
Վլադիմիր Զելենսկին կայցելի Ստամբուլ. նախատեսվում են Էրդողանի հետ բանակցություններ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը՝ մարտի 8-ին, կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեր երկիր կայցելի 2024 թվականի մարտի 8-ին։ Այցի շրջանակներում մանրամասն կքննարկվեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող պատերազմի ընթացքը, վերջին իրադրությունը, որը վերաբերում է հացահատիկի միջանցքի մասին համաձայնագրի իրագործման շարունակման թեմայով շփումներին»,- ասված է Էրդողանի աշխատակազմի X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
Երկու երկրների առաջնորդները նաև կարծիքներ կփոխանակեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիների և լուծումների վերաբերյալ, որոնք կարող են տարածաշրջանում հանգեցնել կայուն խաղաղության:
Թուրքական կողմը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները կկայանան Ստամբուլում, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։
«Նախագահներ Էրդողանի և Զելենսկու հանդիպումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա մոտավորապես ժամը 19:00-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատի նախագահական աշխատանքային գրասենյակում: Այս պահի դրությամբ ակնկալվում է, որ հանդիպումից հետո կկայանա մամուլի ասուլիս»,- փոխանցում է թուրքական կողմը։
Էրդողանի և Զելենսկու վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի հուլիսի 7-ին։
Լուսանկարը՝ Tolga Bozoglu/EPA via Shutterstock
Մեկնաբանել