստարտափն օգտագործի իր ակտիվները՝ ներառյալ GPT-4-ը, Microsoft-ի կամ որևէ անհատի ֆինանսական շահերի համար:
Կարդացե՛ք նաև․
Մեկնաբանել