
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով։ Այս մասին «Հետքին» հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որը այս գործով ամբաստանյալներից մեկն է։
Հիշեցնենք՝ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։
Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է: Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Արուսյակ Ալեքսանյանն արդեն 1 տարուց ավելի է՝ կալանավորված էր: Դեկտեմբերի 18-ին դատարանը որոշել էր երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամսով` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։ Իսկ Էրիկ Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Գործով ամբաստանյալի աթոռին է նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանը։
Մեկնաբանել