
Մեկ ամսում 4 դատավոր հրաժարականի դիմում է ներկայացրել
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները` հիմք ընդունելով դատավորի հրաժարականի դիմումը: Վերջին մեկ ամսվա ընթացքում 4 դատավոր է հրաժարականի դիմում ներկայացրել:
Փետրվարի 26-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արշակ Վարդանյանը: ԲԴԽ-ն նույն օրը դադարեցրել էր դատավորի լիազորությունները:
Օրեր անց՝ մարտի 5-ին, հրաժարականի դիմում էր գրել միանգամից երկու դատավոր՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Սերգեյ Մարաբյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը: Դիմումների հաջորդ օրը՝ մարտի 6-ին, ԲԴԽ-ն որոշել էր դադարած համարել երկու դատավորի լիազորությունները:
Այսօր էլ դադարեցվեց Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները:
Մնացականյանը դատավորի կարիերան սկսել էր 2013թ․-ից՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից: Այնուհետև 6 տարի աշխատել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն, որոշել էր առաջխաղացման փոխարեն «հետ գնալ» և դատավորի պաշտոնում աշխատել առաջին ատյանի դատարանում:
ԲԴԽ-ն 2023թ. հունվարի 25-ին որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Նախագահը հունվարի 30-ին վերաքննիչ դատարանի դատավորին նշանակել էր առաջին ատյանի դատարանի դատավոր: Մնացականյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր նախաձեռնությունն է եղել առաջին ատյանի դատարան վերադառնալը:
Արշակ Վարդանյանը դատավոր էր դարձել 2011թ․-ին՝ նշանակվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2018թ. հոկտեմբերից՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Սերգեյ Մարաբյանը ևս նորանշանակ դատավոր չէր: Դատարանի կարիերան սկսել էր մոտ 9 տարի առաջ՝ 2014թ. դեկտեմբերից: Սկզբում դատավոր է աշխատել Արագածոտնի մարզային դատարանում, այնուհետև՝ տեղափոխվել Երևան:
Կարեն Մարդանյանը դատավոր էր 2008-ից: Սկզբում նշանակվել է Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ 2016թ․-ից դատավոր է աշխատել Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, 2017թ․-ից՝ Վերաքննիչ քրեական դատարանում:
Բարձրագույն դատական խորհրդից հետաքրքրվել ենք, թե որն է դատավորների՝ հրաժարականների դիմումների պատճառը: Այլևս դատավորի պաշտոնը գրավիչ չէ՞, թե՞ այլ պատճառներ կան: ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանի փոխանցմամբ՝ 4 դիմումից միայն մեկում է նշվել հրաժարականի պատճառը: Մասնավորապես՝ Սերգեյ Մարաբյանը դիմումում նշել է, որ ցանկանում է զբաղվել գիտական և իրավապաշտպան գործունեությամբ:
«Միաժամանակ, 4 դատավորից 2-ը ցանկություն է հայտնել մասնակցել իրենց դիմումի քննարկման նիստին: Մասնավորապես՝ պարոն Մարաբյանը և պարոն Մարդանյանը սահմանված կարգով հրավիրվել են իրենց դիմումների քննարկման նիստին և պատասխանելով ԲԴԽ անդամների հարցերին՝ լրացուցիչ տեղեկատվություն չեն տրամադրել»,- ասում է Լիլիթ Շաբոյանը՝ հավելելով, որ դատավորներն իրենք են հրաժարականի դիմումներ ներկայացրել, հետևաբար անձնական պատճառների մասին չեն կարող որևէ պարզաբանում ներկայացնել:
Հրաժարականի դիմում ներկայացրած դատավորները խուսափում են այդ թեմայով մամուլի ներկայացուցիչների հետ խոսել:
Լուսանկարում վերևում ձախից՝ Կարեն Մարդանյանը, Սերգեյ Մարաբյանը, ներքևում ձախից՝ Արշակ Վարդանյանը, Անդրանիկ Մնացականյանը
Մեկնաբանել