
Երվանդ Քոչար. «Ժամանակի մեջ պետք է ինձ հասկանալ»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում ներկայացված է մեկ այլ հայ մեծանուն արվեստագետին` Երվանդ Քոչարին նվիրված ֆիլմը: ֆիլմը, որ կոչվում է «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» (2012 թ., 16 րոպե), նկարահանել է որդին` Ռուբեն Քոչարը: Չնայած վերջինս դեռևս 1992թ.-ին նկարահանել է «Երվանդ Քոչար» ֆիլմը, սակայն այս ֆիլմում ռեժիսորը փորձել է ներկայացնել Երվանդ Քոչարի գաղափարներից մեկը` նկարչություն տարածության մեջ:
Այժմ ամբողջ աշխարհում շատ արդիական է 3D` եռաչափ պատկեր հասկացությունը, և Ռ. Քոչարի խոսքերով` այդ գաղափարն առաջին անգամ արվեստի մեջ առաջ է քաշել հենց Ե. Քոչարը: Ասվածը հաստատելու համար ֆիլմում ներկայացվում են մի շարք ապացույցներ:
Ռ. Քոչարի խոսքերով` այսօր կա ինֆորմացիայի մեծ բաց. «Երվանդ Քոչարը, ապրելով մեր կողքին, միշտ եղել է փակ»: Ռեժիսորը փորձել է որոշակիորեն լրացնել այդ բացը և ֆիլմի միջոցով հասարակությանը ծանոթացնել այն գաղափարին, թե ինչպիսին էր տեսնում Ե. Քոչարը գեղանկարչությունը եռաչափ հասկացողության մեջ:
Ժամանակին Ե.Քոչարն ասել է` «բոլոր ուղղությունները ծնվեցին ֆրանսիայում, ես ուզում եմ, որ այս ուղղությունը զարգանա Հայաստանում»: Հենց այդ նպատակով է նա վերադառնում Հայաստան: Սակայն այստեղ նրան ոչ միայն չեն հասկանում, այլև խիստ սահմանափակում են նրա ազատությունը: Որդու խոսքով` նա խորացավ քանդակագործության մեջ, որովհետև նրան թույլ չէին տալիս նկարել: Երկար տարիներ են պահանջվում, որպեսզի Ե. Քոչարը կրկին վերադառանա իր տարածական նկարչությանը:
Ե. Քոչարից հետո եռաչափ հասկացությունն արվեստի մեջ փորձեց կիրառել նաև Պ. Պիկասոն: Եթե Պիկասոն ասել է, որ ինքը միայն ժամանակից է վախենում, ապա Ե. Քոչարն ասել է, թե իր հաջողությունը միայն ժամանակն է. «Ժամանակի մեջ պետք է ինձ հասկանալ»:
Ռուբեն Քոչարի խոսքով` դժվար է ընկալել եռաչափ հասկացությունը, այն դեռևս զարգանում է, սակայն համոզված է, որ այն կխորանա նաև գեղանկարչության մեջ:
Ռեժիսորը նպատակ ունի ստեղծել մեկ այլ ֆիլմ, որը կպատմի Ե. Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակի մասին:
«Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» և «Առանց Գորկու» ֆիլմերը իրար հետևից կցուցադրվեն հուլիսի 12-ին Մոսկվա կինոթատրոնում՝ ժամը 16:00-ին:
Մեկնաբանել