ԱԺ-ն քննարկել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Փոխնախարարի խոսքով արդեն գործող վարկով իրականացվում է Հայաստանի 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն: Նա տեղեկացրել է, որ արձանագրվել են նախագծերի գնահատականների, շինարարության գների, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ներգրավվելու լրացուցիչ միջոցներ՝ ծրագիրը ավարտին հասցնելու համար:
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ այս վարկային ծրագրի շրջանակում վերանայվել է քաղաքաշինության ոլորտի նորմատիվային բազան: Ամրագրվել է 9 բալի սեյսմակայունություն, եւ բոլոր ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներն իրականացվում են այդ պահանջներին համապատասխան:
Հիմնական զեկուցողը նշել է, որ մինչ այժմ իրականացվել են 10.700 աշակերտի համար նախատեսված շինարարական աշխատանքներ, մինչդեռ ամբողջ ծրագիրը նախատեսում է 46 դպրոցի՝ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Նա հավելել է, որ ծախսվել է ֆինանսական միջոցների 80 տոկոսը:
«Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է ծրագրի ամբողջական իրականացման նպատակով ներգրավվել 66,1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ վարկ»,- նշել է Վաչե Տերտերյանը:
Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հարցին, թե երբ կավարտվեն 46 դպրոցների շինարարական աշխատանքները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել եւ շահագործման է հանձնվել 16 դպրոց: Նրա խոսքով ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսվում է մինչեւ 2026 թվական եւ 10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնց շրջանակում կլինեն դպրոցներ, որոնց շինարարական աշխատանքները կավարտվեն 2027 թվականին:
Հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
Մեկնաբանել