HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինը պարտվել է Երևանում, սակայն հաղթել Գյումրիում

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտասահմանյան քաղաքներում ընտրությունների արդյունքները։ Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, Վլադիմիր Պուտինը պարտվել է Երևանում, սակայն հաղթել է Գյումրիում։ Հիշեցնենք, որ Հայաստանում գործում էր 5 ընտրատեղամաս։

Ըստ հրապարակված տվյալներում՝ Երևանում հաղթել է Վլադիսլավ Դավանկովը։ Հայաստանի մայրաքաղաքում են քվեարկել նաև Վրաստանից ժամանած ՌԴ քաղաքացիները, քանի որ այդ երկրում չկային ռուսական ընտրատեղամասեր։

Երևանում Պուտինը ստացել է ձայների 32,87 %-ը, փոխարենը Դավանկովի օգտին քվեարկել է ընտրողների 49,85 %-ը։ Գյումրիում Պուտինը հաղթել է՝ ստանալով քվեների 58,14 %-ը։ Գյումրիում պատկերն ունի հետևյալ տեսքը. Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 2,20 տոկոսը կամ 29 ձայն, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 30,66 տոկոսը, կամ 405 ձայն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 2,42 տոկոսը կամ 32 ձայն, իսկ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 58,14 տոկոսը, կամ 768 ձայն։

ՌԴ ԿԸՀ փոխանցմամբ՝ Գյումրիում գործում էր երեք ընտրատեղամաս և դրանք տեղակայված են եղել ռուսական 102-րդ ռազմաբազայում և ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ Երևանում էլ ընտրատեղամասը եղել է ՌԴ դեսպանության տարածքում։

Երևանում Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 1,82 տոկոսը կամ 127 ձայն, Վլադիսլավ Դավանկովը՝ 49,85 տոկոսը կամ 3 474 ձայն, Վլադիմիր Պուտինը՝ 32,87 տոկոսը կամ 2 291 ձայն, Լեոնիդ Սլուցկին՝ 1,58 տոկոսը կամ 110 ձայն։

«Агентствo» գործակալության փոխանցմամբ՝ Երևանից զատ Պուտինը պարտվել է նաև Վարշավայում, Պրահայում, Հաագայում, Վիլնյուսում, Հայֆայում, Լոնդոնում, բայց հաղթել Բաքվում, Բիշքեկում, Գենուայում, Պհուկետում, Սեուլում, Սոֆիայում, Տալլինում և Տաշքենդում:

Ռուսական կողմը նշում է, որ քվեաթերթիկների 100 %-ի հաշվարկման արդյունքում հաղթել է Վլադիմիր Պուտինը, որը ստացել է ձայների 87,28%-ը։ Սա այն դեպքում, երբ այս ընտրություններին փաստացի չէր մասնակցում որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ։ 

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան/Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter