HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոմանոս Պետրոսյանի ևս մեկ հրաման անվավեր է ճանաչվել․ դատարանները հօգուտ ՇՄՆ աշխատակցի վճիռ են կայացրել

2021թ․ փետրվարին Շրջակա միջավայրի նախկին նախարար, այժմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել էր նախարարության երկարամյա աշխատակից, աշխատակազմի նախկին ղեկավար, այնուհետև Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետ Էդգար Փիրումյանին։ Վերջինս դիմել էր դատարան և դատական երեք ատյաններում հաղթել է նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին։

Էդգար Փիրումյանը 2002 թվականից մինչև 2014 թվականը, իսկ այնուհետև 2018 թվականից մինչև 2021 թվականի հունվարի 19-ը աշխատել է Բնապահպանության նախարարությունում (այժմ՝ Շրջակա միջավայրի նախարարություն)՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եղել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային ռեսուրսների քաղաքականության և վերլուծության բաժնի պետ, նախարարության աշխատակազմի ղեկավար։ Վարչապետի որոշման հիմքով նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, կենսառեսուրսների կառավարման գործակալությունն ու թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունը միաձուլվել էին, և ստեղծվել էր նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչություն: 2020թ. հունիսի 1-ից Էդգար Փիրումյանը նշանակվել էր նշված վարչության պետ։

2020թ. հուլիսի 30-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար: Նույն տարվա դեկտեմբերի 3-ին նախարար Ռ. Պետրոսյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել, և որպես ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հարցեր, նշվել են՝

ա/ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված փհէկերում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ ունեցող լիցենզավորված անձանց ցանկում անճշտությունների պատճառները:

բ/ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի ղեկավարին ուղղված 2020 թվականի հոկտեմբերի 15-ի գրությամբ ներկայացված հիմքերով մերժման պատճառները:

2021թ․ հունվարի 4-ին Ռ. Պետրոսյանը Էդգար Փիրումյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին հրաման է ստորագրել, որով Շրջակա միջավայրի նախարարը հրամայել է ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու և ծառայողական պարտականությունները վերազանցելու համար Էդգար Փիրումյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ ծառայության դադարեցում:

Էդգար Փիրումյանն այդ հրամանի դեմ բողոք է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բողոքի վերաբերյալ Էդգար Փիրումյանն այդպես էլ չի ստացել պատասխան:

2021թ․ փետրվարին նա հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան։ Պահանջել է անվավեր ճանաչել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանը իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել նաև իր հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 2021թ․ հունվարի 19-ի հրամանը:

Էդգար Փիրումյանը պահանջել է նաև վերականգնել իրեն նախկին պաշտոնում և պարտավորեցնել ՇՄ նախարարությանը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձ մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Հայցադիմումում այդ գրությունների վերաբերյալ հայցվոր կողմը պարզաբանել է, որ Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչությունում գործում է Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժին, որտեղ ձևավորվել է Պետական ջրային կադաստրի տեղեկատվական միասնական համակարգ: Դա համակարգչային ծրագիր է, որտեղ վերը նշված բաժնի աշխատակիցները մուտքագրում են տվյալներ, այդ թվում նաև՝ ջրօգտագործողների մասին: Մուտքագրված տվյալների որակի և ճշտության համար պատասխանատու է Պետական կադաստրների, ռեեստրների վարման մոնիթորինգի բաժնի աշխատակիցը, համաձայն տվյալ պաշտոնի անձնագրի: Նրանք նաև «իրենց լիազորությունների շրջանակներում պատրաստում են տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ գրություններ»:

2020թ. սեպտեմբերի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գրությունը ստանալուց հետո, Էդգար Փիրումյանը գրությունը մակագրել է իր տեղակալ Ա. Մխիթարյանին: Հաջորդիվ այդ գրությունը Ա. Մխիթարյանը մակագրել է Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ա. Վարդևանյանին, որպես առաջին կատարող, իսկ որպես երկրորդ կատարող՝ ԼԹՀ վարչության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ Օ. Ավետիսյանին: Նրանք, իրենց հերթին, գրությունը մակագրել են իրենց աշխատակիցներին:

2020թ. սեպտեմբերի 25-ին ՀԾԿՀ նախագահին ուղղված գրության պատասխանը Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի աշխատակիցն ուղարկել է Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ա. Վարդևանյանին:

Mulberry համակարգի ուսումնասիրությունից հետևում է, որ անմիջական ղեկավարները որևէ դիտողություն չեն ներկայացրել պատրաստված գրության վերաբերյալ, ինչն էլ հիմք ընդունելով՝ գրությունը հայցվոր Էդգար Փիրումյանը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տ. Սիմոնյանին:

Տ. Սիմոնյանը, նայելով կցած ֆայլը, նկատել է, որ ցուցակի 59-րդ և 176-րդ կետերում կան անճշտություններ, և գրությունը խմբագրելու նպատակով վերադարձրել է Փիրումյանին, Փիրումյանն էլ իր հերթին՝ Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժին:

Ծառայողական քննության ժամանակ 59-րդ և 176-րդ կետերում առկա անճշտությունների վերաբերյալ բացատրություն է տվել ԼԹՀՎ-ի պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի ավագ մասնագետ Ա.Դավթյանը, որը հայտնել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տված՝ փհէկերում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ ունեցող լիցենզավորված անձանց ցանկում 59-րդ կետի անճշտությունը կապված է եղել այն բանի հետ, որ 2017 թվականի մարտից ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԳԱՏՕ-ի շրջանակներում Ջրային պետական կադաստրի տեղեկատվական միասնական համակարգը վերազինման փուլում է, և այդ պահին Ծրագրում առկա չի եղել «կասեցում», «առ ոչինչ», «անվավեր» կոճակները (հետագայում նախատեսվում է): Այդ պատճառով «Անի» ԲԲԸ «Ջրաձոր» փհէկ-ի ջրօգտագործման թույլտվությունը համապատասխան աշխատակցի կողմից չի ներկայացվել որպես «անվավեր», այլ որպես կասեցված, որը ճշտվել է խմբագրվելուց հետո: 176-րդ կետի անճշտությունն անուշադրության հետևանք է, կապված է այն փաստի հետ, որ հանձնարարականին կցված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած ցուցակում նշված է եղել «ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈԻՄ» ԱՄ-ի «Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ և ոչ թե «Հ.Ե.Կ Շին» ՓԲԸ «Դարանակ» փհէկ:

Աշխատակիցը հայտնել է նաև, որ իր անուշադրության հետևանքով սխալները պայմանավորված են սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին իր երեխայի հոր մասնակցությամբ։

Այսինքն, ստացվում է, որ ՀԾԿՀ նախագահին ուղղված գրության պատասխանը կազմել է Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի աշխատակիցը, այդ գրությունն ուղարկել է նույն բաժնի պետ Ա. Վարդևանյանին և ԼԹՀ վարչության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ Օ. Ավետիսյանին, որից հետո նոր միայն հայցվորին, սակայն գրության մեջ առկա անճշտությունների համար պատասխանատվության չեն ենթարկվել գրությունը կազմող մասնագետների անմիջական ղեկավարները, դրա փոխարեն պատասխանատվության է ենթարկվել Է․ Փիրումյանը, այն էլ՝ ամենախիստ ձևով:

Գրությունը, որը հիմք է հանդիսացել կարգապահական պատասխանատվության, դուրս չի եկել նախարարությունից, այլ կերպ ասած՝ ՀԾԿՀ-ն չի ստացել թերի փաստաթուղթ, ինչը խոսում է հանրային շահի ոտնահարման բացակայության մասին, այսինքն՝ ենթադրյալ կարգապահական խախտումը (անկախ նրանից, թե ով է կատարել) չի առաջացրել որևէ հետևանք:

Երկրորդ հարցի առնչությամբ հայցվոր Փիրումյանը հայտնել է հետևյալը. «Ալաշկերտ համայնքը գտնվում է Արարատյան դաշտում, որտեղ դեռևս 2010թ. դիտարկվել են ինքնաշատրվանող ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործումներ, ինչի հետևանքով կտրուկ նվազել է դրանց մակարդակն ու ճնշումը: Դրա պատճառները Արարատյան դաշտում ստորերկրյա հորերի անկանոն հորատումները և ստորերկրյա հորերի անհիմն մեծ քանակությունն են: Հաշվի առնելով այդ արտակարգ իրավիճակը՝ Կառավարությունը դեռևս 2014թ.-ից մի շարք գործողություններ է իրականացնում այնտեղ՝ օրենսդրական և տեխնիկական: Մասնավորապես, 2019թ.-ին պետական բյուջեից տրամադրվել է 37 միլիոն 954 հազար դրամ (ՀՀ կառավարության 2019թ. 1257-Ն որոշում) Արարատյան դաշտում հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներ իրականացնելու համար: Բացի այդ, 2014թ. այդ տարածքը Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է որպես սակավաջրության և երաշտի տարածք:

2020թ. հուլիսին Ալաշկերտի համայնքապետարանը Շրջակա միջավայրի նախարարություն հայտ է ներկայացրել ոռոգման նպատակով հորատանցքի հորատման համար: ԼԹՀ վարչության մասնագետ Վ. Տերտերյանը կազմել է միջանկյալ գրություն հետևյալ բովանդակությամբ․ Շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնասիրել է Ձեր 2020 թվականի օգոստոսի 18-ի գրությունը և Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի համար ներկայացված ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը, ինչի վերաբերյալ հայտնում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը նպատակահարմար չի գտնում նոր խորքային հորատանցքի հորատումը և առաջարկում է վերականգնել համայնքին արդեն իսկ տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված խորքային հորը:

Ալաշկերտի համայնքապետարանին դեռևս 2019թ. տրվել էր ջրօգտագործման թույլտվություն ոռոգման նպատակով 5 տարի ժամկետով չգործող խորքային հորից, և նոր հորը նույն նպատակների համար նախատեսվում էր հորատել չգործող խորքային հորից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, ինչը գիտական տեսանկյունից խիստ անբարենպաստ է Արարատյան դաշտի համար: Այդ իսկ պատճառով ԼԹՀ վարչության աշխատակից Վ. Տերտերյանը կազմել է այդ միջանկյալ գրությունը, որ մանրամասն ուսումնասիրվի արդեն իսկ տրված ՋԹ-ով հորի շահագործման անհնարինությունը:

Կազմելով այդ միջանկյալ գրությունը՝ Փիրումյանն այն ուղարկել է Տ. Սիմոնյանին: Վերջինս բանավոր առարկել է՝ հայտնելով, որ պետք չէ նման գրություն պատրաստել: Բանակցության արդյունքում հայցվոր Է. Փիրումյանը մանրամասն ներկայացրել է իրավիճակը, իրավական հիմնավորումները, սակայն Տ. Սիմոնյանը բանավոր հանձնարարել է հետ կանչել այդ գրությունն ու տրամադրել թույլտվություն:

Այս միջանկյալ գրությունը նույնպես նախարարությունից դուրս չի եկել, որևէ բացասական հետևանք նախարարության համար չի առաջացել, այդ գրագրություններն իրականացվել են նախարարության ներսում:

Այնինչ այս պայմաններում Շրջակա միջավայրի նախարարը կիրառել է կարգապահական տույժ՝ ծառայության դադարեցում: Այլ կերպ ասած՝ հայցվոր Է. Փիրոմյանը պատասխանատվության է ենթարկվել այն պատճառաբանությամբ, որ իր տեսակետը չի համապատասխանել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի տեսակետին:

«Ավելին, զավեշտալի է այն, որ հայցվորը թե՛ իրավական, թե՛ գիտական հիմնավորումներով ապացուցել է, որ ջրօգտագործման թույլտվության տրամադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Արարատյան դաշտավայրի համար՝ առաջացնելով սակավաջրություն, սակայն այդ հանգամանքները հաշվի չեն առնվել, ավելին, հայցվորի նկատմամբ կիրառվել է ծառայության դադարեցում կարգապահական տույժը»,- հիմնավորել է հայցվորը:

Ավելին, գործատուն կարգապահական տույժ կիրառելիս չի ուսումնասիրել աշխատողի՝ նախկինում կատարած աշխատանքը, անտեսել է, որ հայցվորի տարեկան կատարողականի գնահատականը եղել է բարձր, անտեսել է, որ տարիների ընթացքում հայցվորը իր գիտելիքի և պարտաճանաչության արդյունքում մեծ բարեփոխումներ է կատարել համակարգում:

«Շուրջ 10 տարուց ավելի նախարարությունում աշխատելու ընթացքում հայցվոր Էդգար Փիրումյանը բարեխղճորեն կատարել է իր աշխատանքային պարտականությունները, անմիջական ղեկավարի կողմից կատարողական գնահատականները եղել են բարձր, ինչն արդեն իսկ խոսում է, որ հայցվորը եղել է բարեխիղճ, աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարող աշխատող»,- նշել է հայցվորի ներկայացուցիչը:

2022թ․ նոյեմբերի 16-ին դատարանը վճռի հրապարակման օր է նշանակել, սակայն նույն օրը որոշում է կայացրել վերսկսել գործի քննությունը։

2023թ․ հունվարի 3-ի վճռով դատավոր Արթուր Ծատուրյանը մասնակի բավարարել է Էդգար Փիրումյանի հայցը, այն է՝ անվավեր է ճանաչել Էդգար Փիրումյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին և Փիրումյանի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանները: Դատարանը պարտավորեցրել է նախարարությանը Էդգար Փիրումյանին հատուցել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, ինչպես նաև Փիրումյանին վճարել՝ որպես աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։

Ինչ վերաբերում է Փիրումյանին նախկին պաշտոնում վերականգնելու մասին պահանջին, ապա այդ պահանջը դատարանը մերժել է, քանի որ 2021թ․ հունիսի 10-ի Կառավարության որոշմամբ, նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ ՇՄ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչությունը բաժանվել է՝ ստեղծելով.

ա. Ջրային ռեսուրսների կառավարման վարչություն,

բ. Կենսառեսուրսների կառավարման վարչություն,

գ. Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչություն:

Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչությունն այլևս գոյություն չունենալու պայմաններում, Էդգար Փիրումյանին նախկին պաշտոնում վերականգնելու մասին հայցը դատարանը մերժել է։

ՇՄՆ-ն բողոքարկել է առաջին ատյանի դատական ակտը, սակայն Վերաքննիչը նույնն է թողել վճիռը, իսկ Վճռաբեկը մերժել է վարույթ ընդունել նախարարության վճռաբեկ բողոքը։

Էդգար Փիրումյանն այժմ այլ աշխատանքի է անցել։ Մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ ստացել է հատուցումը։ Այլ մանրամասների վերաբերյալ զրուցել չցանկացավ։ 

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ գործով պարտվել էր դատարանում։ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից հեռացված տնօրեն Լևոն Գաբրիելյանը դատարանի որոշմամբ նույնպես վերականգնվել էր պաշտոնում:

1․ Ինչու է հեռացրել, թարսվել է, թե այլ ՝ իրեն մտերիմ մարդու է ցանկացել նշանակել

2․ Որքան գումար է փոխհատուցել  որպես նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց։

Ռոմանոս Պետրոսյանի և Էդգար Փիրումյանի լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter