HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տնօրենի փոփոխությունից հետո «Նաիրի» հրատարակչության դեմ հայցեր են ներկայացվել դատարան, հաղորդում՝ Դատախազություն

«Նաիրի հրատարակչություն» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը 2020թ. սեպտեմբերին որոշել է փոխել ընկերության տնօրենին և ընտրել Քնարիկ Մարգարյանին: Նախկին տնօրեն Արմեն Վարդանյանը չի հաշտվում այդ մտքի հետ: Նա և իր 89-ամյա մայրը, որը եղել է ընկերության հաշվապահը, տնօրենի փոփոխությունից ի վեր, ընկերության դեմ արդեն 6 հայցադիմում են ներկայացրել դատարան և դժվարացրել կառավարումը: Երկու կողմերը քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդումներ են ներկայացրել իրավապահ մարմիններին:

2020թ. սեպտեմբերի 11-ին «Նաիրի» հրատարակչությունում տեղի է ունեցել բաժնետերերի ժողով: Օրակարգային հարցը եղել է տնօրենի ընտրությունը: Քնարիկ Մարգարյանի պատմելով՝ ժողովին ներկա է եղել նաև այդ ժամանակվա տնօրեն Արմեն Վարդանյանը: Սակայն, քվորում չլինելու պատճառով ժողովը չի կայացել և հայտարարվել է, որ հաջորդ ժողովը կկայանա օրեր անց՝ սեպտեմբերի 23-ին: Այդ օրը ժողովը կայացել է, որին չի ներկայացել Արմեն Վարդանյանը: Հենց այդ ժողովի ժամանակ դադարեցվել են տնօրեն Արմեն Վարդանյանի լիազորությունները, և նոր տնօրեն է ընտրվել Քնարիկ Մարգարյանը:

Ք. Մարգարյանի փոխանցմամբ՝ ժողովից օրեր անց սկսվել է 44-օրյա պատերազմը, և ընդհանուր հոգեբանական վիճակը հաշվի առնելով՝ պետական ռեգիստրում չի գրանցվել իր տնօրեն ընտրվելու փաստը: Այն արվել է 2021թ. հունվարին: 

2021թ. փետրվարի 5-ին, Արմեն Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Նաիրի» հրատարակչության և Քնարիկ Մարգարյանի՝ 23.09.2020թ. ժողովի արձանագրությունը և դրա հիման վրա 19.01.2021թ. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ տնօրենի փոփոխության պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:  Վերջինս, Ա. Վարդանյանի միջնորդության հիման վրա, հայցի ապահովում է կիրառել՝ արգելելով Քնարիկ Մարգարյանին «Նաիրի հրատարակչություն» ՓԲԸ-ի տնօրենի լիազորությունների իրականացումը: Այս քաղաքացիական գործին կանդրադառնանք ավելի ուշ:

2021թ. մարտի 9-ին հրավիրվել է ընկերության բաժնետերերի արտահերթ ժողով: Օրակարգում եղել են Քնարիկ Մարգարյանի տնօրենի ընտրության վստահության հաստատման և խորհրդի անդամների ընտրության հարցերը: Ք. Մարգարյանի փոխանցմամբ՝ իր տնօրեն լինելու հանգամանքը վերահաստատվել է 54,3% ձայներով, և ընտրվել են խորհրդի նոր անդամներ:

Ըստ Ք. Մարգարյանի՝ խորհրդի անդամների ընտրություն պետք է տեղի ունենա ամեն տարի, սակայն 2016թ․-ից նոր անդամների ընտրություն տեղի չի ունեցել: Արմեն Վարդանյանը եղել է խորհրդի նախագահ, մայրը՝ խորհրդի անդամ, և մի քանի համակիրներով տարիներ շարունակ պահել են խորհուրդը:

2021թ. նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ներկայացրել «Նաիրի հրատարակչություն» ՓԲԸ-ի արդեն նախկին տնօրեն Արմեն Վարդանյանը և հայտնել, որ Քնարիկ Մարգարյանը կազմել է վերը նշված երկու ժողովների կեղծ արձանագրություններ, որոնց հիման վրա դարձել է տնօրեն և այն գրանցել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Հարուցվել է քրեական գործ:

Արմեն Վարդանյանը հայտնել է, թե ներկայացվել է բաժնետերերի կեղծ ցուցակ, իսկ 34 հոգի ծանուցված չի եղել ժողովի մասին, հետևաբար չէր կարող մասնակցությունը 30%-ից ավել լինել: Բացի այդ, հայտնել է, որ 2021թ. մարտի 9-ի արտահերթ ժողովին ներկա է եղել, պահանջել է ներկայացնել բաժնետերերի ցուցակ, որի հիման վրա ցանկանում են ժողով անցկացնել, սակայն Ք. Մարգարյանը հրաժարվել է ցուցակը տալ:

Քրեական գործի շրջանակում Ք. Մանուկյանը ցուցմունք է տվել, որ այդ ժողովները տեղի են ունեցել, ինքը որևէ կեղծիք թույլ չի տվել: Հայտնել է, որ Ա. Վարդանյանը չի հանձնել նախկին կնիքը, իր մոտ գտնվող ընկերության փաստաթղթերը, չի հանձնել հրատարակչության պահեստը: Քննչական մարմին է ներկայացրել 17 անդորրագիր, որոնք վկայել են 2020թ. սեպտեմբերի 11-ի ժողովին՝ 17 բաժնետիրոջ ծանուցման մասին:  Հայտնել է, որ մյուսներին տեղեկացրել է բանավոր: Նախաքննության ընթացքում, որպես վկա հարցաքննվել են նաև «Նաիրի հրատարակչություն» ՓԲԸ-ի բաժնետերեր: Վերջիններս հայտնել են, որ հստակ չեն հիշում՝ իրենք բաժնետերերի ժողովին մասնակցելու նպատակով ծանուցվել են, թե ոչ:

Որոշվել է Քնարիկ Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ Քրեական օրենսգրքով որևէ հանցանքի բացակայության հիմքով: Արմեն Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այդ որոշումն այժմ վիճարկվում է դատարանում, և մինչև վերջ պայքարելու է:

Տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո Քնարիկ Մարգարյանը ևս հաղորդում է ներկայացրել Դատախազություն՝ հայտնելով ընկերության գումարների պակասորդի մասին: Մասնավորապես՝ հայտնել է, որ Արմեն Վարդանյանը տնօրեն եղած ժամանակ վաճառել է ընկերության գույքը՝ 83 քմ տարածք՝ 21 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Ք. Մարգարյանն ասում է, որ տարածքը չի գնահատվել և մյուս բաժնետերերը տեղեկացված չեն եղել այդ վաճառքի մասին: 2016թ. Ա. Վարդանյանը 68 քմ տարածք վաճառելու հարց է առաջ քաշել բաժնետերերի ժողովին: Սակայն, ժողովը որոշել է ճշտել տարածքի արժեքը, մեկ ամիս անց նոր ժողով հրավիրել և այդ ժամանակ որոշել վաճառքի հարցը: Մինչդեռ, հարցը երկրորդ անգամ ժողովի օրակարգ չի բերվել, և Ք. Մարգարյանը տնօրեն դառնալուց հետո պարզել է, որ Ա. Վարդանյանը 2018թ. ապրիլին վաճառել է ոչ թե 68 քմ տարածք, այլ՝ 83 քմ: Մարգարյանի ասելով՝ գույքը վաճառվել է շուկայականից էժան գնով, և գիտակցելով, որ բաժնետերերի ժողովը դեմ է լինելու այդ գնով գույք օտարելուն, կրկին օրակարգ չի բերել և վաճառել է խորհրդի միջոցով:

Տարածքի վաճառքի 21 մլն դրամ գումարից 11 մլն դրամը գնորդը փոխանցել է ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած 10 մլն դրամի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ: 

Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ այդ հաղորդումը, Քնարիկ Մարգարյանը հաղորդում է ներկայացրել նաև Հակակոռուպցիոն կոմիտե և քրեական վարույթ չի նախաձեռնվել, հետևաբար Քննչական կոմիտեում ևս չպիտի վարույթ նախաձեռնվեր: Քնարիկ Մարգարյանն ասում է, որ այդ ժամանակ հաղորդումը եղել է 10 մլն դրամի անհետացման մասին, բայց քանի որ հետագայում պարզվել է, թե ուր է փոխանցվել այդ գումարը, այդ պատճառով կարճվել է, այժմ էլ պարզվում է այդ ծախսերի օրինականության հարցը:

Արմեն Վարդանյանը Քննչական կոմիտեում հայտնել է, որ 83 քմ տարածքը վաճառելու իրավունք ունեցել է և որևէ խախտում չի արել: Տարածքի գինը որոշվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից, որի նախագահը եղել է ինքը: Տարածքը վաճառվել է շուկայական արժեքով: Նշել է, որ այդ ժամանակ «Նաիրի հրատարակչություն» ՓԲԸ-ն ունեցել է շուրջ 2000 քմ տարածք, և վաճառված 83 քմ տարածքը եղել է ընդհանուր գույքի 3-4%-ը: Հետևաբար այն չէր կարող համարվել խոշոր գործարք, ուստի տնօրենների խորհուրդն իրավունք է ունեցել օտարել այն: 

Ինչ վերաբերում է անհետացած 10 մլն դրամին, ապա ըստ Վարդանյանի, գնորդն այդ գումարը փոխանցել է ընկերության մեկ այլ բանկում բացված հաշվեհամարին: Հաշվեհամարը կցված է եղել քարտային հաշվին, իսկ քարտը եղել է Ա. Վարդանյանի մոտ: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա այլևս տնօրեն չի եղել, այդ գումարներից աշխատավարձի վճարում, ընկերության որոշ ծախսերի վճարումներ է կատարել: Պատճառաբանել է՝ թեև այդ գործարքների ժամանակ տնօրեն չի եղել, սակայն Քնարիկ Մարգարյանն էլ փաստացի տնօրեն չի եղել՝ դատարանի կողմից արգելված է եղել նրա գործունեությունը, հետևաբար իր բոլոր վճարումները բխել են ընկերության շահերից, որպեսզի չգնա սնանկացման:

Ըստ քրեական վարույթի նյութերի՝ ընդհանուր առմամբ «անձնական փոխանցումներով» և «հաշվի համալրում» բանկային գործարքներով Ա. Վարդանյանը ընկերության հաշվից կանխիկացրել է մոտ 4 մլն դրամ: Վարդանյանը նախաքննական մարմնին հայտնել է, որ նշված գումարները ծախսվել են բացառապես ընկերության կարիքների համար, ինչին չի հավատում Ք. Մարգարյանը: Ընդ որում՝ մոտ 2 մլն դրամի գործարք իրականացվել է այն ժամանակ, երբ Ա. Վարդանյանն այլևս տնօրեն չէր:

Ընկերության գլխավոր հաշվապահը եղել է Արմեն Վարդանյանի մայրը՝ այժմ 89-ամյա Օֆելյա Տիտանյանը: Վերջինս աշխատանքից ազատվել է 2021թ․-ին, երբ տնօրեն է դարձել Քնարիկ Մարգարյանը: Այժմ ընկերության հաշվապահությունը պատվիրակվել է մասնավոր ընկերության, որն ըստ Մարգարյանի՝ ավելի էժան է, և խնայվում են հրատարակչության գումարները:

Նոր տնօրենը մի քանի անգամ Օֆելյա Տիտանյանին խնդրել է գալ աշխատավայր, վերադարձնել հաշվապահական փաստաթղթերը և դրամարկղում առկա գումարը: Սակայն, ըստ Ք. Մարգարյանի, նա չի եկել և մինչ օրս չի վերադարձրել ո՛չ փաստաթղթերը, ո՛չ դրամարկղի գումարը, որի չափի վերաբերյալ տեղեկություններ չունեն: 

«Օֆելյա Տիտանյանը մեծ կին է, նույնիսկ համակարգիչ միացնելու ձևը չի իմացել»,- ասում է Ք. Մարգարյանը և հավելում՝ Օֆելյա Տիտանյանին առանց կարգը պահպանելու, այսինքն՝ նախապես ծանուցելու է աշխատանքից ազատել, քանի որ մտավախություն է ունեցել, որ Արմեն Վարդանյանը կարող է մոր միջոցով միջամտել հրատարակչության գործերին: Օ. Տիտանյանը դատական կարգով ընկերությունից ստացել է փոխհատուցում՝ հարկադիր պարապուրդի համար:

Քնարիկ Մարգարյանը՝ Տիտանյանի կողմից փաստաթղթերը և դրամարկղի մնացորդը չհանձնելու վերաբերյալ ևս հաղորդում է ներկայացրել իրավապահներին:

Արմեն Վարդանյանը հակադարձում է՝ նշելով, թե այդ փաստաթղթերը հանձնվել են: Ավելին, հավելում է, որ Քնարիկ Մարգարյանը, եղբոր հետ, կոտրել են պահեստների դռները և տարել ընկերության և իր անձնական գույքը: Մեր հարցին, թե այդ մասին հաղորդում ներկայացրել եք իրավապահ մարմիններին, Ա. Վարդանյանն ասաց՝ մասամբ:

Ք. Մարգարյանն ասում է, որ 2021թ․-ից մինչ օրս հաշվապահության և Արմեն Վարդանյանի աշխատասենյակի դռները փակ են, չի բացում, քանի որ նախաձեռնված վարույթ կա, իսկ իրավապահ մարմիններն էլ դեռ չեն բացել: Ինչ վերաբերում է պահեստների դռները կոտրելուն, ապա Ք. Մարգարյանը նշեց, որ փոխվել են դռան փականները, քանի որ բանալիներն իրեն չեն հանձնվել: Այդ տարածքներից տեղափոխվել է միայն աղբ: Այն հին խաղալիքների, մաշված կոշիկների, կոտրած կահույքի ու անպետք իրերի պահեստ է եղել: Ըստ նրա՝ տարիներ շարունակ ընկերությունը վնաս է կրել, քանի որ տարածքներն աղբի մեջ պահելով՝ չեն հանձնվել վարձակալության: Իր տնօրեն լինելուց հետո բարեկարգվել են, վերանորոգվել և պայմանագրային հիմունքներով հանձնվել են վարձակալության, որից օգտվելու են բոլոր բաժնետերերը:

Տնօրեն դառնալուց հետո, ուսումնասիրելով փաստաթղթերը, Ք.Մարգարյանը պարզել է, որ ընկերությանը պատկանող որոշ տարածքներ տրվել են վարձակալության, այդ գումարները հաշվապահությունով ցույց է տրված, մինչդեռ գումարը չկա: Բացի այդ, Քնարիկ Մարգարյանի փոխանցմամբ՝ Արմեն Վարդանյանն աշխատանքից ազատված է եղել, սակայն ընկերության գույքի վարձակալից 243 հազ. դրամ գումար է վերցրել Դրամարկղային մուտքի օրդերի վրա դրվել է ոչ թե ընկերության կլոր կնիքը, այլ ներքին շրջանառության քառակուսի կնիք, որի վրա գրված է միայն «Նաիրի հրատարակչություն»:

Ք. Մարգարյանը չի բացառվում, որ դրա հարկը վճարվել է, սակայն մնացած գումարը՝ չկա, որևէ տեղ չի երևում:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Թովմասյանը 2022թ. մայիսի 24-ին որոշել է Արմեն Վարդանյանի և նրա մոր՝ Օֆելյա Տիտանյանի վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնել և քրեական վարույթը կարճել: 

Քնարիկ Մարգարյանի փոխանցմամբ՝ քննիչն իրեն համոզել է, որ որոշումը չբողոքարկի: Ասել է՝ հետո լավ իրավաբանի կխնդրի, Ք. Մարգարյանի գործերով կզբաղվի: 

«Սկզբից հավատացի քննիչին, բայց հետո հասկացա, որ ինձ խաբում է: Բողոքարկեցի նրա կարճման որոշումը»,- ասում է Ք. Մագարյանը:

Քննիչի որոշումը բողոքարկելուց հետո 2022թ. հունիսի 1-ին Դատախազությունից գրություն է ստացել, որ վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի նույն բաժին՝ քննության:

Քնարիկ Մարգարյանն ասում է, որ շուտով կլրանա կարճման որոշումը վերացնելու 2-րդ տարին, սակայն գործով որևէ շարժ չկա:

Դատարանն ընդունում է ստորագրված ծանուցագրերը, բայց ստորագրողին՝ ոչ

Ինչպես նշել էինք վերևում, տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Արմեն Վարդանյանը ու գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած մայրը՝ Օֆելյա Տիտանյանը, 6 հայցադիմում են ներկայացրել «Նաիրի հրատարակչություն» ՓԲԸ-ի ու Քնարիկ Մարգարյանի դեմ: Դատարանի որոշմամբ արգելվել էր Ք. Մարգարյանի գործունեությունը, որպես ընկերության տնօրեն:

Հայցադիմումներից մեկը վերաբերում է Քնարիկ Մարգարյանի՝ 2020թ. սեպտեմբերի 23-ի ընտրությանը, մյուսը՝ 2021թ. մարտի 9-ի՝ խորհրդի անդամների ընտրությանն ու Ք. Մարգարյանի վստահության հաստատմանը: Արմեն Վարդանյանը պնդում է, որ այդ ժողովների արձանագրությունները կեղծված են:

Քնարիկ Մարգարյանը հակադարձում է, որ Արմեն Վարդանյանը տեղյակ է եղել ժողովների մասին, սակայն 2020թ. ժողովին չի մասնակցել, իսկ 2021թ. մարտի ժողովին՝ ներկա է գտնվել և տեսել է, որ ժողովը կայացել է:

2021թ. մարտի 9-ի վստահության հաստատման քվեն ստանալուց հետո Քնարիկ Մարգարյանը իր նկատմամբ կիրառված արգելքը վերացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ ընկերության տնօրենի լիազորությունների կատարման արգելքն ուղղակիորեն հանդիսանում է ընկերության գործունեության արգելք: Ստեղծում է էական խոչընդոտներ իրավաբանական անձի գործունեության համար և հանգեցնում է այդ գործունեության անհնարինությանը: Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը, հաշվապահական հաշվառման, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների կազմակերպումն ու ներկայացումը, 4 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, հարկերի և տուրքերի վճարումը, ինչպես նաև այլ՝ ընկերության գոյության և բնականոն գործունեության համար կենսական նշանակության լիազորություններ և պարտականություններ, որոնք պատկանում և դրվում են բացառապես ընկերության տնօրենի վրա, սահմանափակվում են գործով բավարարված հայցի ապահովման միջոցի կիրառմամբ: Դատարանը մերժել է Ք. Մարգարյանի միջնորդությունը: 

Դատարանը բավարարել է միջնորդությունը և մարտի 19-ին արգելանքը վերացրել է: Արմեն Վարդանյանը բողոքարկել է արգելանքը վերացնելու դատարանի որոշումը:

Ապրիլի 23-ին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն արտահերթ նիստ է հրավիրել և որոշել է ընկերության գործունեությունը կաթվածահար չանելու համար Ք. Մարգարյանին ազատել տնօրենի պաշտոնից և նրան դարձնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի արգելքը նրա վրա չկիրառվի և կարողանա ղեկավարել ՓԲԸ-ն:

Քնարիկ Մարգարյանի ասելով՝ երբ դիմել է պաշտոնակատար լինելը պետական ռեգիստրում գրանցելու համար, վերջինս լսումներ է կազմակերպել: Այդ ընթացքում Արմեն Վարդանյանի բողոքի հիման վրա Վերաքննիչ քաղաքացիական դատարանը արգելանք է կիրառել Քնարիկ Մարգարյանի նկատմամբ և պետական ռեգիստրը չի գրանցել Մարգարյանի՝ ժամանակավոր պաշտոնակատար լինելու փաստը։ 

Այս գործով Քնարիկ Մարգարյանի վերաբերյալ մասը կարճվել է՝ հիմք ընդունելով ժողովի որոշումը՝ ժամանակավոր պաշտոնակատար լինելու մասին: Ընկերության և ռեգիստրի դեմ գործի քննությունը շարունակվում է առանձին վարույթով: 

Արմեն Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան  (դատավոր՝ Ե. Եսոյան)՝ պահանջելով անվավեր ճանաչել նաև բաժնետերերի ժողովի 23.04.2021թ. արձանագրությունը, որով Քնարիկ Մարգարյանը դարձել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Քանի որ այդ որոշումը ևս վիճարկվում է, Քնարիկ Մարգարյանի պաշտոնակատար լինելը պետական ռեգիստրում դարձյալ չի գրանցվել: 

Դատավոր Լիլիթ Սարգսյանի վարույթում է եղել Քնարիկ Մարգարյանի տնօրեն ընտրվելու և խորհրդի անդամներ ընտրվելու վերաբերյալ դատական գործերը: Վերջինս տեղափոխվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, և գործերի քննությունը սկսվել է սկզբից:

Ուշագրավն այն է, որ երկու գործերն էլ մակագրվել են Լիլիթ Սարգսյանի եղբոր կնոջը՝ Աննա Շիլաջյանին: Վերջինս դատավոր է նշանակվել 2023թ. մայիսի 8-ին: Մինչ այդ աշխատել է Դատական դեպարտամենտում:

Քնարիկ Մարգարյանը պատմում է, որ այն գործերով, որտեղ պատասխանողը «Նաիրի հրատարակչություն» ՓԲԸ-ն է, դատավոր Աննա Շիլաջյանը թույլ չի տալիս, որ ինքը, որպես տնօրեն, մասնակցի նիստերին: Պահանջում է, որ Մարգարյանը պետական ռեգիստրից բերի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար լինելու փաստաթուղթ: Մինչդեռ արգելանքի պայմաններում չի կարողացել այն պետռեգիստրում գրանցել, այժմ էլ ժողովի այդ որոշումը վիճարկվում է:

Այստեղ ուշագրավն այն է, որ դատարանի՝ «Նաիրի հրատարակչություն» ՓԲԸ-ին ուղարկած ծանուցագրերը ստանում է Քնարիկ Մարգարյանը: Դատարանը համարում է, որ ընկերությունը ծանուցված է, քանի որ ստացել է ծաուցագրերը, սակայն այդ ծանուցագրերը ստորագրող Քնարիկ Մարգարյանին չի ընդունում որպես տնօրեն և ընկերության ներկայացուցիչ:

Քնարիկ Մարգարյանի փոխանցմամբ՝ Շիլաջյանի վարույթում գտնվող գործերով, երբ պատասխանող կողմում ընկերությունն է, ինքը նստում է դահլիճում և լսում է, կողմ չի ներգրավվում: Հերթական նիստի ընդմիջման ժամանակ Մարգարյանն Աննա Շիլաջյանին ասել է, որ ծանուցագրերն ինքն է ստանում, այդ դեպքում, ինչպես է համարում, որ հրատարակչությունը պատշաճ ծանուցվել է, երբ իրեն արգելում է այդ գործով մասնակցել նիստին: Ըստ Ք. Մարգարյանի՝ դատավորն ասել է, թե դա իրեն չի հետաքրքրում, իրենք ծանուցել են «Նաիրի հրատարակչությանը»: Սա այն դեպքում, երբ այլ դատավորի վարույթում գտնվող գործով Քնարիկ Մարգարյանը ներկայացնում է նաև ընկերության շահերը, և որևէ խնդիր չի առաջանում:

Քնարիկ Մարգարյանը նույնիսկ դատարանի գրասենյակ գրություն է մուտք արել, որով տեղեկացրել է դատավոր Շիլաջյանին, որ ինքն է ստանում հրատարակչությանն ուղարկված նամակները՝ թողնելով ստորագրության իր նմուշը:

Քնարիկ Մարգարյանը հայտնում է, որ Աննա Շիլաջյանն իր կողմնակալ վերաբերմունքը նույնիսկ չի էլ թաքցնում:  Դատական նիստերից մեկի ավարտից հետո Մարգարյանը դուրս է եկել դահլիճից, սակայն չհիշելով հաջորդ նիստի ժամը, վերադարձել է ու լսել, թե ինչպես է Աննա Շիլաջյանը հայցվոր կողմին ասում՝ «մյուս դատին էլ չեմ թողնելու մասնակցի»: Մարգարյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, սակայն Շիլաջյանը չի ընդունել:  

Այժմ այդ գործերով «Նաիրի» հրատարակչության շահերը ներկայացնող չկա, քանի որ այդ գործառույթը վերապահված է տնօրենին: Վերջինս միայն կարող է լիազորագիր տալ, որպեսզի այլ անձ ներկայացնի ընկերության շահերը: Սակայն դատավորը տնօրենի լիազորությունները չի ճանաչում: Ամեն նիստի ժամանակ հայտարարվում է, որ հրատարակչությունը պատշաճ ծանուցվել է, սակայն դատական նիստին չի ներկայացել, իսկ այդ ժամանակ տնօրեն Քնարիկ Մարգարյանը մնում է դահլիճում նստած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter