HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

24 անձ է ձերբակալվել ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով․ նրաց թվում են «Մարտական Եղբայրություն» միության անդամները

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով վաղ առավոտյան ձերբակալվել է 24 անձ։ Այս մասին «Հետքին» հայտնեց Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ այս մասին հաղորդում չունեն և դրա հիման վրա նախաձեռնված վարույթ չունեն։

«Մարտական Եղբայրություն» միությունից հայտնում են, որ ձերբակալվածների թվում են միության անդամներ։ Գայանե Ղազարյանը, որ «Մարտական Եղբայրություն» միության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի կինն է, մեզ փոխանցեց, որ իր տեղեկություններով՝ այս պահին ձերբակալվել են միության անդամներից իր ամուսինը, Մասիս Շիրոյանը, Ավետիս Ավետիսյանը, Գոռ Սարգսյանը, Սիրանուշ Գրիգորյանը։

Թեև ոստիկանությունը ձերբակալման հիմքում դրել է ապօրինի զենք-զինամթերք կրելը և պահելը, «Մարտական Եղբայրություն» միությունը և Գայանե Ղազարյանը պնդում են, որ հիմնական պատճառը միության անդամերի կողմից Վերին Ոսկեպար պլանավորած այցն է։ 

Գայանե Ղազարյանի խոսքով՝ արդեն մոտ մեկ տարի է՝ միության անդամները տեղի բնակչության ու ցանկացողների համար ռազմական մարզումներ էին անցկացնում, սակայն Փաշինյանի` մարտի 18-ի այցից հետո այլևս թույլ չեն տալիս, և սա Փաշինյանի այցից հետո առաջին կիրակին էր, որ պետք է գնային։

Միության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ՝ մարտի 23-ին, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանից զրուցելու հրավեր էր ստացել։ Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնել է, որ չեն թույլատրելու «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար: Վարդան Վարդանյանը հայտնել է նաև, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, համաձայն տեղեկությունների, որոնք ինքը չի կարող հայտնել: Սակայն միությունը այս զրույցից հետո այնուամենայնիվ որոշել էր, որ այցը Ոսկեպար տեղի է ունենալու՝ ըստ նախապես պլանավորածի:

«Մարտական Եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ չնայած ձերբակալություններին՝ միության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։

«Վերջին տվյալներով՝ բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։ Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին»,- նշված է գրառման մեջ։

«Մարտական եղբայրություն» միությունը մտահղացվել է և ձևավորվել 2021 թվականի ամռանը՝ հուլիս-օգոստոս ամսիներին տեղի ունեցած հիմնադիր կորիզի քննարկումներում, և հրապարակայնորեն հռչակվել է 2021-ի սեպտեմբերի 2-ին, ինչպես նաև 2020-ի պատերազմի մեկ տարվան նվիրված Մարտական եղբայրության հիմնադիր հավաքում, որը տեղի է ունեցել 2021-ի սեպտեմբերի 26-ին Սարդարապատում:

Մարտական եղբայրության հիմնադիր անդամների կորիզը՝ 2020 թվականի պատերազմի մասնակիցներն են, սակայն անդամությունը սահմանափակված չէ միայն պատերազմի մասնակիցներով: Միաբանության մաս լինելու պարտադիր պայմաններից է գաղափարականը, որի սկզբունքները շարադրված են Մարտական եղբայրության հիմնադիր փաստաթղթերում:

«Մարտական եղբայրության առավել հիմնական գաղափարներն են՝ նախ՝ անմնացորդ նվիրվածությունը Հայաստանի անկախությանը՝ բացառելով որևէ զիջում այդ հարցում:

Երկրորդ՝ պայքար և ինքնապաշտպանություն, որը նշանակում է, որ մեր պայքարն առաջին հերթին մեր ուսերին է, և պետք է վարվի սեփական ուժերի վրա հենքով՝ այդ ուժերի կենտրոնացմամբ և համախմբամբ: Չբացառելով դաշնակցային հարաբերություն որևէ արտաքին ուժի հետ, Մարտական եղբայրության գաղափարաբանությունը շեշտում է նախևառաջ հենքը սեփական ուժի վրա, որի դեպքում է միայն հնարավոր ձեռք բերել իրական դաշնակիցներ»,- նշված է միության կայքէջում։

Գլխավոր լուսանկարում՝ «Մարտական միության» անդամները

Լուսանկարը՝ «Մարտական միության» կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter